Արմեն Բուդաղյան․ երաժշտության նվիրյալը՝ 90 տարեկան — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր 90-ամյակն է նշում երաժշտագետ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, որի անցած ճանապարհը, ըստ գործընկերների, հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի պատմություն է։

Հայ երաժշտության պատմության ու առանձին արվեստագետների ստեղծագործական ժառանգության ուսումնասիրություն, գրքեր, բազմաթիվ համերգ-դասախոսություններ և մանկավարժական երկարամյա աշխատանք․ սրանք մի մարդու գործունեության ընդամենը մի մասն են․ Արմեն Բուդաղյանի համար երաժշտությունը եղել է ոչ միայն մասնագիտություն, այլև մշակութային առաքելություն՝ երաժշտական բարձր արժեքները հասանելի դարձնելու նաև երիտասարդ սերնդին։

Բուդաղյանի սան, դիրիժոր Նորայր Մարկոսյանը հպարտությամբ է խոսում իր ուսուցչի մասին։

«Վերին աստիճանի կարգապահ, վերին աստիճանի բարեխիղճ մարդ է։ Նա էտալոն է։ Նրա մարդկային նկարագիրը շատ խոսուն է․ միշտ ընդառաջող է, միշտ օգնության հասնող, որքան կարող է՝ նպաստում է գործին՝ առաջնորդվելով ոչ թե անձնական համակրանքով կամ հակակրանքով, այլ գործի շահերով»։

Նորայր Մարկոսյանն առանձնակիորեն ընդգծում է Բուդաղյանի կրթական նախաձեռնությունները, որոնց շնորհիվ դասական երաժշտությունն ավելի մոտ ու հասկանալի էր դառնում նույնիսկ ամենակրտսեր ունկնդիրներին։

«Ստեղծագործությունների մասին նա այնպես էր պատմում, որ երեխաները բերանները բաց լսում էին։ Նրանց հետաքրքրությունն աստիճանաբար ավելի էր մեծանում։ Երեխաները անհամբեր սպասում էին այն օրվան, երբ կրկին պետք է մասնակցեին դպրոցական ֆիլհարմոնիայի հերթական աբոնեմենտային համերգին։ Նրանց համար կարևոր էր ոչ միայն երաժշտությունը լսելը, կատարումներին ունկնդիր լինելը, այլև Արմեն Բուդաղյանի մեկնաբանությունները»։

Նրա հեղինակած գրքերում ու ուսումնասիրություններում ոչ միայն հայ երաժշտության ընդհանուր պատկերն է, այլև՝ առանձին արվեստագետների կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը։

Արմեն Բուդաղյանի սան, դաշնակահար և երաժշտագետ Նատալյա Հարությունյանը հիացմունքով է խոսում ուսուցչի գիտական ժառանգության և  աշխատանքի մասին։

«Հիշում եմ՝ ամեն տարի նա մեկ կամ մի քանի գիրք էր հրատարակում։ Հիմա արդեն նույնիսկ հաշիվը կորցրել եմ, թե ընդհանուր առմամբ որքան գիրք է լույս ընծայել։ Բայց հիշում եմ, որ դրանք բավականին ծավալուն էին և մարդկային առումով նույնպես շատ հարուստ։ Նա ներկայացնում էր ընդհանուր պատկերը, ապա առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնում առանձին երաժիշտների՝ Վիլի Մոկացուն, Ադամ Խուդոյանին, Արամ Խաչատրյանին»։

Բուդաղյանի մտերիմը՝ երաժիշտ Արթուր Իսպիրյանը, ընդգծում է, որ նույնիսկ պատկառելի տարիքում երաժշտագետը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր էլ նա զբաղված է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ, թեև այս պահին վատառողջ է։

«Եթե այցելեք նրա բնակարան, կտեսնեք, որ այդ հինգ սենյակներում, բառացիորեն, տեղաշարժվելու տեղ չկա՝ այնքան գրականություն ունի  Բուդաղյանը։ Նրա միտքը մշտապես զբաղված է ուսումնասիրությամբ․ նա խորապես ուսումնասիրում է ոչ միայն հայ կոմպոզիտորներին, հայ դիրիժորներին ու հայկական մշակույթը, այլև համաշխարհային երաժշտությունը»։

Ինը տասնամյակ ու նվիրում՝ երաժշտությանը։ Տասնամյակների գիտական ու մանկավարժական աշխատանք և բազմաթիվ աշակերտներ, որոնցից յուրաքանչյուրի կյանքում Արմեն Բուդաղյանն իր հետքն է թողել։

Leave a Comment