Բռնության դեմ՝ օրենքով, տարաձայնությունները՝ բռունցքներով․ ինչպես են արտահայտվում տարաձայնությունները ԱԺ-ում

Ազգային ժողովում քաղաքական վեճը վերածվել է ծեծկռտուքի՝ թռչող շշերով, աթոռներով ու բռունցքներով։ Իշխանությունն ու ընդդիմությունը կատարվածի պատասխանատվությունը միմյանց վրա են դնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտում է բռնությունը, բայց միաժամանակ աջակցում ՔՊ պատգամավորների գործողություններին։ Նա հայտարարել է, որ պատգամավորին հարվածելու փորձի դեպքում՝ մեջբերում, «էդ ձեռը մենք կջարդենք»։ Միջադեպը դատապարտել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պահանջելով պատշաճ քննություն։

Ջրի թռչող շշեր, կոտրված սեղաններ, աթոռով ու բռունցքներով հարվածներ, պատգամավորներին բաժանել փորձող անվտանգության աշխատակիցներ։ Ազգային ժողովի դահլիճում հոկտեմբերի 29-ին քաղաքական վեճը վերածվեց ծեծկռտուքի։

Ամեն ինչ սկսվեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տարոն Չախոյանի՝ կոռուպցիայի մասին մեղադրանքներին վերաբերող ելույթը շուտով դուրս եկավ քաղաքական քննադատության շրջանակից։ Փոխադարձ հակադարձումներն ավելի սրվեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ բանավեճի ժամանակ և խոսքերին փոխարինելու եկավ ձեռնամարտը։

Դահլիճում՝ ավելի քան 15 րոպե, ապա նաև միջանցքներում շարունակվող միջադեպը խորհրդարանական օրվա գլխավոր իրադարձությունը դարձավ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կատարվածը կապեց բարեկրթության կանոնների խախտման հետ։ Նա նաև տարակուսանք հայտնեց, որ ծեծկռտուքից հետո պատգամավորները դժգոհում են անվտանգության աշխատակիցների միջամտությունից։

«Չսկսեիք ծեծկռտուք, որ նման իրավիճակներում չհայտնվեիք և ստիպված չլինեիք գալ, ինձ դիմել, որպեսզի ես ձեզ ավելի լավ պաշտպանեմ։ Քավ լիցի, ես ձեզ ինչքան պետք է պաշտպանում եմ»։

Ռուբինյանը հիշեցրեց, որ դեռ խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելիս պատգամավորներին կոչ էր արել պահպանել բարեկրթության կանոնները։ Նրա խոսքով՝ այդ կոչը միայն հանրության ակնկալիքներին արձագանքելու մասին չէր․ այն նաև ընդդիմությանն էր ուղղված՝ խորհրդարանում նման իրավիճակներից խուսափելու համար։

«Ես ասել եմ, չէ՞, մենք առաջարկում ենք բարեկրթության կանոն։ Կպահեք, կլինենք բարեկիրթ, չեք պահի, կստանաք 10, 20, 30, 40, 60 անգամ ավել, ու ստացաք, Աստված վկա, դուք ստացաք»։

Վեճի կենտրոնում հայտնված ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը կատարվածի պատասխանատվությունը դրեց ընդդիմության վրա։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր պատգամավորների պահվածքը խուլիգանական էր, մինչդեռ իր ելույթում, ինչպես պնդեց նա, որևէ մեկի հասցեին վիրավորող արտահայտություն չէր հնչել։

«Քիչ առաջ ականատես եղանք խորհրդարանական ընդդիմության խուլիգանական պահվածքին, երբ հարձակվեցին ամբիոնի մոտից ելույթ ունեցող պատգամավորի վրա, ժողովրդավարական երկրներում նման պահվածքը, քան խուլիգանական, կներեք, այլ կերպ հնարավոր չէ որակել և անվանել»։

Միջադեպից հետո քաղաքական հակադրությունը չմարեց․ ֆիզիկական բախմանը հաջորդեցին հակադարձ մեղադրանքները։ Իշխող խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը պնդեց՝ առաջին հարվածը հասցրել են ընդդիմադիրները։

«Առաջին հարվածը և առաջին ծեծկռտուքը հրահրել են իրենք, բայց, իհարկե, երևաց, թե ովքեր ծեծ կերան»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ իշխանությանը պատասխանեց նույնքան կոշտ բառապաշարով՝ ամիսներ շարունակվող քաղաքական հակադրությունը ներկայացնելով որպես իրենց հասցեագրված ճնշում։

«Էն մարդիկ, ովքեր ամիսներով ուղղակի մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան, բերնին, կերան ու վատ կերան»։

Իսկ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կատարվածը կապեց իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոստումների և իր բնորոշմամբ՝ «ֆեյքերի ֆաբրիկայի» հետ։

«Հիմա ոտից գլուխ կոռուպցիայի մեջ են, և հետևաբար, իրենց համար, դա շատ զգայուն թեմա է։ Բայց, կոնկրետ այս իրավիճակը ուղիղ կապված է, կրկնում եմ, հիմնական ֆեյքի հետ։ Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր «ֆեյքերի ֆաբրիկայից» տեղափոխվել է Ազգային ժողով և իրեն շարունակում է պահել, ինչպես ֆեյք աշխատացնող»։

Խորհրդարանական բախմանը հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։ Նա հայտարարեց, որ դատապարտում է բռնությունը, բայց միաժամանակ աջակցում է ՔՊ պատգամավորների գործողություններին՝ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դնելով ընդդիմության վրա։

«Այո՛, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է, համարժեք է և ճիշտ է»։

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին նաև՝ արդյոք իշխանական պատգամավորների վարքագիծը համապատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի կանոնագրքին։ Փաշինյանը զգուշացրեց, թե ինչ կլինի, եթե որևէ մեկը փորձի հարվածել ԱԺ պատգամավորին։

«Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի, որ Ազգային ժողովի պատգամավորին խփի, այդ ձեռը մենք կջարդենք ուղղակի։ Ասում եմ՝ շատ ուղիղ և առանց սեթևեթանքի»։

Միջադեպին արձագանքեց նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա խստորեն դատապարտեց տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, ոչ թե մարտադաշտ։ Մանասյանը պահանջեց բացառել ոչ միայն բռնությունը, այլև այն արդարացնող խոսքը՝ նշելով, որ միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով քննության առարկա դառնա։

Խորհրդարանում հնչեցին բարեկրթության կանոնների պահպանման կոչեր, բռնությունը դատապարտող հայտարարություններ ու միաժամանակ ուժի կիրառումը պաշտպանող խոսքեր։

Leave a Comment