Վոլոդյա Հովսեփյան
«Ռադիոլուր»-ի համար
Հոկտեմբերի 25-ին Գավառ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են։ Պայքարին մասնակցող երեք ուժերի նախընտրական ծրագրերում առանցքային են համայնքի բարեկարգումը, ճանապարհների ու ջրամատակարարման խնդիրները, գյուղական բնակավայրերի զարգացումը, զբոսաշրջությունն ու երիտասարդների ներգրավվածությունը։ Բայց տարբեր են շեշտադրումները նաև քարոզարշավի ձևում․ մեկը շեշտը դնում է երիտասարդ թեկնածուների և քաղաքացիների մասնակցության վրա, մյուսը՝ համայնքային ենթակառուցվածքների ու գյուղերի խնդիրների, երրորդը՝ Գավառի զարգացմանն ուղղված մի շարք ոլորտային ծրագրերի։
Գավառում նախընտրական պայքարի են դուրս եկել «Ինքնիշխան Հայաստանը», «Համերաշխություն» դաշինքն ու «Հայկական քվե» կուսակցությունը։
Առաջինը ընտրապայքարի է գնում երիտասարդ թեկնածուներով։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է 32-ամյա Նարեկ Արևշատյանը։
«Մեր առջև խնդիր ենք դրել նաև բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում։ Բարձրաձայնելու ենք նրանց ներգրավվածությունն ավելացնելուն միտված խնդիրները և փորձելու ենք դրանք լուծել, այսինքն՝ ժողովրդավարական բոլոր գործիքներով քաղաքացիներին ներգրավել համայնքային խնդիրների լուծման և որոշումների կայացման գործընթացում»։
Արևշատյանը չի փորձում կանխատեսել, թե ինչ արդյունք կգրանցի կուսակցությունը հոկտեմբերի 25-ին։ Փոխարենը շեշտում է՝ ընտրողների հետ աշխատում են թափանցիկ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը։ Ծրագրավորող է, սովորել է նաև արտերկրում։ Ստարտափների իր փորձն ու համայնքային խնդիրները համադրելով՝ փորձում է լուծումներ առաջարկել։
«Ես և իմ երիտասարդական թիմը՝ այսինքն այն մարդիկ, ովքեր որ անմիջապես աջակցել են տվյալ նախաձեռնություններում, բոլորով, թիմային աշխատանքի միջոցով, նպաստել ենք մի շարք խնդիրների վերացմանը, ընդհուպ կարծրատիպերի մեղմմանը, հանրային տարածքների բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել»։
«Համերաշխություն» դաշինքը» լրատվամիջոցներին հարցազրույցներ չի տալիս, բայց ընտրողներին իր ծրագրերին ծանոթացնում է բուկլետների ու բրոշյուրների միջոցով։ Ցուցակի առաջին եռյակում են Գուրգեն Մարտիրոսյանը, Գրիգոր Դաշտոյանն ու Միլենա Դարբինյանը։ Դաշինքի կարգախոսն է՝ «Հանուն խաղաղ զարգացման»։
Ճանապարհաշինություն, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում ու սալարկում, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավում, արտաքին լուսավորություն, աղբահանության և կոմունալ ծառայությունների զարգացում։ Ծրագրում տեղ են գտել նաև նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնումն ու մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը։
«Համերաշխության» ծրագրերը միայն ենթակառուցվածքներով չեն սահմանափակվում։ Դաշինքը խոստանում է մաքրել նաև Գավառագետի հունը և կյանքի կոչել «Կանաչ Գավառ» ծրագիրը՝ ընդլայնելով անտառապատ տարածքները։ Մեջբերում ծրագրից։
Մեր տեսլականը բարեկարգ, մաքուր, կանաչապատ, զբոսաշրջային գրավչություն ունեցող և անվտանգ համայնքն է՝ զարգացած փոքր և միջին ձեռնարկատիրությամբ, գյուղատնտեսությամբ, ենթակառուցվածքներով և վերամշակվող արտադրությամբ, ակտիվ մշակութային կյանքով։
Գավառի ավագանու ընտրություններին մասնակցող երրորդ ուժը «Հայկական քվե» կուսակցությունն է։ Ցուցակը գլխավորում է գավառցի պատմաբան, 33-ամյա Հրայր Իսրայելյանը։ «Օգնել համայնքին և միշտ լինել բնակիչների կողքին»․ այս սկզբունքով է սկսել քարոզարշավը ցուցակի առաջին համարը։
Հրայր Իսրայելյան․ «Գյուղատնտեսության ոլորտում, երիտասարդության, զբոսաշրջության, հանրային տարածքների, ինչպես նաև խմելու ջրի ու համայնքային կառավարման տարբեր ծրագրեր ունենք»։
Իսրայելյանն ասում է՝ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Գավառի խնդիրները լուծելու համար։ Խոստանում է փոփոխություններ և պնդում՝ դրանց ժամանակը եկել է։ Ընտրություններին մասնակցում է «Հայկական քվեով», իսկ ինքը «Հայաքվեի» անդամ է։ Մրցակից ուժերի հետ հանդիպումներ չի ունեցել և, իր խոսքով, դրանց անհրաժեշտությունը չի տեսնում։
Հրայր Իսրայելյան․ «Աշխատանք ենք տանում, որ առավելագույն բարձր արդյունք ապահովենք։ Քարոզարշավը սկսել ենք ամսի 10-ից, առաջին քարոզարշավն իրականացրել ենք Գավառում, իսկ մնացած օրերին նախատեսում ենք հանդիպումներ ունենալ մյուս բնակավայրերի բնակիչների հետ»։
Հոկտեմբերի 25-ին Գավառի բնակիչները կընտրեն ավագանու կազմը։ Մինչև այդ՝ երեք ուժերն ընտրողներին ներկայացնում են համայնքի զարգացման իրենց տարբերակները՝ ճանապարհներից ու ջրամատակարարումից մինչև կանաչապատում, երիտասարդական նախաձեռնություններ, զբոսաշրջություն և քաղաքացիների մասնակցություն համայնքային որոշումներին։