Հանրային ճնշում՝ նոր Սահմանադրությունն ընդունելու համար․ իշխանության առաջարկն ու ընդդիմադիրների արձագանքը

Նոր Սահմանադրության նախագիծ, դրա շուրջ իշխանություն-ընդդիմություն հակասություններ, խաղաղության գործընթացում միջազգային երաշխավորների դեր․ ԱԺ լիագումար նիստերից հետո խորհրդարանական ճեպազրույցներում շարունակվել է բանավեճը նոր Սահմանադրության դեռ չհրապարակված տեքստի շուրջ։ Իշխանությունն ակնկալում է, որ ընդդիմությունը իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալուց հետո կաջակցի նախագծին։ Ընդդիմադիրները, սակայն, պնդում են, որ չեն ընդունելու այն, ինչը չի բխում Հայաստանի շահերից։

ԱԺ-ի հերթական լիագումար նիստերն ամփոփող ճեպազրույցների գլխավոր թեման նոր Սահմանադրության շուրջ վերջին զարգացումներն էին։ Ճեպազրույցների մեկնարկից առաջ 2027 թվականի պետական բյուջեն ներկայացնելու համար խորհրդարան եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսեց ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու հնարավորության մասին, եթե վերջիններս իրենց մտահոգությունների և բարձրաձայնած հարցերի պատասխանները ստանալուց հետո դեմ քվեարկեն Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ այդ հարցը հանրային ճնշմամբ լուծելու սցենարն անարդյունավետ է․

«Մեր անցած ճանապարհը խոսում է նրա մասին, որ մեզ հետ ընդհանուր առմամբ նման լեզվով խոսել չի կարելի, և խոսելով նույն լեզվով՝ կրկին, արդյունքի չեն հասնի»։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն ասելիքն ավելի կոշտ ձևակերպեց։

«Դա իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր։ Փաշինյանն ամեն օր հետագայում իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում»։

Ավելի ուշ Մանուկյանին հակադարձեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

«Պետական հեղաշրջում կլիներ, եթե ընդդիմությունը փորձեր տապալել գործող կառավարությանը։ Պետական հեղաշրջման մասին, կարծում եմ՝ պարոն Մանուկյանը սխալ պատկերացում ունի, իսկ դա շանտաժ չէ»։

Չնայած հանրային ճնշում գործադրելը սահմանադրական փոփոխությունների գործընթացն առաջ մղելու հնարավոր սցենարներից մեկն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդդիմության հետ աշխատելու է այն տրամաբանությամբ, որ գործընթացը փողոցային պայքարի չհասնի, ասաց Վոլոդյա Հակոբյանը։ Պատգամավորները նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալուց հետո կհնչեցնեն իրենց հարցերը, իսկ իշխանությունը սպառիչ պատասխաններ կտա բոլոր մտահոգություններին, վստահեցրեց ՔՊ խմբակցության քարտուղարը։

«Ես հուսով եմ, որ գործը ճնշումներին չի հասնի, ու մեր ընդդիմադիր գործընկերները էն պատասխանները, որոնք հիմա, էն հարցադրումները, որոնք հիմա հնչեցնում են, պատասխանները ստանալուց հետո կբավարարվեն դրանցով։ Ու եթե էդքան վստահ են, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պարտադրածն է, որ դա հայկական օրակարգից չի բխում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեմ են քվեարկելու դրան, ի վերջո շանս կտան, որպեսզի գնանք և մեր քաղաքացիներից հարցնենք, թե ինչ դիրքորոշում ունեն Սահմանադրության հետ կապված»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունները կտապալվեն, անգամ եթե գործընթացը հասնի հանրաքվեի։

«Մենք վստահ ենք, որ հանրության շրջանում այն որևէ աջակցություն չի ստանալու»։

Այնուամենայնիվ, պատրա՞ստ է ընդդիմությունը չխոչընդոտելու հանրաքվեի խորհրդարանական վավերացմանը՝ հարցրեցին լրագրողները։ «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյան․

«Ալիևյան Սահմանադրությանը մենք երբեք կողմ չենք քվեարկելու»։

Օրեր առաջ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին՝ արդյո՞ք նոր Սահմանադրության ընդունումից հետո Ադրբեջանի նախագահը կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Նրանք համոզված են, որ Բաքուն շարունակելու է նոր պայմաններ առաջ քաշել։

Վարչապետ Փաշինյանն, ի պատասխան, հայտարարել էր, որ այդ հարցի պատասխանը Հայաստանի սահմաններից դուրս է, բայց ինքը կստանա այն և ընդդիմությանը կանի այնպիսի առաջարկ, որից նրանք չեն կարողանա հրաժարվել։

Թեև Նիկոլ Փաշինյանը դեռ փակագծեր չի բացել, լրագրողները «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներին հարցրին՝ կա՞ արդյոք այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի ընդդիմության համար։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսպես արձագանքեց․

«Առաջարկը կարող է լինել ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Թող ստորագրված խաղաղության պայմանագիրը բերվի Ազգային ժողով, TRIPP-ի հետ միասին էլ բերվեր, ասում եմ՝ «Ուժեղ Հայաստանը» այլ կերպ կքվեարկեր»։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին, որը նախկինում ընդդիմադիր չորս պատգամավորներից մեկն էր, որոնք ծանոթացել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության համաձայնագրի տեքստին, լրագրողները հարցրին՝ եղե՞լ է քննարկվող որևէ տարբերակ, որով Ադրբեջանը Հայաստանի առջև կոնկրետ նման պահանջ էր դրել։

«Բանակցություններում կար մի ձևակերպում, որը մի քիչ փոխված հիմա տեղ է գտել էդ փաստաթղթում, որ պետք է բացառվի երկու կողմերից մեկի նկատմամբ տարածքային պահանջները և այլն։ Միտքը հետևյալն էր՝ նույնիսկ հասարակական մակարդակով մեկմեկու դեմ որևէ էսպիսի հայց, որևէ հավակնություն պետք է բացառվի։ Ես հիշում եմ՝ նույնիսկ արտգործնախարարի հետ՝ այն ժամանակվա պաշտոնյան էր, հիմա՝ տեղակալը, այդ հատվածը, որ կարդացինք, ասեցի՝ փաստորեն դուք Դաշնակցությունը փակելու եք։ Կատակի տվեցինք, ասեցին՝ հա, միգուցե»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց՝ Սահմանադրությունը փոխելու կամ չփոխելու հարցը երբեք քննարկման առարկա չի դարձել Ադրբեջանի հետ։

«Սահմանադրության թեման Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է։ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա 2026 թվականի Հայաստանի Հանրապետության նպատակներն ու պահանջներն արտահայտող Սահմանադրություն։ Որևէ մեկը այս տեքստն ասելով չի չեղարկում Անկախության հռչակագիրը։ Անկախության հռչակագիրը կա և լինելու է հավերժ, որով Հայաստանի Հանրապետությունը անկախացել է Խորհրդային Միությունից։ Սա որևէ մեկը չի վիճարկում։ Մենք խոսում ենք 2026 թվականի իրողություններն արտահայտող, լեգիտիմ կերպով ընդունված Սահմանադրության մասին։ Սրա մասին է խոսքը»։

Ընդդիմության մյուս անհամաձայնությունն իշխանության հետ խաղաղության գործընթացում և TRIPP նախագծում տարածաշրջանային դերակատարների բացակայությունն է։

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան․

«Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրենց համար «կարմիր գիծ» է»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյան․

«Հիմա փորձում են իրենք Ռուսաստանի անունը փոխարինել Իրանով։ Փորձում էին ներկայացնել, որ Իրանը մտահոգություններ ունի, որ դա վնասում է Իրանի շահերին, բայց մենք տեսանք, որ իրենք անընդհատ պարտվում են, որովհետև Իրանից էլ եկան արձագանքներ։ Վերջին արձագանքն այն էր, որ իրենք որևէ մտահոգություն չունեն, ու հայկական կողմն առաջ եկող մտահոգությունները փարատում է»։

Միջազգային երաշխավորներ չեն կարող ներգրավվել այս գործընթացում՝ բացի ԱՄՆ-ից, և չեն էլ լինելու, հավելեց Հակոբյանը։

Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բյուջեի քննարկումների ժամանակ նա ընդդիմության գործունեությունը կապել էր այլ երկրների տված երաշխիքների հետ՝ հայտարարելով, որ այս անգամ երաշխավորների հովանու ներքո ընդդիմության գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով։ Միաժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ ընդդիմադիրները դեռ ժամանակ ունեն այդ աղետից խուսափելու համար։

Leave a Comment