Անվտանգային նախագի՞ծ, տնտեսական ենթակառուցվա՞ծք, թե՞ խաղաղության երաշխիք․ TRIPP-ը՝ Հայկական երրորդ գագաթնաժողովի առանցքում

TRIPP-ը ոչ միայն տնտեսական և դիվանագիտական նախագիծ է, այլև խաղաղության գործիք ու երաշխիք։ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ձգձգվող խնդիրների պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ իրեն փաստացի մեկուսացրել է տարածաշրջանային գործընթացներից, իսկ հարևան երկրների տրանսպորտային կապերի զարգացումն ընկալել որպես սեփական շահերին ուղղված սպառնալիք։ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի երկրորդ օրվա ընթացքում բանախոսներից շատերն են անդրադարձել TRIPP-ին, սակայն առանցքային է եղել նաև Հայաստան- Սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորման հարցը։  

Անվտանգային նախագի՞ծ, տնտեսական ենթակառուցվա՞ծք, թե՞ խաղաղության պայմանագրի ստորագրումից կախված ծրագիր․ ի՞նչ է TRIPP-ը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը կարծում է, որ առաջին երկու ձևակերպումներն իրար չեն հակասում։

«Թերևս երկու կողմն էլ ճիշտ են՝ բացի երրորդ երրորդ մոտեցումից, ըստ որի՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը նախագիծը չի կարող իրագործվել և խաղաղություն չի բերել։  Վերջին երեք տասնամյակի պատմության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք մեզ տարածաշրջանից դուրս ենք դրել։ Մենք կարծում ենք, թե ապրում ենք ինչ-որ այլ տեղ, և մեզ պահում ենք դրան համապատասխան։ Օրինակ՝ եթե ադրբեջանցին պետք է մի տեղից մյուսը գնա, մեզ համար դա անընդունելի է, անթույլատրելի ու անհասկանալի։ Բայց ինչո՞ւ մենք պետք է տեղաշարժվելու հնարավորություն ունենանք, իսկ հարևան երկիրը չունենա և, առավել ևս, դրա համար ավելի թանկ վճարի»։

Սիմոնյանը շարունակում է հարցերի շարքը․ ինչո՞ւ ենք ստեծում մի իրավիճակ, որտեղ մեզ օտար են ընկալում հենց մեր տարածաշրջանում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումն արդեն իսկ քաղաքական նշանակություն ունի։ Ձևավորվող տնտեսական շահերը կարող են ավելի կայուն հարաբերությունների հիմք դառնալ՝ասում է Սիմոնյանը։

«Խաղաղության հիմնական արտահայտումներից մեկը առևտուրն է և համատեղ շահեր ունենալը։ Մենք Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք։ Շատ երկրներ կան, որ իրար հետ խաղաղության պայմանագիր չունեն։ Ասածս չի նշանակում, որ խաղաղության պայմանագիր չի լինելու։ TRIPP-ը խաղաղության ամենալավ արտահայտումներից մեկն է։ Դա ունի իր անվտանգային նշանակությունը»։

Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը նույնպես կարծում է, որ TRIPP-ը միջազգային հետաքրքրություն է առաջացրել։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ օգոստոսի 8-ի քաղաքական պայմանավորվածություններից հետո նախագծի շուրջ տարվող աշխատանքներն ակտիվացել են, իսկ գործարար հատվածը սկսել է ուսումնասիրել դրա իրականացմանը մասնակցելու հնարավորությունները։

«Բնականաբար, TRIPP-ը լայն հնարավորություն է բացել։ Այն տարբեր փուլերում տարբեր բիզնեսների  է հետաքրքրի լինելու։ Այս պահին ավելի շատ շինարարական կազմակերպություններին է հետաքրքիր, բայց մյուս փուլում և՛ արտահանողների, և՛ ներմուծողների, և՛ տարբեր բիզնեսների  համար է հնարավորություններ բացելու»։

Այդ հնարավորությունները վերաբերելու են նաև Սփյուռքին՝ համաժողովին ասում է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ,  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին  նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Սփյուռքի միջև տնտեսական հարաբերություններն այսօր բովանդակային վերափոխման փուլում են․ հումանիտար օգնություն ուղարկելուց ու ճանապարհներ կառուցելուց դրանք անցնում են գործնական բիզնես հարաբերություններ կառուցելու փուլ։

«Ինչո՞ւ Սփյուռքը ներդրում չի անում Հայաստանում։ Որովհետև մտածողության փոփոխությունը, որ Հայաստանում կարելի է բիզնես անել, նոր է ձևավորվում։ Սփյուռքի մոտեցումը Հայաստանի նկատմամբ հետևյալն է եղել․ մի 50 դոլար, 200, 300 փող ուղարկենք, որտեղ հնարավորություն կա, գանք խաչքար դնենք, մի  մատուռ կամ եկեղեցի սարքենք մեր գյուղի համար։ Ես չեմ քննադատում, բայց դա է եղել նաև Հայաստանի ակնկալիքը Սփյուռքից»։

Համաժողովի մասնակիցներն ընդգծում են՝ ժամանակն է կենտրոնանալ ներդրումային լուրջ ծրագրերի և զարգացման հնարավորությունների վրա։ Գագաթնաժողովը հարթակ է վերանայելու հարաբերությունների ձևաչափն ու բովանդակությունը։

Հիշեցնենք, Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որի նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է, մեկնարկել է նոյեմբերի 5-ին։ Միջոցառումներին մասնակցում է  աշխարհի շուրջ 55 երկրի մոտ 800 ներկայացուցիչ։

Leave a Comment