Հայաստան-ԵՄ. ինտեգրման նոր գործիքներն ու անդամակցության հեռանկարը

Հայ արտահանողների համար ԵՄ շուկայում սահմանված մաքսային արտոնություններն ամբողջությամբ պետք է արտացոլված լինեն միության ինտեգրված մաքսային սակագնի՝ TARIC-ի համակարգում։ Դրանում զետեղված են ԵՄ 27 երկրների ներմուծման և արտահանման համար գործող բոլոր մաքսատուրքերը, արտոնությունները, քվոտաները և օրենսդրական սահմանափակումները: Հայաստանը ԵՄ անդակամացության ճանապարհին մի շարք կարգավորումների է ընդունում կամ միանում դրանց։

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ու այս պահին նաև ԵՄ շուկաներ ապրանքներ արտահանելու համար կարևոր են միասնական համակարգերին ինտերգումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ ալընտրանքի ձևավորման նախապատրաստական աշխատանքները սկսվել են․

«Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից։ Գիտեք նաև, որ ԵԱՏՄ–ի գործընկերները բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես նախկինում ասել եմ, որ այս պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի։ Որպեսզի մենք ՀՀ–ի՝ ԵՄ–ին անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի նրան, որ մենք, ի վերջո, 2027 կամ 2028 թ.–ին պաշտոնապես դիմենք Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով»։

Մինչև այդ, հայկական ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումներից հետո կառավարությունը տարբեր ծրագրերով աջակցում է տնտեսվարողներին, որպեսզի նրանք կարողանան ավելի հեշտ արտահանում կազմակերպել։ Այս ճանապարհին կարևոր են նաև մի շարք համակարգերի ինտերգումը։ Կառավարությունն արդեն հավանություն է տվել  մաքսային ու հարկային ոլորտներում ԵՄ հետ համագործակցության խորացմանն ուղղված «ՔԱՍԹԸՄՍ» և «ՖԻՍԿԱԼԻՍ» ծրագրերը հաստատելու նախագծերին։

«CUSTOMS»-ը Եվրոպական միության մաքսային համագործակցության նախաձեռնություն է, որը նպատակ ունի աջակցելու միության անդամ և գործընկեր պետությունների մաքսային մարմիններին՝ պաշտպանելու ֆինանսական և տնտեսական շահերը, ապահովելու անվտանգության և պաշտպանվածության բարձր մակարդակը, ինչպես նաև հակազդելու ապօրինի առևտրային գործունեությանը։

«FISCALIS»-ը Եվրոպական միության հարկային համագործակցության ծրագիր է, որն աջակցում է անդամ և գործընկեր պետությունների հարկային վարչարարություններին բարելավելուներքին շուկայի գործունեությունը, խթանելու արդար մրցակցությունը, պաշտպանելու ֆինանսական ու տնտեսական շահերը։

Օրերս հայտնի դարձավ, որ հայկական ապրանքներ արտահանող գործարարների համար ԵՄ շուկայում սահմանված մաքսային արտոնությունները ևս ամբողջությամբ կարտացոլվեն  Եվրոպական Միության Ինտեգրված Մաքսային Սակագին ( TARIC) համակարգում։ Այն  էլեկտրոնային տվյալների բազա է, ԵՄ-ի միասնական թվային համակարգ, որտեղ զետեղված են ԵՄ 27 երկրներ ապրանքների ներմուծման և արտահանման համար գործող բոլոր մաքսատուրքերը, արտոնությունները, քվոտաները և օրենսդրական սահմանափակումները:

Արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է՝ ՀՀ ու ԵՄ միջև համագործակցությունը արագ ու դինամիկ է զարգանում․

 «Մինչև մենք համաձայնության ենք գալիս ինչ֊–որ մ փաստաթղթի շուրջ, պարզվում է, որ այս ընթացքում արդեն նոր հորիզոններ ենք բացահայտել, նոր ծրագրեր կան, և գուցե այս փաստաթուղթը այդքան էլ չի արտացոլում արդեն դրա մեկնարկից հետո ձևավորված հարաբերությունները»։

Այդ գործիքները տրվում են ԵՄ անդամության թեկնածու երկրներին, մինչդեռ Հայաստանը դեռ նման կարգավիճակ չունի, սակայն նույնպես ստանում է դրանք, շեշտում է նախարարը։   

 «Երբ  փորձում ես մտնել քեզ հետաքրքիր միջավայր, նաև կարևոր է, թե այդ միջավայրում որքան են սպասում քո մուտքին։ Շատ ուրախությամբ արձանագրում եմ, որ   մենք տարբեր ոլորտներով հարաբերությունների մերձեցմամբ և մոտարկմամբ ընթանում ենք Եվրոպական միության հետ շատ համահունչ։ Առնվազն իմ տպավորությամբ և ինձ ասված խոսքերից կարող եմ դատել, որ իրենք շատ ողջունում են այս նույն գիծը։ Պատրաստ են և պատրաստակամ են ունենալ և անցնել այս ճանապարհով` մեր հետ վերջնակետում ունենալով, այո, այդ նպատակը»։

Տնտեսականից մինչև անվտանգություն, ավիացիայից մինչև մշակույթ ու գիտություն, հեռանկարում ԵՄ–ին ՀՀ անդամակցությունն է ։ Նախորդ գումարման ԱԺ –ն նաև օրենք է ընդունել, որը կառավարությանը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հիշեցնում է ԱԳՄԱ նախարարը։

Leave a Comment