Ժապարովը Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» գագաթնաժողովին

Վոլոդյա Հովսեփյան
«Ռադիոլուր»-ի համար

Պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Այսօր Հայաստանի վարչապետի հետ կայացել է երկկողմ հանդիպում, ստորագրվել են տնտեսության, կրթության, մշակույթի, բնապահպանության և այլ ոլորտներին վերաբերող հուշագրեր։ Երկու երկրների ղեկավարները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, լոգիստիկ ուղիների ու մարդկանց տեղաշարժի համար ավելի լայն հնարավորություններ ստեղծելու ծրագրերը։ Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու հաջորդ տարի Բիշքեկում անցկացվելիք Լեռների համաշխարհային գագաթնաժողովին։

Իսիկ Կուլից Գեղամա գեղեցկուհի․ Ղրղզստանի մարգարիտն ու մեր Սևանը Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի հանդիպման առանցքային թեմաներից էին։ Երկու ղեկավարներն այս լճերի պահպանության վերաբերյալ համատեղ հուշագիր ստորագրեցին։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջին անգամ է Հայաստանում։ Այցը պաշտոնական է, առիթը՝ Երևանում անցկացվող COP17 համաժողովը։

Փաշինյանն ու Ժապարովը, բացի բնապահպանությունից, նաև այլ ոլորտների են անդրադարձել և փաստաթղթեր ստորագրել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։

«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում համակողմանի քննարկեցինք քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները»։ 

Փաշինյանն ու Ժապարովն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցերին։

«Այս համատեքստում կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության՝ Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ ստորագրած պայմանագրերը այդ երկրների միջև։ Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար»։ 

Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն աճել է։ 2020-ի՝ 2,1 միլիոն դոլար ցուցանիշը նախորդ 5 տարիներին, ըստ վիճակագրության, տասնապատկվել է։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ղրղզստանը լեռնային երկրներ են, և ղեկավարների ուշադրության կենտրոնում են նաև լեռնային բնակավայրերի կայուն զարգացման հարցերը։ Սադիր Ժապարով․

«Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում գործակցության համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերը, հատկապես կարևորագույն ուղղություններից մեկը հանդիսացող տրանսպորտային ոլորտում, թույլ կտան ընդլայնել տարանցիկ ներուժն ու հասնել շոշափելի արդյունքների»։

Տնտեսական ու լոգիստիկ հարցերից բացի՝ ուշադրության կենտրոնում են նաև երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացումն ու մշակութային շփումները։ Նիկոլ Փաշինյանն այս ուղղությամբ անելիքների մասին խոսեց կոնկրետ ժամկետներով։

«Մեր երկրների միջև գործակցության կարևոր ուղղություններից են նաև կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները և երիտասարդական ներուժի զարգացումը։ Պայմանավորվեցինք խրախուսել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումները, զարգացնել համատեղ կրթական ծրագրերն ու հետազոտական նախաձեռնությունները՝ ընդլայնելով երկու երկրների կրթական և գիտական հաստատությունների միջև անմիջական կապերը։ Մեր պետությունների և ժողովուրդների մերձեցման գործում կարևոր տեղ ունեն մշակութային և հումանիտար կապերը։ Նախատեսում ենք 2027-2028 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր»։

Ղրղզստանի նախագահը Հայաստան է եկել՝ մասնակցելու COP17-ին։ Բնապահպանական այս գագաթնաժողովից մեկ տարի անց՝ 27-ի հոկտեմբերին, Ղրղզստանում կանցկացվի Լեռների համաշխարհային գագաթնաժողովը։ Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու Բիշքեկում անցկացվելիք համաժողովին։

Leave a Comment