Թրամփը Ուկրաինային վնասելու հրահանգ չի տվել․ Ռուբիոն՝ Զելենսկիին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հայտնել է, որ նախագահ Թրամփը Ուկրաինային վնասելու որևէ հրահանգ չի տվել։

Ինչպես գրում է Axios-ը, 45 րոպե տևած զրույցը տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների նոր փուլից մի քանի ժամ առաջ։ Բանակցություններին մասնակցում է Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, իսկ նպատակն է եվրոպական դաշնակիցների հետ համաձայնեցնել միասնական դիրքորոշում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվելիք խաղաղության թարմացված առաջարկի շուրջ։

10 օր առաջ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի մասին։

Երկուշաբթի օրը Զելենսկին հանդիպել է սենատորների երկկուսակցական խմբի հետ՝ կոչ անելով ազդել Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի վերացվեն հետախուզական տվյալների փոխանակման և զենքի մատակարարման հետ կապված սահմանափակումները։

Երեքշաբթի օրը Ռուբիոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Զելենսկու պնդմանը, թե Պենտագոնը սահմանափակումներ է մտցրել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման, զենքի վաճառքի կամ «Starshield» արբանյակային համակարգի օգտագործման վրա։

«Ոչ մի փոփոխության հրաման չի տրվել։ Ճիշտ չէ, որ մենք սահմանափակումներ ենք մտցրել», — ասել է Ռուբիոն։

Ռուբիոն Զելենսկիին տեղեկացրել է, որ հնարավոր է ուշացում լինի «Patriot» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում, թեև դրանց դիմաց ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն վճարել են։  

Ռուբիոն նշել է, որ Թրամփը «զայրացած և հիասթափված է» այն պատճառով, որ երկու տարվա ջանքերից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում որևէ առաջընթաց չկա։

Զրույցից հետո Զելենսկին X-ում գրել է, որ «երախտապարտ է» Ռուբիոյին՝ «օգնելու պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար»։

Նա ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են բալիստիկ հրթիռները որսացող համակարգեր և վաղ նախազգուշացման միջոցներ՝ ուկրաինացի քաղաքացիներին պաշտպանելու համար, ինչպես նաև ընդգծել է, որ «Starlink-ի և Starshield-ի հետ կապված իրավիճակը պետք է կարգավորվի»։

Ուիթքոֆը երեքշաբթի ժամանել է Օսլո՝ Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններ վարելու համար։

Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, E4 խմբի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան) ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներ։

Օսլոյից հետո Ուիթքոֆը նախատեսում է մեկնել Ռուսաստան՝ հանդիպելու Պուտինի հետ և ներկայացնելու այն գաղափարները, որոնք մշակվել են ուկրաինացի և եվրոպացի առաջնորդների հետ խորհրդակցությունների արդյունքում։

Leave a Comment