Նոր տիպի ծխախոտները լուրջ մարտահրավեր են. թիրախում դեռահասներն են

Նորարարական ծխախոտային արտադրատեսակները նոր մարտահրավեր են առողջապահական համակարգի համար։ Ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները վստահեցնում են, որ նոր տիպի ծխախոտային արտադրանքը վերջին տարիներին լայն տարածում է ստանում։ Ինչո՞ւ առողջությանը սպառնացող ակնհայտ նախազգուշացումները չեն կանխում ծխախոտի օգտագործումը, ինչպե՞ս է մարքեթինգն ազդում երիտասարդների վարքագծի վրա, և որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական սահմանափակումները։

Ծխելը վնասակար է առողջությանը, մահացու է, առաջացնում է թոքի քաղցկեղ, սիրտ-անոթային հիվանդություններ, վնասում է ձեր  ապագա երեխային․․․երիտասարդները այս զգուշացումները տեսնում են անընդհատ՝ ծխախոտի տուփի վրա, միևնույնն է շարունակում են ծխել, ինչու՞

Չնայած օրենսդրական խստացումներին ու գովազդի սահմանափակումներին՝ մարքեթինգային նոր արշավների, բույրերի և վառ փաթեթավորումների պատճառով էլեկտրոնային ծխախոտների թիրախում են հայտնվում հատկապես կանայք, դեռահասներն ու երեխաները: Պարզելու համար, թե որքանո՞վ է հավանական, որ  ծխախոտի գովազդը կարող է կախվածություն առաջացնել «Ռադիոլուր»-ը զրուցել է հոգեբան Ամալիա Սողոմոնյանի  հետ:

«Դեռահասների և երիտասարդների մտքով անգամ չի անցնում, որ հիվանդությունները կամ մահը կարող են իրենց մոտենալ, քանի որ ժամանակի զգացողությունն այս տարիքում բոլորովին այլ է: Ապագան թվում է անվերջ, իսկ վտանգները՝ վերացական ու անհավանական հեռավորության վրա: Հենց այս հոգեբանական առանձնահատկությունն է պատճառը, որ սպառնալիքների վրա հիմնված ավանդական զգուշացումները հաճախ չեն աշխատում այս տարիքում»:

Այն, որ անընդհատ լսում ենք՝ ծխելը վնասակար է, չի կարելի, մինչև 18 տարեկան երեխաներին արգելվում է, իսկ ֆիլմերում էլ երբեմն դա որպես բացասական երևույթ է ցուցադրվում, ցավալի է, բայց հակառակ էֆեկտն է ունենում, ընդգծում է մասնագետը։

«Երբ դեռահասը տեսնում է արգելքը, նա անպայման ուզում է փորձել և հասկանալ, թե դա ինչ է։ Վիզուլիզացիային դուրս հանելը և անընդհատ դրա մասին չխոսելը, չհիշեցնելը  երևի թե ավելի լավ կլինի»։

 Մասնագետը վստահեցնում է, որ այսօր դեռահասները նոր տիպի ծխախոտների մասին տեղեկանում են սոցցանցերից՝ TikTok-ից Instagram-ից և այլ հարթակներից։ Հայտնի ինֆլուենսերներն ու գեղեցիկ վիդեոները «վեյփերը» ներկայացնում են ոչ թե որպես վտանգավոր երևույթ, այլ որպես «նորաձև աքսեսուար»։ Հենց այս մոլորեցնող և գրավիչ առցանց մարքեթինգն է, որ երբեմն չեզոքացնում է առողջապահական զգուշացումները։

«Կան ժամանակակից թրենդներ, որոնց հետևում են դեռահասները՝ կարծելով, թե այդ տիպի ծխախոտ օգտագործելը գեղեցիկ է ու էսթետիկ։ Աղջիկները ևս սկսել են ավելի շատ օգտագործել, և գլխավոր պատճառը հենց այդ գեղեցիկ ու էսթետիկ երևալն է»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխախոտի պատճառով աշխարհում ամեն տարի մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ: Այդ ընդհանուր մահացության թվից շուրջ 1.3 միլիոնը բաժին է ընկնում այսպես կոչված երկրորդային կամ պասիվ ծխին, երբ մարդիկ իրենք չեն ծխում, բայց գտնվում են ծխի ազդեցության տակ:

Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը, տեղեկացնում է, որ ծխախոտի այրման պատճառով առաջանում են գազային թույներ, որոնք ներթափանցում են շնչառական ուղիներ, այնուհետև այլ օրգաններ։ Ծխախոտի օգտագործումը մեծ ռիսկ է և կարող է քաղցկեղի պատճառ դառնալ։

«Թոքի քաղցկեղը հանդիպում է հիմնականում 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում, գերակշռում են տղամարդիկ։ Բուժառուներին ուղղված մեր հորդորն է թողնել ծխելը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում վիրահատական բուժումից հետո, երբ ստանում են դեղորայքային բուժում, ապրելիությունը լավանում է 5-10 տոկոսով»։

 Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանի  ներկայացրած  վիճակագրական տվյալների, Հայաստանում 18-ից բարձր բնակչության շրջանում ծխում է 25.5 տոկոսը. նրանք ամենօրյա ծխողներ են։ Տղամարդկանց շրջանում ծխում է 53 տոկոսը, կանանց շրջանում՝ 2-ը, մինչդեռ երեխաների շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները շարունակում են բարձր մնալ։

«15 տարեկան տղաների 25, աղջիկների 4 տոկոսն է ծխում։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում լուրջ մարտահրավեր է էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը։ Մեր երկրում արդեն 11 տարեկանից առաջին անգամ ծխախոտ փորձում են, իսկ 13 տարեկանների շրջանում մոտ 5 տոկոսն օգտագործում է տարբեր տեսակի ծխախոտային արտադրատեսակներ»։

Ըստ մասնագետների չափահաս կանանց շրջանում գրանցված ցածր ցուցանիշը մեծ մասամբ պայմանավորված է ավանդական մոտեցումներով, մինչդեռ նոր տիպի ծխախոտային սարքերի ի հայտ գալուց հետո ցուցանիշները փոխվում են։

Հայաստանում տարիներ առաջ էականորեն բարելավվել է հակածխախոտային օրենսդրությունը։

Մասնավորապես, արգելվել է․

«Արգելվում է ծխախոտի և նոր տիպի սարքերի՝ վեյփերի ու տաքացվող ծխախոտների օգտագործումը բոլոր փակ հասարակական ու ժամանցային վայրերում: Խստացվում է  նաև գովազդի և խանութներում բաց ցուցադրության արգելքները։ Իսկ կանոնները խախտելու համար սահմանված են տուգանքներ. քաղաքացիների համար՝ 50 000 դրամ, իսկ տնտեսվարողների ու պատասխանատուների համար՝ 150 000-ից 200 000 ՀՀ դրամ»։

 Չնայած սահմանված խիստ պահանջներին դեռևս կան օրենսդրական խախտումներ։

 Տեսչական մարմինը տարբեր տնտեսվարողների մոտ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի և խոշոր սուպերմարկետների ցանցերում) բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքի, ինչպես նաև առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի իրացման դեպքեր։ Նման խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

Leave a Comment