Ֆրանսահայ երգիչ Bakian-ը (Գրեգորի Բակյան) հոկտեմբերի 15-ին համերգով հանդես կգա Երևանում, որի ընթացքում կկատարի Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները և երեք չհրապարակված երգ, որոնք շանսոնիեն վստահել էր իրեն, հայտնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։
«Bakian Sings Aznavour» համերգը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ ժամը 19:00-ին։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տվյալներով՝ Bakian-ն Ազնավուրի հետ ծանոթացել է իր ստեղծագործական ուղու սկզբում։ Նրանց համագործակցությունը տևել է մոտ երեք տարի։ Երիտասարդ կատարողի ձայնը տպավորել էր շանսոնիեին, և նա Բակյանին էր վստահել իր երեք չհրապարակված երգ։
Համերգին Բակյանը նաև կպատմի երգերի հետ կապված պատմություններ և կկիսվի Ազնավուրի մասին իր հուշերով։
Բեմում երգչի հետ հանդես կգան կիթառահար Միքայել Սեռան և դաշնակահար Անտուան Ժերեմիան։ Նախագիծն իրականացվում է Seiya Records-ի և Aznavour pour l’Amour-ի հետ համագործակցությամբ։
Տոմսերի արժեքը 5-ից 15 հազար դրամ է, որոնք կարելի է ձեռք բերել առցանց կամ ֆիլհարմոնիայի տոմսարկղում՝ Աբովյան 2 հասցեում։
Բակյանն այս ծրագրով հոկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում՝ նույն բեմում Ազնավուրի համերգից ուղիղ 15 տարի անց։ Երգչին հանդիսատեսին ներկայացրել է շանսոնիեի որդին՝ Միշա Ազնավուրը։
Ազնավուրը Հայաստանի ազգային հերոս է։ Երևանում տեղադրված է Ազնավուրի հուշարձանը, իսկ քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակը կրում է նրա անունը։
