Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգի Իհսանիե շրջանում զինված հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։

Այազինի և Քըյըր գյուղերում երկու ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով հինգ մարդու մարմին։ Հետաքննության նախնական տվյալներով՝ սպանությունները կատարելուց հետո հանցագործը մեկ այլ վայր է մեկնել, որտեղ որսորդական հրացանով ևս երկու մարդու է գնդակահարել։

Այլ քաղաքից Աֆյոնքարահիսար ժամանած հանցագործը կարմիր ավտոմեքենայով դիմել է փախուստի՝ շարժվելով Քյութահիա նահանգի ուղղությամբ։ Հարևան շրջանների անվտանգության ուժերը բերվել են ուժեղացված պատրաստության։

Ժանդարմերիան փակել է սպանությունների վայր դարձած բնակավայրերի մուտքերն ու ելքերը։ Իրավապահները լայնածավալ գործողություն են իրականացնում՝ հանցագործին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։

Նրա հնարավոր դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Leave a Comment