Հենց ընկերության տարածքից գողացել են Bugattiի ղեկավարի՝ 3 միլիոն եվրո արժողությամբ մեքենան․ հետապնդմանը միացել է երեք երկրի ոստիկանություն

Հենց ընկերության տարածքից գողացել են Bugattiի ղեկավարի՝ 3 միլիոն եվրո արժողությամբ մեքենան․ հետապնդմանը միացել է երեք երկրի ոստիկանություն։

Bugatti Rimac ընկերության ղեկավար Մատե Ռիմացը հայտնել է, որ Խորվաթիայում՝ ընկերության տարածքից, գողացել են իր Bugatti Chiron Sport հիպերմեքենան, որի արժեքը մոտ 3 միլիոն եվրո է։ Ռիմացի խոսքով՝ մեքենան առևանգել է 36-ամյա մի տղամարդ, որը ընկերության տարածք էր եկել՝ աշխատանք փնտրելու նպատակով։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին։ Անծանոթ տղամարդը նկատել է կայանված հիպերմեքենան և, չդիմանալով գայթակղությանը, նստել է մեքենան ու հեռացել դրանով։
Ռիմացի խոսքով՝ ինքը սովորաբար չէր կողպում մեքենաները և բանալիները թողնում էր սրահում։
Գողն ունեցել է մոտ մեկ ժամվա առավելություն։ Նա շարժվել է դեպի Սլովենիա, ապա հատել Ավստրիայի սահմանը։ Այդ ընթացքում Ռիմացն անձամբ հետապնդել է նրան՝ իր Porsche 911-ով։
Հիպերմեքենայի որոնողական աշխատանքներին մասնակցել են Խորվաթիայի, Սլովենիայի և Ավստրիայի իրավապահները։ Ի վերջո, Ավստրիայի ոստիկանությունը մեքենան կանգնեցրել է Գրացի մերձակայքում գտնվող բենզալցակայանում։
Ավելի ուշ Bugatti Rimac-ի ղեկավարը հանդիպել է կասկածյալին և հայտարարել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում չի ներկայացնի նրա դեմ, չնայած ոստիկանությունն արդեն քրեական հետապնդում է հարուցել։

Bugatti Chiron Sport-ը թափքի աննշան վնասվածքներ է ստացել, որոնք, Ռիմացի գնահատմամբ, հնարավոր է վերականգնել։ Դեպքից հետո նա խոստացել է այսուհետ մեքենաների բանալիները չթողնել սրահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment