Պատմական հանդիպում Շենժենում. ինչի շուրջ են պայմանավորվել Պեկինը, Վաշինգտոնն ու Մոսկվան

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի երեք խոշորագույն միջուկային տերությունների՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները հանդիպել են եռակողմ ձևաչափով. Շենժենում Սի Ծինփինը, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը մոտ մեկուկես ժամ քննարկել են գլոբալ անվտանգությանն ու միջուկային սպառազինության վերահսկողությանը վերաբերող հարցեր։ Բանակցությունների արդյունքներով ընդունվել է Խաղաղության մասին համատեղ հռչակագիր, որտեղ առաջնորդները կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի բարեփոխմանն ու քննադատել Միջազգային քրեական դատարանի գործողությունները, իսկ Ուկրաինայի պատերազմի թեման փաստաթղթում տեղ չի գտել։

Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում հանդիպել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Եռակողմ հանդիպումից առաջ Թրամփն ու Պուտինը մոտ քառասուն րոպե առանձին զրուցել են։ ԱՄՆ նախագահը բանակցությունների սենյակ է մտել կատակելով։

«Ո՞վ է նա։ Նա իմ ընկերն է։ Մենք երկար տարիներ է՝ հիանալի հարաբերություններ ունենք»։

Չինաստանը, սակայն, բարձրաստիճան երկու հյուրերին նույն ջերմությամբ չի ընդունել։ Թրամփին օդանավակայանում դիմավորել և գրկել է անձամբ նախագահ Սի Ծինփինը, ինչը որպես նախագահ նախկինում երբեք չէր արել, իսկ Պուտինին դիմավորել է Չինաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, որի պաշտոնը իշխանական հիերարխիայում հինգերորդն է։

Երեկոյան ընդունելությանը Թրամփի մուտքի ժամանակ հնչել է ԱՄՆ օրհներգը, Պուտինի մուտքի ժամանակ՝ հատված «Շչելկունչիկ» բալետից։ Արևմտյան լրատվամիջոցներն այս դրվագներում ենթատեքստեր են տեսել, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները շրջանցել են դրանք։

Բանակցությունների սեղանի շուրջ իրավիճակն արդեն այլ է եղել։ Եռակողմ հանդիպման մեկնարկին Սին նշել է, որ Չինաստանը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է օրինակ ծառայեն աշխարհին՝ համագործակցելով գլոբալ խնդիրների լուծման հարցում։ Չինաստանի նախագահի խոսքով՝ մարդկությունն ապրում է «գլոբալ գյուղում», որտեղ «բոլորի ճակատագրերը փոխկապակցված են»։

«Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է օրինակ ծառայեն համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելու, աշխարհում խաղաղությունն ու կայունությունը համատեղ պահպանելու գործում»։

Պուտինն իր հերթին անդրադարձել է նրան, թե ինչն է միավորում երեք երկրներին։

«Մեր պետություններին միավորում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրների կարգավիճակը, այլև, որ գլխավորն է, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեղ պատասխանատվությունը»։

Այդ պատասխանատվության ամենածանր մասը միջուկային սպառազինությանն առնչվող հարցերն են։

Պեկինը տարիներ շարունակ հրաժարվում է միջուկային զինանոցին առնչվող հարցերը Վաշինգտոնի հետ քննարկելուց՝ պնդելով, որ սպառազինության կրճատման շուրջ բանակցությունները նախևառաջ պետք է վարեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որոնք անհամեմատ ավելի մեծ զինանոց ունեն։ Բացի այդ՝ փետրվարին լրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինության վերահսկման վերջին համաձայնագրի գործողության ժամկետը, և դադարել են գործել պայմանագրային սահմանափակումները։

Ամերիկայում շատերը, այդ թվում՝ նախագահի կուսակիցները, զգուշացնում են, որ Ռուսաստանն ու Չինաստանը Նահանգների բարեկամները չեն։ Այդ քննադատությանը Թրամփը պատասխանել է հենց հանդիպման ժամանակ։

«Ոչ մի խաղաղություն երբեք չի կերտվել՝ երկխոսության հնարավորություններից հրաժարվելով։ Մենք միասին այլ ճանապարհ ենք ընտրում»։

Ուկրաինայի պատերազմի հարցում կողմերի մոտեցումները տարբեր էին․ այն առաջնային էր Մոսկվայի, ոչ այնքան՝ Վաշինգտոնի ու Պեկինի համար։ Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրը լրագրողներին ասել էր, որ Ուկրաինայի պատերազմը եռակողմ հանդիպմանը հազիվ թե քննարկվի, քանի որ «վերջին շրջանում ռուսական կողմի հետ բազմաթիվ շփումներ են եղել»։ Թեման  օրակարգ ներառելու հարցում  շահագրգռված չէր նաև Պեկինը։

Մոսկվայի համար, սակայն, հարցն առաջնային էր, և Թրամփն ինքը Սիից ու Պուտինից օգնություն խնդրեց պատերազմը դադարեցնելու համար։ Պուտինի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թրամփի հետ առանձնազրույցի գլխավոր թեման հենց Ուկրաինան էր։ Նրա խոսքով՝ Պուտինը զրույցից հետո լավ տրամադրություն է ունեցել։ Իսկ արդյունքների մասին Ուշակովն ավելի զուսպ է արտահայտվել։

«Առանձնապես կարևոր հայտարարություններ կողմերից ոչ մեկը չի արել»։

Կիևն այս բանակցություններին չէր մասնակցում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճիշտ չի համարում, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպում է առանց Ուկրաինայի։ Նախօրեին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը բավարար լծակներ ունեն Մոսկվային կանգնեցնելու համար և նշել է, թե որոնք են դրանք։

«Եթե Չինաստանն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեն կամ հայտարարեն, որ կկիրառեն և դադարեցնեն արտահանումն ու ներմուծումը Ռուսաստանի հետ, դա կլինի պատերազմի ավարտը»։

Շենժենում բոլորի հայացքն ուղղված էր Չինաստանին։ Վաշինգտոնը Պեկինից աջակցություն էր ակնկալում միջուկային զենքի և Ուկրաինայի հարցում։ Մոսկվան հույս ուներ, որ Չինաստանի օգնությամբ կհամոզի Թրամփին ճնշում գործադրել Կիևի վրա և պատերազմն ավարտել ռուսական պայմաններով։ Կիևը, ընդհակառակը, սպասում էր, որ Պեկինը ճնշում կգործադրի Մոսկվայի վրա։

Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է «Խաղաղության մասին» հռչակագրի ընդունմամբ։ Առաջնորդներն ընդգծում են, որ «միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ», և նշում, որ «երկխոսություն կվարեն՝ ուղղված միջուկային վտանգների նվազեցմանը և միջուկային զենքի տարածման կանխարգելմանը»։ Ուկրաինայում պատերազմի թեման փաստաթղթում չի շոշափվում։

Leave a Comment