ԵԱՏՄ-ի հետ՝ շարունակվող աշխատանք, ՀԱՊԿ-ի հետ՝ սպառված հետաքրքրություն․ Երևանը պարզաբանել է իր դիրքորոշումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նոյեմբերի 4-ին հայտարարեց, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի քննարկվի, սակայն հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ կիրառվի կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ երկիրը կարող է զրկվել քվոտային կարգով կառույցի պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելուց, ինչպես նաև ձայնի իրավունքից այնքան ժամանակ, քանի դեռ չի վճարել անդամավճարների մասով գոյացած պարտքը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հեռանկարների հարցում։

Ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը, եթե նոյեմբերի 15-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստում, այնուամենայնիվ, կիրառվի կառույցի հոդվածը, որով կսահմանափակվեն Հայաստանի մի շարք իրավասություններ՝ վարչապետից հետաքրքրվեցին լրագրողները կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում։

«Ես ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են։ Մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»։

Օրերս հրապարակվել էր ԵԱՏՄ անդամ չորս երկրների մշակած զեկույցը, որում տեղ գտած գնահատականներն ու կանխատեսումները միանշանակ չէին ընդունվել հայաստանյան փորձագիտական դաշտում՝ որոշ փորձագետների կողմից որակվելով որպես սուբյեկտիվ և չափազանցված։ Դրա հեղինակները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, կանխատեսել էին, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կասեցման դեպքում երկրի ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6 տոկոսով, իսկ ռուսական գազը՝ թանկանալ  69 տոկոսով։ Նաև առաջարկել էին քննարկել Հայաստանի անդամակցության ժամանակավոր կասեցումը։

Զեկույցին ծանոթ ենք՝ ասաց Փաշինյանը, բայց՝ «Իհարկե, զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասի հետ ընդհանրապես համաձայն չենք և մեր անհամաձայնությունները աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին»։

Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովում քննարկելու են Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված տնտեսական սահմանափակումների հարցը, Երևանը պահանջել էր Ռուսաստանի սահմանափակումները ճանաչել որպես առևտրային խոչընդոտ, սակայն Հայաստանի խնդրանքով քննարկումը հետաձգվել է։ Ինչո՞ւ։ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ խորհրդարանում այսպես էր անդրադարձել խնդրին.

«Հուսով եմ, որ մեզ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և, եթե կարող ենք այդ եզրույթը կիրառել, «առողջացնել» մեր հարաբերությունները։ Եվ նաև ապրանքներին վերադառնալով՝ հուսով եմ, որ այդ սահմանափակումներն առաջիկայում դուրս կգան»։

ԵԱՏՄ-ում կողմ չեն մեր մասնաբաժնի ավելացմանը՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ զեկույցին և դրա հետևանքներին։ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով՝ նշել է նախարարը։

«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ-ում շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ, և ԵԱՏՄ-ում մեր պարտավորություններն ամբողջ ծավալով կատարել ենք ու կատարում ենք։ Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ և Հայաստանը ԵԱՏՄ-ից պետք է ստանար ավելի շատ»:

Նախարարը կասկածի տակ է դրել նաև զեկույցի տնտեսական հաշվարկների մեթոդաբանությունը։ Որպես օրինակ՝ բերել է Հայաստանից Ռուսաստան մոնիտորների արտահանման շուրջ 15  անգամ կրճատումը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մոնիտորներ չի արտադրում, դրանք ներմուծվում և վերաարտահանվում են, իսկ վճարված ԱԱՀ-ն վերադարձվում է։ Հետևաբար, զեկույցի հեղինակները հնարավոր տնտեսական կորուստները հաշվարկելիս հաշվի չեն առել, որ այդ ապրանքների վերաարտահանումից Հայաստանում հիմնականում մնում են մի քանի աշխատատեղ և գործարարի համեմատաբար փոքր շահույթ։

Ավելի վաղ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելը իրատեսական էր համարել 2027-2028 թվականներին։ Դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը գործնականում սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստությունը՝ վարչապետից հետաքրքրվեցին լրագրողները։

«Ոչ, չի նշանակում, որ նախապատրաստություն ենք սկսել։ Մենք սկսել ենք նախապատրաստություն, ինչպես մեր ժողովրդին խոստացել ենք, այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա»։

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, թեև կառույցի որոշ գործընկերներ բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։  Վարչապետը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ այս պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի։

«Որպեսզի մենք այդ հարցով հանրաքվե անցկացնենք և Հայաստանի՝ ԵՄ-ին անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք, ի վերջո, 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ, որ մենք ունենք գործող օրենք»։

Հայաստանը  Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել է 2025 թվականի մարտի 26-ին։ Այն արտահայտում է եվրոպական ինտեգրման գործընթաց սկսելու Հայաստանի քաղաքական և իրավական մտադրությունը։

Leave a Comment