TRIPP-ը մտնում է նոր փուլ․ երեք երկրները խմբեր են ստեղծում, Հայաստանում դեռ վիճում են նախագծի մեկնարկի պայմանների մասին

TRIPP նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները մտնում են նոր փուլ․ Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը հայտարարում են  եռակողմ տեխնիկական խմբեր ստեղծելու մասին, որոնք առաջ կմղեն նախագծի տրանսպորտային և էներգետիկ բաղադրիչները։ Մինչ մասնագետները քննարկում են ենթակառուցվածքների նախագծման ու հնարավոր սահմանազատման հարցերը, Հայաստանում շարունակվում է քաղաքական բանավեճը՝ արդյոք նախագիծը պետք է կյանքի կոչել մինչև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Կառավարությունն այն դիտարկում է որպես խաղաղությունն ամրապնդելու հնարավորություն, ընդդիմությունը՝ պնդում է, որ անհրաժեշտ են միջազգային լրացուցիչ երաշխիքներ։

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի և Էլնուր Մամեդովի անունից երեք երկրները հայտարարել են եռակողմ տեխնիկական խմբեր ստեղծելու մասին։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ դրանք պետք է առաջ մղեն TRIPP նախագիծը։ «Եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ձևաչափը միավորում է քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության ու առևտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Երեք երկրների ներկայացուցիչները նաև տեղեկացրել են, որ պայմանավորվել են առաջինը գործարկել տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով եռակողմ տեխնիկական խմբերը՝ «տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ»։

Նախագծի այս բաղադրիչի վրա ուշադրություն էր հրավիրել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Սյունիքում գործընկերների հետ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցերը քննարկելուց հետո։

«Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է։ Ըստ էության, մեզ համար այստեղ նոր բան չկա։ Ավելի շատ մենք ուզում էինք տեղում վերջնական մեկ անգամ ևս հասկանանք ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը, այստեղ քննարկելու բան չկա»։

Մհեր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ այս փուլում առաջնահերթ են երկաթգծի, ավտոճանապարհի և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները։ Դրանք, ըստ կառավարության անդամների, կարող են մեկնարկել՝ չսպասելով «TRIPP զարգացման ընկերության» ձևավորմանը։ Փոխվարչապետի խոսքով՝ նախագծման աշխատանքները կամփոփվեն այն փուլում, երբ կձևավորվի ընկերությունը։ Փոխվարչապետը նաև տեղեկացրել էր, որ տեխնիկապես ամենաբարդը ավտոճանապարհի նախագծումն է։

«Որովհետև կան բարդ անցանելի հատվածներ, և մենք, բնականաբար, պիտի մի լուծում տանք։ Վերջնական լուծումն այնպիսին պիտի լինի, որ ճանապարհը մրցունակ լինի, որովհետև մենք խոսում ենք տրանզիտի մասին»։

Մեկ ամիս առաջ էլ Գորիսում հանդիպել էին հայ և ադրբեջանցի մասնագետներն ու քննարկել էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը։ Իսկ այս շաբաթ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա սահմանազատման աշխատանքները նույնպես կապված են այս նախագծի հետ։ Ըստ նրա՝ սահմանազատման հաջորդ փուլի ժամկետների շուրջ Ադրբեջանի հետ դեռևս պայմանավորվածություն չկա։

«Շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և՛ կազմակերպել աշխատանքները, և՛ իրականացնել։ Մենք, չսպասելով TRIPP-ի ձևավորմանը, էլեկտրահաղորդման լարեր, ավտոճանապարհ և երկաթգիծ, հիմա սխեմաներն ենք նայում։ Պետք է ամենաօպտիմալ տարբերակը գտնել, որպեսզի ներդրումն արդյունավետ լինի՝ առաջին, և երկրորդը, որպեսզի ենթակառուցվածքը մրցունակ լինի»։

Այս փուլում ամենախնդրահարույցը մնում է ռուսական կառավարման ներքո գործող հայկական երկաթուղու հարցը։ Հայկական կողմը բազմիցս կրկնել է, որ այստեղ բախվում են TRIPP-ի մասնակից կողմերի և Ռուսաստանի շահերը, և երկաթուղու կառավարումը պետք է պատվիրակել որևէ երրորդ կողմի։ Վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, որ ռուսական գործընկերների հետ պայմանավորվածություն կա առաջիկա երեք ամսում քննարկելու հարցը և որոշելու, թե ով, ինչպես և ինչ ժամկետում կիրականացնի անհրաժեշտ ներդրումները։

Մինչև այդ Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է հարցը, թե արդյոք պետք է սկսել TRIPP-ի իրագործումը, երբ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ։

Խորհրդարանական ընդդիմությունը նախորդ շաբաթ դեմ քվեարկեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրին՝ պատճառաբանելով, որ առանց վավերացված խաղաղության համաձայնագրի և միջազգային երաշխավորների Հայաստանը ինչ-որ բան է զիջում Ադրբեջանին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Անուշ Միրզոյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում մանրամասնում է, որ իրենց ուժը դեմ չէ Հայաստանի ապաշրջափակմանը և հաղորդուղիների բացմանը, սակայն կարծում է, որ գործընթացում շտապողականություն կա։

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի ամենակարևոր հատվածներում իրականացվի մի ծրագիր, որը կլինի խաղաղության համատեքստում։ Այսինքն՝ մենք ուզում ենք, որ լինի խաղաղություն՝ մեկից ավելի երաշխավորներով։ Մենք գիտենք, որ իշխող ուժի կողմից հնչում է, թե մենք Ադրբեջանի երաշխավորն ենք, Ադրբեջանը՝ մեր երաշխավորը։ Սա մեզ համար, մեղմ ասած, անընդունելի է։ Հայաստանի համար։ Խաղաղությունը պետք է ունենա մեկից ավելի երաշխավորներ, և դա կարող են լինել, այո՛, մեր գործընկեր Միացյալ Նահանգները, Չինաստանը, ԵՄ երկրներից որևէ մեկը և այլն, Ռուսաստանը՝ տարբեր։ Այսինքն՝ մեկից ավելի երաշխավորություն, որի շրջանակում մենք կարող ենք քննարկել TRIPP-ը՝ առանց խաղաղության վերջնական ստորագրման։ Մենք չենք կարող խոսել նման մեգանախագծերի մասին»։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս հակառակ դիրքորոշումն էր հայտնել։

«Գիտե՞ք՝ ես ինչ կասեի, որ իրականում գուցե դասագրքային իմաստով այդպիսի հերթականություն է, բայց կյանքն իր սրբագրումներն է անում։ Եվ քանի որ մենք ունենք հաստատված խաղաղություն, եկեք այլ կողմից նայենք։ Գուցե TRIPP-ը լինի, կամ այլ նախագծեր, համագործակցություններ՝ ընդհուպ մինչև քաղաքացիական հասարակությունների այցեր և այլն, և այս բաներն իրենց հերթին գան ամրապնդելու գործող խաղաղությունն ու մոտեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

Ինչ վերաբերում է երաշխիքներին, Միրզոյանի խոսքով՝ նախագծի անվտանգության ամենամեծ երաշխիքն այն է, որ այն փոխշահավետ է բոլոր կողմերի համար։

«Մեզ շատ պետք է, իրենց շատ պետք է, և բոլոր երրորդներին շատ պետք է։ Հետևաբար, չեմ պատկերացնում, դա հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան, և հնարավոր չլինի, որ Հայաստանը բեռ տեղափոխի, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով շարունակվող ինչ-որ մի տեղ։ Այո, Սյունիքի, Մեղրիի հատվածով։ Չի կարող լինել իրավիճակ, որ հենց այդ ենթակառուցվածքով Ադրբեջան-Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ շարժ լինի, իսկ Հայաստանի համար այդ նույն շարժը չլինի»։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը նախ ստորագրվեց  2026 թվականի հունիսին, ապա վավերացվեց խորհրդարանում։ Փաստաթուղթը սահմանում է նախագծի իրականացման համար անհրաժեշտ երկկողմ համագործակցության հիմքերը։ Ըստ այդմ՝ Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ, ինչպես նաև սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայության իրավունք։

Նախագծի իրականացման համար պատասխանատու «TRIPP զարգացման ընկերությունը» Հայաստանում կհիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն։ Համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը մշտապես պետք է պատկանի Միացյալ Նահանգների կառավարությանը և չի կարող օտարվել կամ փոխանցվել երրորդ կողմի։ Առաջին 49 տարիների ընթացքում Հայաստանի բաժնեմասը կկազմի 26 տոկոս, իսկ ԱՄՆ-ինը՝ 74 տոկոս։

Leave a Comment