Անկլավների փոխանակում գյուղերի «տեղաշարժման»  տարբերակով․ Փաշինյանը նոր փակագծեր է բացում

Անկլավ-էքսկլավների փոխանակման տարբերակում չի բացառվում գյուղերի «տեղաշարժման» հնարավորությունը՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է հարցը և տպավորություն ունի, որ երկու կողմերն էլ կառուցողական մոտեցում ունեն։ Վարչապետն ընդգծել է, սակայն, որ առայժմ խոսքը միայն քաղաքական պատկերացումների մասին է․ իրավական մանրամասների, ժամկետների և հնարավոր հանրաքվեի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։

Անկլավ-էքսկլավների շուրջ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, զգում է, որ հարցը տարածքների փոխանակմամբ լուծելու շուրջ ըմբռնում կա․

«Խոսքն, այո՛, Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլու գյուղ կա և Ասկիպարա գյուղը, այսինքն՝ այդ միավորների ու Արծվաշենի մասին է»։

Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է տարածքների հստակ ու  ճշգրիտ չափերով փոխանակում անեն՝ հայտարարում է Փաշինյանը՝ չբացառելով նաև գյուղերի, այսպես ասենք, «տեղաշարժման» տարբերակը․

«Արծվաշեն գյուղը իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում, մոտեցվում է, մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով, մի քիչ ուղիղ տանելով, մի քիչ երկայնակի։ Պատկերացրեք՝ ինչ եմ ասում, բայց գաղափարն էն է, որ գյուղը չենք փակում, գյուղը, ընդհակառակը, վերստեղծում ենք, բայց որ իր և Հայաստանի արանքում չմնա տարածք, որ մարդը, հիմա, պատկերացրեք, ասենք, Ճամբարակից մարդը գնում է իրանց տուն, պիտի գա մի հատ սահման անցնի, հետո երկրորդ սահմանը անցնի, հետո երրորդ սահմանը անցնի, հետո չորրորդ սահմանը անցնի։ Պրոբլեմ է։ Նույնն էլ՝ հակառակ կողմից, այսինքն՝ նույնն էլ հակառակ կողմից, որովհետև էս է տրամաբանությունը»։

Սա գործընթացի վերաբերյալ քաղաքական պատկերացումն է։ Ժամկետների և իրավական մանրամասների շուրջ քննարկումներ դեռ չկան՝ ասում է Փաշինյանը․

«Եթե այլ մանրամասներ հարցնեք, ասեք՝ բա էս ո՞նց է լինելու, բա էն ո՞նց է լինելու, դե յուրե ո՞նց է լինելու, դա հանրաքվեո՞վ է լինելու, թե՞ առանց հանրաքվեի։ Էդ բոլոր հարցերին ես հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև դա նաև իրավաբանական վերլուծության հարց է»։

Ի՞նչ սկզբունքով են փոխանակվելու տարածքները, եթե, փորձագետների գնահատմամբ, Տիգրանաշենը տարածքով ավելի փոքր է Արծվաշենից, բայց Հայաստանի համար ռազմավարական ավելի մեծ նշանակություն ունի՝ հարցնում են լրագրողները Նիկոլ Փաշինյանին․

«Ո՞վ է որոշում, որ ավելի… Ո՞վ է որոշում, որ ավելին է, հասկանում եք։ Ու սենց խոսույթներ կան, փորձագետները կանգնում են՝ հարավը կապում է հյուսիսին, ու գնաց, հարավը կապում է հյուսիսին, հյուսիսը կապում է հարավին։ Ռազմավարական է․․․ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ամբողջությամբ ոչ ռազմավարական կետ չկա»։

Հայաստանի տարածքը սահմանազատմամբ պետք է կազմի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր՝ ասում է Փաշինյանը։ Նա ընդգծում է, որ այս տրամաբանության շուրջ Թուրքմենստանում քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․

«Այն, ինչ ներկայացրի՝ անկլավ-էքսկլավների հետ կապված, էդ տրամաբանության շուրջ քննարկում եղել է։ Այսինքն՝ մենք, էլի եմ ասում, այստեղ մենք պետք է զգույշ լինենք,  որովհետև շփոթություններ կան, որ ասում ենք՝ տարածքային փոխանակում, դա ինչ է նշանակում և այլն։ Ես դրա համար փորձեցի ֆիզիկապես ցույց տալ։ Նկատի ունեմ՝ տերմինների մեջ պետք է զգույշ լինենք, որովհետև էդ տերմիններն իրավական նշանակություն ունեն, որոշակի նրբություններ ունեն»։

Թեմային անդրադարձել է նաև արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նույնպես շեշտել է ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցումը․

«Երկու ներկայացուցիչների կողմից էլ կա կառուցողական մոտեցում էս հարցին։ Չեմ ուզում կանխորոշել որևէ պայմանավորվածություն, բայց կարող եմ ասել, որ եթե  Հայաստանի ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության, պետք է որևէ բան ստացվի, այսինքն՝ տարածքի փոփոխություն պիտի լինի։ Գիտեք, սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է և էդպես էլ կլինի։ Սրանից հնարավոր չի խուսափել»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, հանրաքվեի կարիք գուցե լինի, գուցե ոչ․

«Կարող է պարզվել, որ տենց բան անելու համար հանրաքվե է պետք, կարող է պարզվել, որ տենց բան անելու համար հանրաքվե պետք չի, որովհետև մենք հիմա ունենք կանոնակարգ՝ երկու երկրների հանձնաժողովների աշխատանքի, որը վավերացված է Ազգային ժողովի կողմից»։

Որքան առարկայանում է խնդիրը, այնքան երկու երկրներն ավելի են մոտենում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Վարչապետի խոսքով՝ այժմ երկու երկրները խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլում են․

«Անձամբ ինձ համար կարևոր է, որ մինչև 2031 թվականն այս պրոցեսը հասնի վերջին»։

2031–ը հաջորդ հերթական խորհրդարանական ընտրությունների տարին է։

Leave a Comment