Սահմանազատում, TRIPP, երկաթուղի, գազ․ ենթակառուցվածքային օրակարգի նոր մանրամասներ՝ ԱԺ-ում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները դանդաղել են՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սակայն միաժամանակ Գրիգորյանը կարևորել է, որ արդեն կա կանոնակարգ, իրավական բազա, և հետագա աշխատանքներն ավելի շատ տեխնիկական ու տեղագրական բնույթ են կրելու։ Փոխվարչապետի ձևակերպմամբ՝ բարդ իրավական գործընթացներն կողմերն արդեն անցել են, իսկ սահմանազատման հաջորդ փուլը կարող է կապված լինել TRIPP նախագծի հետ։ Իսկ վարչապետ  Փաշինյանը ԱԺ հանձնաժողովներում մեկնարկած բյուջետային քննարկումների ժամանակ բացահայտել է նախագծի որոշ մանրամասներ,   նաև՝ Հայաստանի առաջիկա քայլերը՝ միջազգային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ։ 

Վարչապետ  Փաշինյանը ԱԺ-ում որոշ փակագծեր է բացում TRIPP-ի երթուղու արդեն հայտնի և հաստատված հատվածի մասին։

«Այս պահին հստակ գիտենք, որ TRIPP նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, և այնտեղ նաև՝ էլեկտրակահաղորդման գծեր, ավտոճանապարհ, գազամուղ, նավթամուղ։ Այդ թեմաները ավելի ուշ քննարկելու հարց են։ Արևելք–արևմուտք ամենակարճ կապն անցնում է ՀՀ հյուսիսով։ Նույնիսկ կարող ենք կոնկրետ ասել՝ այդ ամենակարճ կապը անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով, և հետևաբար, ակնհայտ է, որ մենք այս ուղղությամբ պետք է ամեն ինչ անենք մեծ ներդրումներ ներգրավելու համար»։

Ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումից դուրս գալու հնարավորությունը Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգտագործել ոչ միայն TRIPP-ի, այլև միջազգային այլ ծրագրերի շրջանակում՝ չբացառելով Հայաստանի տարածքով անցնող այլ ուղիների ու ենթակառուցվածքների ներգրավումը։

Այս ուղղությամբ արդեն գործնական քայլեր են ձեռնարկվում։ Մինչև TRIPP զարգացման ընկերության ձևավորումը՝ գործադիրը սեփական նախաձեռնությամբ կսկսի նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ ժամանակ չկորցնելու համար։ Ընկերության ձևավորումից հետո արդեն արվածը կփոխանցի դրան։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա սահմանազատման աշխատանքները նույնպես կարող են կապված լինել այս նախագծի հետ՝ ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թեև, ըստ նրա, սահմանազատման հաջորդ փուլի ժամկետների շուրջ Ադրբեջանի հետ դեռ պայմանավորվածություն չկա։

«Շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP–ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և՛ կազմակերպել աշխատանքները, և՛ իրականացնել։ Մենք, չսպասելով TRIPP–ի ձևավորմանը, էլեկտրահաղորդման լարեր, ավտոճանապարհ և երկաթգիծ,  հիմա սխեմաներն ենք նայում։ Պետք է ամենաօպտիմալ տարբերակը գտնել, որպեսզի ներդրումը արդյունավետ լինի՝ առաջին, և երկրորդը, որպեսզի ենթակառուցվածքը մրցունակ լինի։ Տարածաշրջանում ամեն ինչ հնարավոր է կառուցել, բայց դա պետք է կառուցված լինի այնպես, որ մրցունակ լինի միջազգային լոգիստիկայի համար։ TRIPP–ը պետք է արագ անենք»։

Ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը, սակայն, դեռ լուծման կարիք ունի։ Այստեղ բախվում են TRIPP-ի մասնակից կողմերի և Ռուսաստանի շահերը։ Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը ռուսական գործընկերների հետ պայմանավորվել է առաջիկա երեք ամսում քննարկել հարցը և որոշել՝ ով, ինչպես և ինչ ժամկետում կիրականացնի անհրաժեշտ ներդրումները։

«Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Իջևան–Հրազդան և Վանաձոր–Գյումրի երկաթուղային գծերը միացնել իրար, որպեսզի իմ նշած ուղեգծով ունենանք երկաթուղային կապ։ Նաև շատ էական է Երասխի և Ախուրիկի հատվածներում մեր երկաթուղու վերականգնումը։ Այդ թեմայով քննարկումներ են եղել, և շարունակում ենք քննարկումները ՌԴ մեր գործընկերների հետ։ Հարցի պատասխանը, թերևս պետք է լինի հետևյալը, թե ո՞վ և ինչպե՞ս է անելու և ի՞նչ ժամկետներում իմ նշած ներդրումները։ Ինձ համար միանշանակ է, որ մենք չենք կարող բաց թողել Հայաստանի համար պատմական այս հնարավորությունը, և մենք այստեղ պետք է գնանք լուծումների»։

TRIPP ուղղությունից բացի՝ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նաև մի շարք այլ զգայուն հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ շուկաներում ստեղծված իրավիճակը։ Նոյեմբերի 3-ին ԵԱՏՄ կոլեգիայում պետք է քննարկվեր Հայաստանի դիմումը՝ Ռուսաստանի գործողությունները առևտրային արգելք ճանաչելու վերաբերյալ։ Նախատեսված ժամկետում, սակայն, Հայաստանի դիմումը չի քննարկվի՝ տեղեկացնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չմանրամասնելով հետաձգման պատճառները։

«Նիստը մեր նախաձեռնությամբ մեկ շաբաթ հետաձգել ենք՝ իմ և ԵԱՏՄ–ում մեր նախարարի պայմանավորվածության արդյունքում։ Նման հարցերից է կախված՝ ԵԱՏՄ կա, թե չկա։ Այսինքն՝ եթե անդամ մյուս երկրները մեր նկատմամբ այս սահմանափակումների մասով խնդիր չեն տեսնում, ես կարող եմ ասել, որ  պետք է սպասեն իրենց հերթին»։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը քննադատեց Հայաստանին առնչվող ԵԱՏՄ վերջին զեկույցն ու դրանում ներկայացված կանխատեսումները, սցենարներն ու հաշվարկները։ Նա դա համարում է անփույթ աշխատանք և պնդում, որ այն մեծամասամբ կազմվել է Հայաստանում։ Որպես հիմնավորում՝ նախարարն ասում է, որ զեկույցում օգտագործված հղումները հայկական, հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցների հայերեն տարբերակներն են։

«Նույնիսկ ռուսերենը չի, օրինակ՝ կան, չէ՞, ռուսերեն կամ անգլերեն տարբերակները, գոնե դա անեին։ Հայերենն է, զեկույցը գրված է Հայաստանում, բայց սխալ զեկույց է։ Ասեմ ինչու։ Օրինակ՝ Հայաստանից 15.2 անգամ պակասել է մոնիտորների արտահանումը դեպի Ռուսաստան։ Դե պարզ է, չէ՞, մենք մոնիտոր չենք արտադրում, հետևաբար վերաարտահանում է եղել, որը չկա։ Իրենք հաշվարկը տարել են այնպես, որ այդ մոնիտորը եթե Հայաստանում արտադրվեր, ինչքան ավելացված արժեք կստեղծվեր, ինչքան աշխատատեղ կստեղծվեր, ինչքան հարկ կվճարվեր և այլն։ Այնինչ այդ մոնիտորն ընդամենը եկել է այստեղ, դրա համար վճարվել է ԱԱՀ, հետո այդ ԱԱՀ–ն ոնց վճարել են, նույն կերպ հետ են ստացել։ Վերաարտահանման մեջ շահութաբերության մակարդակը մեծ չի կարող լինել»։

Իսկ գազի սակագների հնարավոր փոփոխության մասին խոսելիս նախարարը հավաստիացրեց, որ կառավարությունում տարբեր սցենարների հաշվարկներ ունեն։ Թեև նման հայտարարություն անելը պաշտոնյայի համար, իր խոսքով, ճիշտ չէ, սակայն նա պնդում է, որ անգամ գազի 300 տոկոս թանկացման դեպքում չի արձանագրվի զեկույցում ենթադրված տնտեսական բարդ վիճակը։ Իսկ դրանում կանխատեսվել էր  սակագնի 69 տոկոս աճ։

Leave a Comment