ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հավաքի ժամանակ այսօր քննարկվելու է Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Գագաթնաժողովից առաջ Մոսկվայում համատեղ նիստ էին անցկացրել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները։ Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ է անցկացվում։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այսօր, ի թիվս օրակարգային այլ հարցերի, պետք է քննարկեն նաև Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Ռուսաստանն է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացրել նման որոշման նախագիծ։ Առայժմ տեղեկություններ չկան հարցը քննարկվել է, թե ոչ։ Նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընտրում ՀԱՊԿ-ը բոյկոտելը՝ կազմակերպությունից դուրս գալու փոխարեն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է.
«Մենք չգիտենք, թե ինչ է ակնկալում Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին՝ ակնհայտ է։ Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»։
Նեղ կազմով հանդիպումից տարածված կարճ տեսագրությունում Ռուսաստանի նախագահը նշում է, որ ռուսական կողմը, որպես ՀԱՊԿ-ի գործող նախագահ, բոլոր մասնակիցների հետ համաձայնեցրել է օրակարգը, որը ներառում է ինչպես ռեգիոնալ, այնպես էլ գլոբալ անվտանգության հարցեր, ՀԱՊԿ-ի գործունեության արդյունքների ամփոփում և փոխգործակցության առանձին խնդիրների շուրջ նոր որոշումների ընդունում։
Նշվում է նաև, որ մի շարք բազմակողմ փաստաթղթեր են ստորագրվելու, այդ թվում՝ եզրափակիչ հռչակագիրը և ՀԱՊԿ-ի մինչև 2030 թվականը հակաահաբեկչական ռազմավարությունը, որը պատրաստվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր նախօրեին հայտնել, որ Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու նախագիծ են ներկայացնելու, քանի որ Հայաստանը վաղուց անդամավճար չի տվել․
«Մենք ստիպված ենք քննարկելու նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցը, որը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության բյուջե ամենամյա վճարումներին, և այստեղ երկակի մեկնաբանության լինել չի կարող»։
ՀԱՊԿ-ը գործի է դնում կանոնադրության 25-րդ հոդվածը՝ անդամավճարը չտալու դեպքում զրկել կազմակերպության անդամին քվոտավորված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու ու ձայնի իրավունքներից․
«2024 թ․ից՝ արդեն ավելի քան 2 տարի, Երևանը չի փոխանցում անդամավճարները, ինչի հետ կապված հարց է բարձրացվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթների կիրառման մասին»։
Հայաստանի նկատմամբ սահմանափակումները կպահպանվեն մինչև պարտքի ամբողջական մարումը։ Լավրովն այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների, քարտուղարների կոմիտեի նիստի ավարտին․
«Նույնիսկ այս որոշման ընդունումից հետո, հայ գործընկերները փաստացի պահպանելու են Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում ՝ բուն Հավաքական անվտանգության իրավունքը»։
Այսպիսով, Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չէ Երևանի համար փակել կազմակերպությունում լիարժեք մասնակցությանը վերադառնալու հնարավորությունը։
Մոսկվայում ՀԱՊԿ հերթական հավաքի ժամանակ Հայաստանի անդամակցությունը քննարկելու մասին հայտարարություններին Երևանը անտարբերությամբ է պատասխանել։ Հայ պաշտոնյաները հիմնականում, հղում անելով ՀԱՊԿ կանոնադրությանը, նշել են, որ այն չի նախատեսում երկիրը կառույցից հեռացնելու ընթացակարգ, իսկ նախատեսվող սահմանափակումները չեն կարող որևէ ձևով ազդել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման վրա։ Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ վերադառնալ՝ ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը․
«Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեզ վերադարձնել ՀԱՊԿ՝ չենք տեսնում»։
Նիկոլ Փաշինյանն ավելի էր սրել այս հայտարարությունը, ասելով, որ մեկընդմիշտ պետք է հստակեցնել՝ ՀԱՊԿ-ը Երևանին հետաքրքիր չէ․
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»։
Չնայած հայ պաշտոնյաների հայտարարություններին, Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ՝ անդամակցությունը դադարեցնելու համար։ Ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ կողմ է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա։ Այդ սցենարը, սակայն, երեկ բացառել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին հանել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ էլ ԵԱՏՄ-ից, որովհետև Երևանը այդ կառույցներից որևէ մեկին անդամակցությունը դադարեցնելու դիմում չի ներկայացրել։
Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։
2022-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։
Կազմակերպությանն անդամակցում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։