Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսին է պատկերացնում խաղաղությունն Ադրբեջանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցցանցերում հրապարակած տեսաուղերձում ներկայացրել է, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո։

Ըստ վարչապետի՝ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն Ալմաթայի հռչակագրի հիման վրա։
Փաշինյանն առաջարկում է նաև անկլավների ու էքսկլավների հարցը լուծել տարածքների փոխանակմամբ։

«Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», – հայտարարել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ պետք է բացվեն բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ TRIPP նախագծի շրջանակում։ Հայաստանը պետք է կարողանա Ադրբեջանի տարածքով կապ հաստատել Հայաստանի այլ հատվածների հետ, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով։

Փաշինյանն անդրադարձել է նաև փոխադարձ տարածքային պահանջներին՝ ընդգծելով, որ երկու երկրները պետք է հրաժարվեն դրանցից։
«Հայաստանն ու Ադրբեջանը իրար ոչ մի պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով, ներառյալ՝ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ», – ասել է նա։

Վարչապետը կարծում է, որ այս պատկերացումները կյանքի կոչելու հնարավորություն կա։ Նրա խոսքով՝ նման տպավորություն է ստացել Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներից հետո։
«Ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով», – հայտարարել է Փաշինյանը։

Մինչդեռ Բաքուն շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։ Ադրբեջանական կողմը Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը տարածքային պահանջ է համարում իր նկատմամբ։ Երևանը հերքում է, թե Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment