Հայաստանի նկատմամբ Մոսկվայի նոր ռազմավարությունը

Ադրբեջանից սպառնացող ճնշումներին զուգահեռ՝ Ռուսաստանը զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Հավանաբար քաջ գիտակցելով, որ Հարավային Կովկասում իր ռազմավարական ներկայությունը վտանգված է, Մոսկվան հայաստանյան վերջին ընտրություններից հետո փոխել է Հայաստանի նկատմամբ իր քաղաքական ռազմավարությունը: Այժմ կարծես նա չի ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից այն պաշտպանությունը, որ մինչեւ 2020-ի պատերազմն էր ստանում: Այդ մասին են վկայում Ռուսաստանի նախագահի հայտարարությունները: Հիմնական պատճառը հավանաբար 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագիրը իրականություն դարձնելն էր, քանի դեռ Փաշինյանը պահպանում էր Հայաստանի Հանրապետության ղեկավարի իր պաշտոնը, որի համար, ըստ հայաստանյան ընդդիմության պնդումների, Ռուսաստանը գործադրել էր որոշակի ջանքեր:

Տպավորությունն այն է, որ Փաշինյանի վրա Մոսկվայի դրած հույսերը այժմ տարբեր բնույթն են ստացել: Փոխելով իր ռազմավարությունը՝ Ռուսաստանը նոր ուղիներ է որոնում պահպանելու համար իր դիրքային ազդեցությունը Հարավային Կովկասում: Նոր նախաձեռնություններից եւ քաղաքական քայլերից մեկը ամբողջ սեւծովյան ափի երկայնքով Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանը միացնող երկաթուղու գործադրումն ու ճանապարհի շինարարությունն էր: Ծրագիրը, որն ըստ մոսկովյան լուրերի, ստացել է «Պուտինի ուղի» անվանումը, մասնագիտական շրջանակների հանրային ընդարձակ քննարկումների թեման է դարձել:

Չնայած պաշտոնապես չի հայտարարվել, հանրային այդ քննարկումները ամենայն հավանականությամբ միջոց են ստուգելու Հայաստանի եւ Վրաստանի հակազդեցությունները: Հատկապես հետաքրքրական է, որ Ռուսաստանը այս քայլին չի դիմում պատահաբար: Նա քաջատեղյակ է Փաշինյանի «խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ իր նոր առաջարկով կարծես Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան է ակնկալում:

Եթե Երեւանը մերժի ճանապարհային այս առաջարկը, կնշանակի, որ «խաղաղության խաչմերուկը» ծառայում է կամ ծառայելու է սոսկ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի անմիջական հարեւանների հետ, միաժամանակ նպաստելով, որ Արեւմուտքն իր ազդեցությունն ունենա Հայաստանում` հակակշռելու համար ռուսական ազդեցությանը: Իսկ եթե Երեւանը ընդունի առաջարկը, Մոսկվան հնարավորություն կունենա ուժեղացնելու իր քաղաքական ընդգրկվածությունը Հարավային Կովկասում`  հիմք ընդունելով տնտեսական այդ նախաձեռնությունը, ճիշտ այնպես, ինչպես TRIPP-ը` «միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին»:

Առաջարկը մանրամասնորեն հաշվարկված քայլ է, որը կարող է շատ հարցերի պատասխանը տալ: Չի կարելի բացառել, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկեն այս հարցը իրենց հաջորդ հանդիպման ժամանակ: Հարավային Կովկասում իր դիրքերը թուլացած Ռուսաստանի համար ամեն հնարավոր միջոց պետք է օգտագործել, պահպանելու համար ազդեցության իր ավանդական ներկայությունը, միաժամանակ հակակշռելով թուրքական եւ ամերիկյան ազդեցությունների խորացմանը տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, իշխանությունները դիմագրավելու են դժվարին մի ընտրություն: Արեւմուտքի, հատկապես Եվրոմիության հետ հարաբերությունների տրամաբանությունը միտված է Մոսկվային դուրս թողնելու Հարավային Կովկասից: Բացի այդ, առնվազն պաշտոնական հայտարարությունների եւ հռետորաբանության մակարդակով, Երեւանը նպաստում է տեղի ունեցող լարվածությունների խորացմանը:

«Պուտինի ուղին» անշուշտ դեռեւս նախնական նախաձեռնություն է եւ շատ վաղ է որեւէ վճռորոշ եզրակացություն կատարել դրա շուրջ: Այդուհանդերձ, Մոսկվան հավանաբար ավելի ակտիվորեն կհետապնդի այդ գաղափարը, առնվազն, գուցե, որպես Հայաստանի վրա ճնշումը սաստկացնելու միջոց: Եթե Երեւանը մերժի առաջարկը, Մոսկվան լուրջ եզրակացությունների հիման վրա կոնկրետ քայլերի կդիմի:

Մի բան պարզ է: Ռուսաստանը, ճիշտ է, գուցե կորցրել է իր ազդեցության ոլորտները ամենատարբեր երկրներում եւ տարածաշրջաններում, սակայն դա չի նշանակում, որ Մոսկվան մինչեւ վերջին հնարավոր պահը չի պայքարելու պահպանելու եւ ուժեղացնելու համար իր դիրքերը: Միամտություն կլիներ ենթադրել, որ Ռուսաստանը կամ որեւէ այլ պետություն հեշտությամբ կզիջեր իր դիրքերը այն տարածքներում, որոնք ռուսական կայսրության ժամանակներից կազմել են իր ազդեցության ոլորտի կարեւոր մի մասը:
Անկախ ամեն ինչից, Մոսկվան հասկանում է, որ ինքը պետք է պահպանի իր ուժեղ դիրքերը Հարավային Կովկասի երկրներից առնվազն մեկում: Այլապես ստիպված կլինի ամբողջովին դուրս մնալ տարածաշրջանից: Եվ եթե հաշվի առնենք լարված հարաբերությունները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա պարզ կդառնա, որ Ռուսաստանի միակ հենակետը Հարավային Կովկասում Հայաստանն է: Մոսկվան կպայքարի այն պահպանելու համար:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Arm. Mirror-Spectator)

Leave a Comment