Ե՞րբ է գործատուն պարտավոր տրամադրել չվճարվող արձակուրդ

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է չվճարվող արձակուրդի տրամադրման հիմնական կանոնները՝ այն դեպքերը, երբ արձակուրդը տրամադրվում է հենց աշխատողի պահանջով, և առավելագույն ժամկետները: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։

Չվճարվող արձակուրդի հասկացությունը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ չվճարվող արձակուրդը նպատակային արձակուրդի տեսակներից է։ Իսկ 217-րդ հոդվածով գործատուի համար սահմանված է պարտականություն՝ օրենքով նախատեսված կարգով աշխատողին տրամադրելու վճարվող և չվճարվող արձակուրդները։

Չվճարվող արձակուրդի պարտադիր տրամադրման դեպքերը

Օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի պահանջով տրամադրել չվճարվող արձակուրդ։

Մասնավորապես, նման իրավունք ունի հղիության և ծննդաբերության արձակուրդում կամ մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջ ամուսինը։ Այս հիմքով արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը։

Չվճարվող արձակուրդ կարող է պահանջել նաև հաշմանդամություն ունեցող աշխատողը կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողը։ Արձակուրդը տրամադրվում է բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետով, սակայն տարվա ընթացքում չի կարող գերազանցել 30 աշխատանքային օրը։

Օրենսդրությամբ առանձին հիմքեր են նախատեսված նաև անձնական և ընտանեկան նշանակության իրադարձությունների համար։ Այսպես՝ ամուսնության կապակցությամբ աշխատողին տրամադրվում է երեք աշխատանքային օր, իսկ ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ մինչև երեք աշխատանքային օր չվճարվող արձակուրդ։

Աշխատողն իրավունք ունի նաև իր ազգային կամ կրոնական տոները և հիշատակի օրերը նշելու նպատակով օգտվելու չվճարվող արձակուրդից, որի տևողությունը տարեկան չի կարող գերազանցել չորս աշխատանքային օրը։

Առանձին կարգավորում է նախատեսված համատեղությամբ աշխատողների համար։ Եթե աշխատողը հիմնական աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու պատճառով չի կարող ներկայանալ համատեղությամբ աշխատանքի վայր կամ հակառակը, նրան կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ աշխատանքային տարվա ընթացքում առավելագույնը 30 օր ժամկետով։

Չվճարվող արձակուրդի լրացուցիչ հիմքերն ու տևողությունը

Աշխատանքային օրենսդրությունը հնարավորություն է տալիս չվճարվող արձակուրդի տրամադրման լրացուցիչ հիմքեր սահմանել նաև կոլեկտիվ պայմանագրով։

Բացի այդ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ, աշխատողին կարող է տրամադրվել ավելի երկարատև չվճարվող արձակուրդ։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ դրա տևողությունը մեկ աշխատանքային տարվա ընթացքում չի կարող գերազանցել 60 օրը։

Հանրային պաշտոն զբաղեցնողների և հանրային ծառայողների համար սահմանված է առանձին սահմանափակում․ նրանց չվճարվող արձակուրդը մեկ աշխատանքային տարվա ընթացքում չի կարող գերազանցել 30 օրը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Չվճարվող արձակուրդի տրամադրման բոլոր դեպքերը նույն իրավական կարգավորումը չունեն։ Օրենսդրությամբ հստակ թվարկված հիմքերի առկայության դեպքում գործատուն պարտավոր է արձակուրդ տրամադրել աշխատողի պահանջով։ Մինչդեռ անձնական այլ պատճառներով երկարատև չվճարվող արձակուրդի տրամադրումը կախված է կողմերի համաձայնությունից կամ համապատասխան պայմանագրային դրույթներից։

Հետևաբար, մինչև չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնելը կարևոր է պարզել դրա իրավական հիմքը և տվյալ հիմքի համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը։

Leave a Comment