Սնանկությունը պարտադիր չէ, որ բիզնեսի ձախողման դատավճիռ լինի․ այն կարող է նաև հնարավորություն տալ վերականգնելու ընկերության ֆինանսական կենսունակությունը։ Այս համատեքստում կարևոր գործիք է ֆինանսական առողջացման ծրագիրը, որը թույլ է տալիս որոշակի պայմաններով վերակազմակերպել պարտավորությունները և վերադառնալ բնականոն գործունեության։
Հատկապես արդիական է խնդիրը կառուցապատման ոլորտում, որտեղ մի շարք ընկերություններ ֆինանսական դժվարությունների են բախվել, իսկ բնակարանների հանձնման ժամկետների խախտումները մտահոգում են հարյուրավոր գնորդների։
Մասնագետի խոսքով՝ ժամանակին իրականացված սնանկության գործընթացն ու ֆինանսական առողջացման ծրագիրը կարող են օգնել պահպանել բիզնեսի կենսունակությունը, կատարել պարտավորությունները և կանխել բնակարանների հանձնման հետագա ձգձգումները։
Iravaban.net-ի հետ զրույցում թեման ներկայացրել է «Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Մակար Եղիազարյանը։