
Լույս է տեսել «Վիմագրական հետազոտություններ» մատենաշարի 1-ին հատորը, որը նվիրված է վիմագրական մշակույթին՝ ժայռապատկերներից մինչև մեր օրերը։
Գրքի կազմող-խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Հարությունյանը նշում է, որ դեռ 2023 թվականին հրավիրված վիմագրագիտությանը նվիրված միջազգային գիտաժողովը պետք է ունենար արժանի տպագիր շարունակություն, ինչն էլ իրականություն դարձավ այս հատորի հրատարակմամբ։
Գիրքը լուսաբանում է վիմագրական մշակույթի ուշագրավ էջերը և անշուշտ կհետաքրքրի ինչպես մասնագետներին, այնպես էլ ընթերցող լայն հասարակությանը։ Հատորում ամփոփված է շուրջ 20 հետազոտություն։


Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցիների արձանագրությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները՝ եկեղեցու որ հատվածում տեղադրել նվիրատուի անունը, ինչ նպատակով, որքան գումար է նվիրաբերվել և ում անունն է պետք արձանագրել։
Այս վիմագրերը պահպանվել են մինչ օրս՝ դառնալով մեր պատմության անջնջելի վկայությունները։ Եկեղեցիների բարավորներն ու տեսանելի մյուս հատվածները շատ հաճախ ծառայել են որպես վիմագրադաշտ, ընդ որում՝ այս սովորույթը կիրառելի է նաև մեր օրերում։ Վիմագրագիտական հետազոտությունները շարունակվում են, ուստի ընթացքի մեջ է լինելու նաև մատենաշարի հրատարակումը։