ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը հռչակվել էր 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մեղրին այս պատվավոր կարգավիճակին արժանացած հայկական երրորդ քաղաքն է Գյումրիից և Գորիսից հետո: Նոյեմբերի 1-ին Մեղրիում տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումների մեկնարկը տրվել էր դեռևս այս տարվա ապրիլին՝ Ագարակ քաղաքում՝ ծառատունկով, ԱՊՀ երկրների «ԱՐՏԷՔՍՊՈ» ցուցահանդեսով, հանդիսավոր համերգով և այլ միջոցառումներով: Ապրիլից մինչև նոյեմբեր 30–ից ավելի նախագծեր են իրականացվել: Դրանք ընդգրկել են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Ագարակն ու Շվանիձորը։ ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Վիրաբյանն ընդգծում է, որ դա լիովին համահունչ է ՀՀ որդեգրած մշակութային քաղաքականությանը՝ ապակենտրոնացնել մշակութային կյանքը և այն հասանելի դարձնել հեռավոր շրջաններում:

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը մեզ համար ավելին էր, քան պարզապես միջոցառումների շարք։ Թեև այսօր պաշտոնապես փակում ենք այս էջը, համոզված եմ, որ այն իր խորը հետքը թողեց բոլորի սրտերում՝ բացելով նոր հեռանկարներ հետագա համագործակցության համար: Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ՝ ներշնչելու, միավորելու և արժանիորեն ներկայացնելու հայկական մշակույթը միջազգային հարթակներում»։
Ծրագրի փակման արարողությանը հատուկ ուղերձով հանդես է եկել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Նա նշել է, որ համագործակցության ստեղծման 35-ամյակի տարում Մեղրիին այս կարգավիճակը շնորհելը խորհրդանշական է:

«Մեղրիի պատմական հարուստ ժառանգությունը, բնությունը, ավանդույթներն ու բնակիչների հյուրընկալությունը, որոնք ծրագրին առանձնահատուկ հնչեղություն են հաղորդել» :
ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը նկատում է՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքների աստղային երկնակամարում նոր և պայծառ աստղ է հայտնվել։

«Մեղրին քաղաք է, որտեղ մարդիկ առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում իրենց բազմադարյա պատմությանը: Այն հարգանք և հետաքրքրություն է շարժում իր ճարտարապետական հուշարձաններով, բուրավետ այգիներով և անսահման հյուրասեր մարդկանցով: Վստահ եմ, որ միջոցառումների մասնակիցներն իրենց հետ կտանեն վառ տպավորություններ և ջերմության մի կտոր»։
ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի՝ 2027 թ–ի տիտղոսը ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Վիրաբյանը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին։
Բելառուսի ներկայացուցիչ Ալեսիա Լուկովսկայան Մեղրիից էստաֆետն ընդունելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է համարում։
«Տարվա ընթացքում մենք հետևել ենք Մեղրիի հաջողություններին և անկեղծորեն ուրախացել: Մեղրին հնագույն ճարտարապետության և անկոտրում կամքի քաղաք է: Մենք պատվով կկրենք այս կոչումը և բոլորին հրավիրում ենք Մոլոդեչնո»:
Փակման հանդիսավոր արարողությունից հետո ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների համար մշակութային-ճանաչողական ծրագիր էր կազմակերպվել: Հյուրերը ծանոթացել են Մեղրիի տեսարժան վայրերին, այցելել են Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին և Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները: Հյուրերը նաև զբոսնել են քաղաքում ծանոթացել մարդկանց ապրելակերպին,Մեղրիի հարուստ ավանդույթներին և մշակութային ժառանգությանը:
Այսպիսով՝ Մեղրին դարձավ այս պատվավոր կարգավիճակին արժանացած հայկական երրորդ քաղաքը՝ Գյումրիից և Գորիսից հետո: