Վոլոդյա Հովսեփյան
«Ռադիոլուր»–ի համար
ԿԸՀ-ի հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն 21 համայնքում, իսկ նոյեմբերի 29-ին՝ ևս 12-ում։ Ընդհանուր առմամբ՝ երկու ամսում ընտրություն կլինի 33 համայնքում։ Հոկտեմբերի 25-ի ընտրություններից 19-ը կանցկացվեն համամասնական, երկուսը՝ մեծամասնական ընտրակարգով։ Իսկ արդեն նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կլինեն 10, մեծամասնականով՝ երկու համայնքում։
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են նաև վեց մարզկենտրոններում՝ Արտաշատում, Արմավիրում, Գավառում, Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում։ Թեև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից մի քանիսն ավելի վաղ հայտարարել էին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և թեժ պայքար ծավալելու մտադրության մասին, այդուհանդերձ, մարզկենտրոններում ընտրապայքարի մասնակիցների թիվը երկուսն է կամ երեքը, իսկ քարոզարշավն իր թեժությամբ առանձնապես աչքի չի ընկնում։
Իջևանում ընտրողների ձայների համար պայքարում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ինքնիշխան Հայաստանը»։ Գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը կրկին գլխավորում է ՔՊ-ի ցուցակը, իսկ մրցակից ուժի ցուցակը՝ երիտասարդ Լևոն Վարդապետյանը։ Ո՞ր խնդիրներն են առաջնահերթ համարում թեկնածուները, ի՞նչ են խոստանում իջևանցիներին և որքան են գնահատում հաղթելու իրենց հնարավորությունները։
53-ամյա Ճաղարյանը գրեթե հինգ տարի ղեկավարում է 34 հազար 504 ընտրող ունեցող Իջևանը։ Արդեն 11 տարի է՝ այս շենքում է աշխատում՝ նախ որպես տեղակալ, ապա՝ համայնքապետի պաշտոնակատար, հետո՝ համայնքապետ։ Արձակուրդ մեկնած համայնքապետը համայնքի խնդիրներից առանձնացնում է մի քանիսը։
«Մենք ունենք աղբավայրի խնդիր, որը մեր ծրագրում նախատեսված է։ Ունենք ասֆալտապատման, սալիկապատման, պուրակների կառուցման, տանիքների վերանորոգման, մշակույթի տների նորոգման, համայնքային խնդիրներ»։
Իսկ ինչպե՞ս է գնահատում իր մրցակցին։ Հանդիպե՞լ է նրա հետ։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն աշխատանքային որոշ մանրամասներ է բացում։
«Հա, էդպես հեռակա ճանաչում եմ, հանդիպում շուտ է եղել, ինքը որ թեկնածու եղել է առաջին համարը, իսկ արդյունքների մասին կոռեկտ չի, չեմ կարա ասեմ, ամսի 26-ին կերևա»։
Մրցակցության մեջ մտած միակ ուժի՝ «Ինքնիշխան Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը երիտասարդ Լևոն Վարդապետյանն է։ Կուսակցությունը, որի հիմնադիրը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն է, ընտրապայքարի է դուրս եկել երիտասարդ կադրերով։ Թիմը գյուղից գյուղ է գնում՝ հանդիպելով բնակիչներին ու ներկայացնելով իր ծրագրերը։
Լևոն Վարդապետյան․ «Մենք առանձնացրել ենք խնդիրներ, որոնք հատուկ են գյուղերին, և խնդիրներ, որոնք հատուկ են Իջևան համայնքին։ Բնակիչներից մեկն ասում է՝ մենք մեծերից էինք սովորում, իսկ հիմա ժամանակն է, որ երիտասարդներից սովորենք։ Շատ ուրախալի փաստ է»։
Վարդապետյանն իր քարոզարշավը նաև ուսուցողական է համարում։ Ասում է՝ բնակիչներն իրենց ճանաչել են առավելապես համացանցից, որտեղ թիմը խոսել է համայնքային խնդիրների մասին։ Քարոզարշավի ընթացքից գոհ է։
«Մենք խոստանում ենք՝ առաջնային լինելու ենք մարդկանց կողքին, միշտ հասանելի ենք լինելու։ Օրինակ՝ երբ բաժանում էինք մեր թռուցիկները, այնտեղ իմ համարն է նշված, ու միշտ հասանելի եմ, որ խնդիրները բարձրացնեմ»։
Իջևանում ընտրապայքարի մասնակիցները խոստանում են լուծել համայնքի կուտակված խնդիրները, սակայն ընտրողների քվեարկությունը ցույց կտա՝ բնակիչները կշարունակե՞ն վստահել գործող համայնքապետին, թե՞ նախապատվությունը կտան նոր թիմին։