Ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում։ Շաքիի միջադեպին վերաբերող հարցերն են եղել այսօր ուժային կառույցների ներկայացուցիչների ու ԱԺ պատգամավորների փակ քննարկման առանցքում։ Վոլոդյա Հովսեփյանն է ներկայացնում փակ հանդիպման որոշ մանրամասներ։
Սահմանների ապահովության խնդի՞ր, թե պատահականություն։ Ինչպե՞ս ու ի՞նչու ադրբեջանցի զինծառայողը հատեց Հայաստանի սահմանն ու մտավ Շաքի։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը լրագրողներին ներկայացրեց իր դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ։
«Այս դեպքը չի խոսում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանի հետ կապված կա համակարգային խնդիր: Սահմանային գոտում մենք խնդիրներ ունենք, մեր գերատեսչությունների մեր գործընկերները, իհարկե, ընդունում են, որ մենք ունենք խնդիրներ, և մեր խնդիրը հենց դա է եղել՝ դեպքի վերաբերյալ արձանագրել խնդիրները, այդ խնդիրները վերլուծել և այդ խնդիրները շտկել, որպեսզի հնարավորինս կարողանանք նմանատիպ դեպքերը զսպել կամ ռիսկերը կառավարել: Ըստ իմ գնահատականի՝ մենք նմանատիպ դեպք, որ ունեցել ենք, չի բացառվում՝ առաջիկայում էլ նաև լինի, բայց այստեղ ինձ համար առանցքային խնդիրն այն է, որ նմանատիպ դեպքերը կարող են տեղի ունենալ ներկայումս այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ հատման մասում ամբողջովին սահմանազատված չի»:
Ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդարանական փակ հանդիպմանը մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայաստան» խմբակցությունները։ Փակ հանդիպման մասին «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը խոսեց։
«Մենք ներկայացրեցինք մեր մտահոգությունները՝ պատահարի հանգամանքների ի հայտ գալու մասին և այդ պատահարի կառավարման վերաբերյալ։ Որոշ հարցերի վերաբերյալ ես մի քիչ այլ մոտեցումներ ունեմ, քան թե իրենք»։
Թե ինչ հարցեր ու մտահոգություններ էին, Խաչատրյանը չմանրամասնեց, հիշեցրեց, որ քննարկումն ընթանում էր փակ ձևաչափով։ Իսկ ուժային կառույցները ժամանակի՞ն են գործել, թե՞ միայն այն դեպքում, երբ զինծառայողը հայտնվել է Շաքիում, ու տեղի է ունեցել հրաձգությունը։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյան․
«Մեր ուժային համակարգը սկսել է գործել այն պահից սկսած, երբ որ ստացվել է տեղեկատվություն, որ, հնարավոր է, որ ադրբեջանական մարտական հենակետից զինվոր է անցել Հայաստանի Հանրապետություն։ Այդ պահից սկսած մեր ուժային համակարգը սկսել է գործել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հանրությունից որևիցե բառ չի թաքցվում»:
Հարցին՝ նոյեմբերի 11–ին ՀԱՊԿ–ում կարո՞ղ է քննարկվել Հայաստանի՝ հետագա անդամակցության կամ կառույցից հեռացվելու հարցը, Գաբրիելյանն այսպես պատասխանեց․
«Այդտեղ կա իրավական գործընթաց, իրականում ՀԱՊԿ-ի մասով, ՀԱՊԿ-ի կանոնադրության շրջանակում, և բացարձակապես որևիցե մտահոգություն չեմ տեսնում: Իրենց որոշումն է, եթե նմանատիպ ձևաչափ գտնեն, ի՞նչ ասեմ»:
Վերադառնալով Շաքիի դեպքին՝ Գաբրիելյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել հնարավոր պաշտոնանկությունների հարցը, քանի որ դրանք իր իրավասություններից դուրս են։