Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակչից առգրավվել են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի երկու առանձնյակ, հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։
Կենդանական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 3 մլն դրամ։ ԲԸՏՄ-ն նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե։
ԲԸՏՄ-ն հոկտեմբերի 15-ին ոստիկանությունից տեղեկություն էր ստացել Ծաղկունքում ապօրինի պահվող բեզոարյան այծերի մասին։
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ գյուղի բնակիչ Բ. Ս.-ն իր տան բակի փակ շինությունում պահում էր մոտ 4–5 ամսական երկու այծ՝ մեկ արու և մեկ էգ։ Քաղաքացու խոսքով՝ կենդանիներն իրեն նվիրել են։
Կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն և տեղավորվել կարանտինային գոտում։
