Սահմանների բացումից մինչև ԵՄ անդամակցություն․ ի՞նչ է փոխվում Հայաստանի արտաքին քաղաքականությունում

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը շատ մոտ ենք՝ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց Դուբլինում վարչապետի հնչեցրած ուղերձը շատ ավելի լայն էր, քան հայ-թուրքական կարգավորման մասին լավատեսությունը։ Նա խոսել է Հայաստանի՝ 20 տարի անց Եվրամիության կազմում լինելու հեռանկարի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության, Ռուսաստանի հետ հարաբերությունների և առաջիկա բանակցությունների մասին։ Մինչդեռ ընդդիմությունը եվրոպական աջակցությունն ու խաղաղության օրակարգը համարում է անբավարար՝ անվտանգության իրական երաշխիքներ ունենալու համար։ Ի՞նչ կա քաղաքական հայտարարությունների հետևում, և որո՞նք են դեռ չլուծված հարցերը։

Դուբլինում՝ Իռլանդիայի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին է խոսել։ Իռլանդացի փորձագետների հարցերին պատասխանելիս վարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության երկարաժամկետ տեսլականը։

«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»,- հայտարարել է Փաշինյանը։

Սա, սակայն, չի նշանակում, որ Երևանը պատրաստվում է անմիջապես հրաժարվել Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններից։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի նպատակն է քաղաքացիներին այլընտրանք առաջարկել, քանի որ երկիրը երկար ժամանակ արտաքին քաղաքական ընտրության հնարավորություն չունենալու ընկալման մեջ է եղել։

Փաշինյանը միաժամանակ ընդունել է, որ երկու տնտեսական միությունների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամակցությունը համատեղելի չէ։

«Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ»։

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս վարչապետն ընդգծել է, որ եվրոպական ուղղությամբ Հայաստանի ակտիվությունը Մոսկվայից հեռանալու նպատակ չունի։ Ավելին՝ հայտարարել է, որ դեկտեմբերին երեք անգամ մեկնելու է Ռուսաստան՝ բանակցությունների։

«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»։

Այդ հավասարակշռության գործնական կողմը, սակայն, հարցեր է առաջացնում։ Դուբլինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում եվրոպական երկրների մի խումբ հայտարարությամբ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանը, տնտեսական և էներգետիկ անկախությանը։ Փաստաթղթում խոսվում է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումների մասին։

Բայց Հայաստանը չի միացել նույն գագաթնաժողովի շրջանակում ընդունված՝ եվրոպական անվտանգության սկզբունքների վերաբերյալ մեկ այլ փաստաթղթի։ Դրա ստորագրած երկրները դատապարտել են Ռուսաստանի հիբրիդային գործողությունները և հայտարարել դրանց հակազդելու մասին։ Թե ինչու Երևանը չի միացել փաստաթղթին, վարչապետի և արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակները մեկնաբանություն չեն տվել։ Փաշինյանը Դուբլինում անուղղակիորեն էր խոսել այս մասին։

«Մեր նպատակը չէ խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»։

Այս հանգամանքներն ընդդիմության քննադատության առիթ են դարձել։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Դուբլինում Հայաստանի վերաբերյալ եվրոպական հայտարարությունը բավարար չի համարում։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական առաջնորդների քաղաքական աջակցությունը դեռ անվտանգության երաշխիք չէ, իսկ ընդունված փաստաթղթերը իրավական պարտավորություններ չեն ստեղծում։

Արտաքին քաղաքականության այս լայն համատեքստում առանձնահատուկ տեղ ունի հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։

Դուբլինում Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը շատ մոտ են։ Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահի հետ վերջին հանդիպումը։

«Երկու օր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ, և երկուստեք արձանագրեցինք, որ առաջընթաց ունենք և շատ մոտ ենք վերջին քայլին՝ այն է՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ և լիարժեք բացելու սահմանները»։

Սակայն Անկարայի հրապարակային դիրքորոշումը շարունակում է սահմանափակել այդ լավատեսությունը։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է բացել սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջական համաձայնության հասնելուց հետո։ Փաստացի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է փոխկապակցված մնալ հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։

Սակայն քաղաքական հայտարարություններն ու արդեն կատարված քայլերը համարժեք չեն։ Դեռ 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ, դեռևս կյանքի չի կոչվել։

APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ բավարար քայլեր է արել, մինչդեռ սահմանը բացելու հարցում գործնական առաջընթացը բացակայում է։

«Եթե ավելի լայն կտրվածքով ենք նայում՝ այսինքն ընդհանուր ապաշրջափակում, ներառյալ Հայաստան-Թուրքիա սահմանի ամբողջական բացում, այստեղ ընդհանրապես առայժմ որևէ առաջընթաց չկա։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է պնդել․ չպետք է լինի հայ-թուրքական ամբողջական կարգավորում, քանի դեռ չկա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր»։

Հայ-ադրբեջանական ուղղությամբ, այնուամենայնիվ, կան կոնկրետ զարգացումներ։ Դուբլինում Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն խաղաղության հեռանկարը, այլև տրանսպորտային, տնտեսական և էներգետիկ գործակցության հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 105 հազար տոննա բեռ։ Կողմերը դա դրական զարգացում են համարել։

Նույն հանդիպման ընթացքում քննարկվել է նաև TRIPP ծրագրի երկաթուղային և ավտոմոբիլային բաղադրիչների նախագծումը, Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրական ցանցերի հնարավոր միացումը։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Փաշինյանը Դուբլինում կրկին պատմական հնարավորություն է որակել։

«Այժմ մենք շատ իրատեսական և պատմական շանս ունենք հաստատելու հարատև, վերջնական, մնայուն, տևական, հուսալի խաղաղություն, և աններելի կլիներ չօգտագործել այդ հնարավորությունը»։

Այդուհանդերձ, խաղաղության գործընթացում չլուծված հարցերը պահպանվում են։ Դրանցից առանցքայինը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պահանջն է։ Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է Սահմանադրության փոփոխության հետ՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակներում հենց այս դետալն է շարունակում մնալ ամենաթեժ քննարկվողը։ Նախօրեին սահմանադրության նոր տեքստի քննարկումը առավելապես դրա վրա էլ կենտրոնացել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հրաժարվել էր իր անունից ստորագրել տեքստը, իսկ միպը հայտարարել էր, որ լուրջ վերապահումներ ունի։ Արդարադատության նախարարը խոստացել է` կլսի բոլոր վերապահումները և քննադատությունները` Մայր օրենքը բերելու լավագույն տեսքին։

Leave a Comment