Արմավիրի մարզի ինն ամսվա բյուջեն կատարվել է, սակայն որոշ թերացումներ, այնուամենայնիվ, կան

Արմավիրի մարզի բյուջեի 9 ամսվա կատարողականը շուրջ 101 տոկոս է, իսկ սեփական եկամուտներինը՝ 109 տոկոս: Յոթ համայնքից համեմատաբար թերացել են Փարաքարն ու Արաքսը, իսկ մյուսները չեն ապահովել նաև առանձին հարկատեսակների գծով վճարները: Ամենաշատ գանձումները բաժին են ընկնում տեղական տուրքերին՝ 213 տոկոս:

Սեփական եկամուտների կատարումը համայնքներում նոր աշխատանքներ սկսելու հնարավորություն է տալիս: Վերջին տարիներին Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական հիմնարկներ են կառուցում, բարեկարգում են փողոցներն ու բակերը: Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արայիկ Հակոբյանն ամփոփում է բյուջեի 9 ամսվա կատարողականը:

«2026թ 3-րդ եռամսյակի համար Արմավիրի մարզի համայնքների կողմից ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 15 մլրդ 284 մլն 453 հազար դրամ: Կատարողականը եղել է 101.3 տոկոս՝ նախորդ տարվա 92 տոկոսի համեմատ: Սեփական եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 4 մլրդ.620 մլն.825 հազար դրամ: Կատարվել է 100.9 տոկոսով»:

Սովորաբար, համայնքներում բյուջեն պլանավորում են նախորդ տարվա ցուցանիշների հիման վրա՝ որոշակի չափով ավելացնելով պլանային թիվը, իսկ եթե չի կատարվում, պլանավորվող թիվը նվազեցնում են: Հիմա որոշակի թերացումներ կան փոխադրամիջոցների գույքահարկի գծով: Նախորդ տարվա համամետ այս տարի այդ հարկատեսակը շուրջ 101 մլն դրամով պակաս է պլանավորվել, իսկ 9 ամսում 80 տոկոսով է կատարվել՝ ասում է մարզի գլխավոր ֆինանսիստը:

«Հիմնականում փոխադրամիջոցների գույքահարկի գծով գանձումներն ավելի շատ լինում են 4-րդ եռամսյակում: Եթե նախկինում մեքենան տեխզնննում էր անցնում, ապա գույքահարկը ամբողջ տարվա համար տեղում պետք է վճարվեր, իսկ հիմա տեխզննում անցկացնելու ժամանակ՝ վճարվուրմ է տվյալ օրվա դրությամբ: Մնացած գումարը վճարելու են մինչև դեկտեմբերի 1-ը: Մենք քաղաքացիներին այդ մասին իրազեկելու ենք, որպեսզի դեկտեմբերի 1-ից հետո տույժեր չհաշվարկվեն»:

Ինն ամսվա կտրվածքով մարզի յոթ համայնքից բյուջեի համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցել Փարաքար ու Արաքս համայքները՝ Փարաքարում՝ 81 տոկոս, իսկ Արաքսում՝ մոտ 90:

Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը հավաստիացնում է, որ կուտակված պարտքերի պատճառով չեն կարողանում ամբողջությամբ համալրել բյուջեն, բայց անցած տարի կատարել են 99 տոկոսով: Բյուջեն պլանավորելիս հաշվի են առնում գանձումները:

«Մարդիկ կան, որ տարիներով այստեղ չեն ու հիմա էլ այստեղ չեն: Նրանց փաստացի հարկերը հնարավոր չէ գանձել ո՛չ նախորդ տարիների համար, ո՛չ էլ՝ տվյալ տարվա»:

Փարաքարում պարտքերի թիվն աճել է հատկապես փոխադրամիջոցների գույքահարկի վճարման գծով: Մի քանի տարի առաջ Հայաստանում փոխադրամիջոցները գրանցում էին այլ երկրների քաղաքացիներն ու դրանցով հեռանում երկրից, իսկ պարտքերը շարունակում են աճել:

«Դեպքեր ունենք, որ մի անձի, մի մեքենայի մասով 1 մլն դրամը գերազանցող հարկեր կան, բայց այդ մեքենան այստեղ չէ: Սեփականատերը հենց ղազախն է, մեքենան փաստացի իր անունով համայքնում գրանցվում էր, հաշվառվում, հետո մեքենան վերցնում, գնում էր: Հիմա այդ մարդը չկա: Փաստացի դա համայնքում ձևավորվում է, որպես հարկային պարտավորություն: Այդ մարդուն պետք է գտնենք, որ կարողանանք գանձել: Հարկադիր ծառայությունն այս հարցում չի օգնում»:

Փարաքարի բյուջեի բացերը լրացնում են շինթույլտվության վճարների, տեղական տուրքերի գանձումների հաշվին:

Մարզի ինն ամսվա բյուջեն համալրվել է հիմնականում տեղական տուրքերով, այն կատարվել է 213 տոկոսով, իսկ պետական տուրքերը՝ 109:

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի խոսքով՝ բյուջեն կատարվել է 113 տոկոսով, սակայն որոշ վարձավճարների գծով դեռ թերացումներ կան:

«Դա պայմանավորված է մի շարք պայմանագրերի խզումներով, այսինքն՝ ժամկետը լրացել է, և մենք հողի, գույքի վարձակալության պայմանագրերը խզել ենք, հետևաբար, այդ գումարները չենք հավաքել»:   

Արմավիրի մարզում հարկային պարտավորությունները սովորաբար կատարվում են գյուղատնտեսական տարվա ավարտին, երբ բերքն իրացրած են լինում և գյուղացիները կարողանում են վճարել հարկերն ու վարձավճարները:

Leave a Comment