Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում աշխատավարձերը կվերանայվեն։ Փոփոխությունները կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Թեև Երևանի ավագանին չզեկուցվող ընթացակարգով է հաստատել աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը, բայց այն քննարկումների առիթ է դարձել։
Ի՞նչ է փոխվում, որո՞նք են հիմնավորումները, և ի՞նչն է մտահոգում ընդդիմությանը։
2027 թվականի հունվարի մեկից Երևանի քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարձատրությունը կհաշվարկվի նոր կարգով։ Երևանի ավագանու ընդունած նախագծով առաջարկվում է աշխատավարձերը հաշվարկել պետական պաշտոնյաների վարձատրության համար կիրառվող սկզբունքով՝ բազային աշխատավարձը բազմապատկելով յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված գործակցով։
Գործակիցները, ըստ պաշտոնների, տարբեր են։ Քաղաքապետինը, օրինակ, 25 է, առաջին տեղակալինը՝ 23, մյուս տեղակալներինը՝ 22, վարչական շրջանի ղեկավարինը՝ 15։
Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում՝ չզեկուցվող ընթացակարգով։ Ընդդիմադիրներն առաջարկել են նախագիծը չզեկուցվող հարցերի շարքից տեղափոխել զեկուցվողների ցանկ, բայց առաջարկը չի ընդունվել։
Լրատվամիջոցներն արդեն հաշվել են, թե նոր համակարգով որքան կբարձրանան պաշտոնյաների աշխատավարձերը։ Ըստ այդ հաշվարկների՝ քաղաքապետի ամսական աշխատավարձը 1 միլիոն 320 հազար դրամից կհասնի 2 միլիոն 80 հազար դրամի։ Քաղաքապետի առաջին տեղակալինը՝ 1 միլիոն 20 հազարից 1 միլիոն 913 հազար 600 դրամի։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը 850 հազար դրամից կդառնա 1 միլիոն 248 հազար դրամ։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համաձայն չէ այն գնահատականներին, որոնցով հարցը քննարկվում է մամուլում ու սոցիալական հարթակներում։ Նրա խոսքով՝ փոփոխության նպատակը աշխատավարձերի վերանայումն է, քանի որ քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմում և վարչական շրջաններում վարձատրության համակարգը վերջին անգամ վերանայվել է հինգ տարի առաջ։ «Նպատակը աշխատավարձերի վերանայումն է։ Այո՛, ես չեմ թաքցնում դա, որովհետև ես հրապարակային գրել էի, որ պետական համակարգում դա տեղի է ունենում, մարզերում դա տեղի է ունենալու։ Բուն կենտրոնական ապարատում և վարչական շրջաններում, Երևանում վերջին անգամ վերանայում տեղի է ունեցել հինգ տարի առաջ։ Իսկ հինգ տարվա ընթացքում վերանայվել են մանկապարտեզների աշխատավարձերը, ավտոբուսի վարորդների աշխատավարձերը։ Մենք ունենք վարորդ, ով ընդհուպ մինչև 1 մլն դրամ է ստանում, եթե չեմ սխալվում օրը մեջ աշխատելով»։
Արմեն Գալջյանի խոսքով՝ նոր համակարգը որոշ դեպքերում կարող է եկամուտների փաստացի ավելացում չենթադրել, քանի որ նախատեսվում է պարգևավճարները ներառել աշխատավարձի կառուցվածքում։
«Պլանավորում ենք պարգևավճար ասվածը դարձնել աշխատավարձի մաս։ Եվ եթե մենք դիտարկենք, կոնկրետ աշխատակիցների կամ պաշտոնյաների դեպքերով, կտեսնենք, որ այն հանրագումարային հարաբերակցությունը, որ իրենք ստանում էին աշխատավարձ գումարած պարգևավճար, այս գործակիցների վերջնարդյունքում ավելի ցածր թիվ է լինելու, քան մինչև այս պահն իրենք ստանում էին փաստացի»։
Իշխող խմբակցության այս հիմնավորումը համոզիչ չէ ընդդիմության համար։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի վերանայումը դիտարկում է ավելի լայն համատեքստում՝ այն կապելով գործադիր և օրենսդիր իշխանությունների վարձատրության բարձրացման հետ։
«Մարդկանց կյանքը թանկացնել, ծառայությունները թանկացնել, իրենց եկամուտներն ավելացնել»։
Ավագանու նույն նիստի օրակարգում ընդգրկված մեկ այլ նախագծով էլ վերանայվում է ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը։ Խոսքը նրանց լիազորությունների իրականացման ժամանակ առաջացած ծախսերի փոխհատուցման մասին է։
Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ փոխհատուցումների նոր չափերը սահմանվել են դեռևս հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխություններով, և ուժի մեջ են մտել օգոստոսի 30-ից։ Հոկտեմբերի 13-ի նիստում քննարկվել է ավագանու նախկին որոշումը նոր կարգավորումներին համապատասխանեցնելու հարցը։
Փոխհատուցման չափը կախված է կարգավիճակից։ Ավագանու անդամի ամսական փոխհատուցումը հաշվակվում է նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով՝ կազմելով 225 հազար դրամ, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալինը և խմբակցության քարտուղարինը՝ քառապատիկով ՝ կազմելով 300 հազար, իսկ մշտական հանձնաժողովի նախագահինը և խմբակցության ղեկավարինը՝ հնգապատիկով՝ կազմելով 375 հազար դրամ։ Հաշվարկը կատարվում է 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձի հիման վրա։