Ընդդիմությունը միավորվում է, իշխանությունը՝ հրապարակում յուրացման մեխանիզմները

Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական լարված փուլն է, որի ընթացքում միախառնվել են տնտեսական ու քաղաքական հիմքերը, պատճառներն ու նպատակները։ Իշխանության՝ տնտեսական բնույթի մեղադրանքների, առանձնապես խոշոր չափերի յուրացումների ու չարաշահումների փաստերի կողքին ընդդիմության քաղաքական հակափաստարկներն են։   

Նոր իրավիճակը ընդդիմադիր 12 ուժերին դրդել է համատեղ հայտարարություն ընունելու և հայտարարելու համազգային համախմբում նախաձեռնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցում հանգամանորեն անդրադարձել է ստեղծված իրավիճակին։

Հին դեմքերով Հայրենիքի փրկության նոր շարժում է ձևավորվել նոյեմբերի 4–ի երեկոյան 12 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաքից հետո։ Ընդդիմադիր գործիչները կոչ են արել քաղաքական բոլոր ուժերին, հասարակական ու հանրային գործիչներին միանալ իրենց։ Հավաքը տեղի էր ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ այդ քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական նոր գործի հարուցման մասին։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմյանի ներկայացմամբ՝ ընդդիմադիրների հանդիպումը ծրագրված էր Սամվել Կրապետյանի հետ, բայց անգամ նրա ձերբակալությունից հետո հավաքը կայացավ և ընդունվեց միասնական հայտարարություն 4 հիմնական նպատակների մասին։    

«Հավանաբար գործողությունները, ինչպես նաև կալանքը նպատակ ունեին, այսպես ասած, կանխել այդ հանդիպումը, որպեսզի Սամվել Կարապետյանը հանդիպեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, և առաջիկայում նոր գործողություններ են սպասվում այդ ուղղությամբ։ Իշխանությունները փորձում են, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում օրեր առաջ, համոզել ընդդիմությանը ընդունելու ալիևյան Սահմանադրությունը։ Սակայն միանշանակ կարող եմ պնդել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից, որ ալիևյան Սահմանադրություն չի ընդունվելու»։

Ընդդիմադիրների հավաքը, նպատակն ու չորս կետանոց հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն Հայաստանի վարչապետը չի տեսնում, բայց անհրաժեշտ է համարում աշխատել այն գաղափարի շուրջ, որն ավելի վաղ տվել էին հենց ընդդիմադիրները։ Խոսքը նոր սահմանադրության ընդունման դեպքում, խաղաղության և Ադրբեջանի հետ ունեցած այլ խնդիրների լուծման երաշխիքների մասին է։

«Մենք որևէ բան չենք անում ընդդիմության համար, պարզապես ընդդիմությունը հարց է հնչեցրել, որը մեզ թվացել է խելամիտ, և մենք պետք է գնանք այդ հարցի պատասխանը գտնելու, ձևակերպելու և վերադառնալու։ Այսինքն` մենք շարունակելու ենք անկախ ամեն ինչից, որովհետև դա կարևոր հարց է։ Մեր պլաններում ոչ մի բան չի փոխվել։ Մեր քաղաքական դաշտում խոսույթ չկա։ Խոսույթը Իլհամ Ալիևն է։ Որտեղ փաստարկ և փաստարկում չկա, պետք է օգտագործել Ալիևի անունը։ Մի ժամանակ 300 000 ադրբեջանցիներն էին։ Այդ ընդդիմությունը թող պատասխանի, թե ուր են 300 000 ադրբեջանցիները, որոնք, իրենց ասելով, արդեն իսկ ճամպրուկները հավաքած վերադառնում էին կամ գալիս էին Հայաստան։ Սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը պետք է տանք։ Քաղաքական պատասխանատվություն պիտի հետևի այդ կեղծ խոսույթներին»։  

Սամվել Կարապետյանին առնչվող նոր պատասխանատվությունը, սակայն, ոչ թե քաղաքական է, այլ՝ տնտեսական՝ պնդում է իշխանությունը։ Իրավապահների փոխանցմամբ՝ քրեական գործն առնչվում է բացառապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում թույլ տրված առանձնապես խոշոր չափերի չարաշահումներին և յուրացումներին, որտեղ ներգրավվել են նաև վարկային միջոցներ։ Չարաշահումների ընդհանուր գումարը 64.5 միլիարդ դրամի սահմաններում է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Գոհար Մելոյանը այս հիմքերը արժանահավատ չի համարում։ Նախ՝ հիշեցնում է, որ տարիներ շարունակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀԷՑ–ի ներկայացրած փաստաթղթերին։

«Պատկերացրեք, դուք ունեք կազմակերպություն, այնտեղից դիվիդենտ եք հանում՝ ձեր շահույթը, որը կազմում է, օրինակ, 10 000 դոլար։ Այդ 10 000 դոլարից, որը ձեր աշխատած, ձեր անձնական սեփական գումարն է, 5 000 դոլարը վերցնում եք, դուրս եք գրում ձեր հաշվին։ Սա գումարի վատնո՞ւմ է։ Այդպիսի մեղադրանք են առաջադրել։ Գումարը մեծ է, որովհետև Սամվել Կարապետյանը Forbes-ի ցուցակում ընդգրկված հայ մեծանուն բարերար և միլիարդատեր է, և նորմալ է իր պարագայում նման գումարներ տնօրինելը»։

Ինչպե՞ս կարող է մարդը ինքն իրենից գողանալ մեծ բիզնեսում․ այս հարցի պատասխանը կոնկրետ ՀԷՑ–ի օրինակով և մշակված սխեմայով ներկայացնում է վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման տեղեկություններ իշխանությունն ունեցել է։

«Դուք գիտեք, որ էլեկտրաէներգիայի սակագին կա, որի համար վճարում ենք բոլորս։ Այդ սակագինը ձևավորվում է՝ ըստ տվյալ ընկերության իրականացրած ծախսերի։ ՀԷՑ–ը առաջնորդվում է հանրային գնումների կանոններով, այսինքն` եթե ինչ–որ մի 100 միլիոն դրամի գործ կա անելու, իրենք մրցույթ են հայտարարում և լավագույն առաջարկ տված ընկերությունը հաղթում է մրցույթում։ Պատկերացնենք իրավիճակ, որ այդ մրցույթներում հաղթող ընկերությունները բոլորը Կարապետյանների ընտանիքի անդամներ են և ոչ մրցակցային պայմաններում ստանում են գերշահույթներ։ Ես այս ընթացքում նամակներ եմ ստացել տարբեր նյութերի մատակարարներից, ովքեր ասել են, որ իրենք ՀԷՑ–ի՝ Կարապետյանների տիրապետության ընթացքում ընդհանրապես հնարավորություն չեն ունեցել որևէ մրցույթում հաղթելու։ Նրանց տեղեկություններով՝ մրցույթներում հաղթել են փոխկապակցված ընկերությունները` անտրամաբանական գներով և անտրամաբանական բանաձևերով»։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ այսպիսի կարծիքները տարածվում են հանրային վերաբերմունք ձևավորելու համար։ Իսկ Հայաստանի վարչապետը կարծում է, որ բարերարների ունեցվածքի ծագումը պարզելու և հասկանալու կարիք կա:

Leave a Comment