Արտավանի լեռներում․ երբ ձին ամենաթանկ ամենագնացից թանկ է

Արտավանի լեռներում օրերս անցկացվել է լեռնային պայմաններում դիմացկունության ձիարշավի առաջին փառատոն-մրցույթը։ Քարքարոտ արահետներ, զառիթափ լանջեր, մինչև 50 կիլոմետրանոց երթուղիներ ու իրենց ուժերը փորձող հեծյալներ։ Վայոց ձորի այս գյուղում, որտեղ ձիերն առօրյայի անբաժան մասն են, փորձում են նոր ավանդույթ ձևավորել ու Արտավանը դարձնել ձիասպորտի և զբոսաշրջության ճանաչելի կենտրոն։

Լեռնային բացատում հանդիպել էին նրանք՝ ժամանակակից թանկարժեք մեքենաներն ու գյուղի ամենաշքեղ նժույգները։ Մրցակցություն, որում հաղթողը ոչ թե երկաթն ու ձիաուժն են, այլ կենդանի շունչն ու լեռներում մանևրելու ճկունությունը։

Արտավանի լեռնաանտառային տեղանքում, որտեղ ճանապարհները հաճախ փորձություն են դառնում նույնիսկ հզոր ամենագնացների համար, իրական տերերը նժույգներն են։

Որևէ փոխադրամիջոցի ղեկին աղջիկներն այնքան գրավիչ չեն թվում, որքան ձիու թամբին՝ վարժ ու վստահ։ Այս ներդաշնակությունը միանգամից փոխում է նաև լեռան տրամադրությունը՝ դարձնելով այն կենդանի բացիկի նման։

Հայաստանի Շվեյցարիան համարվող Արտավանում ձիավարության փառատոնին հանդիպում ենք Արամին։ Տասնամյա տղան առանց երկմտելու է պատասխանում   հարցիս՝ իր ձին ոչ մի թանկարժեք ջիպի հետ չի փոխի։ Մեքենան ընդամենը տեխնիկա է, ասում է։ Ձին՝ ընկեր։

Արտավանի լեռներում՝ չնաշխարհիկ բնության գրկում, առաջին անգամ անցկացվել է լեռնային պայմաններում դիմացկունության ձիարշավի (Endurance) փառատոն-մրցույթը։ Մրցուղին անցնում էր բարդ լեռնային ռելիեֆով՝ զառիթափ վերելքներով, քարքարոտ արահետներով ու կիրճերով։ Մասնակիցները հաղթահարել են 10-ից մինչև 50 կիլոմետր տարածություններ։

Ողջ ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել թե՛ հեծյալները, թե՛ ձիերը։ Ձիավարության պաշտոնական կանոնակարգերն, ի դեպ, պահանջում են հատուկ հետևել այդ ընթացքում ձիերի վիճակին․ եթե ընթացիկ ստուգման պահին կենդանու սրտի զարկերը րոպեում գերազանցեն 64-ը, մրցույթի մասնակից զույգը որակազրկվում է։

Արտավանը Վայոց ձորի ամենաշատ ձիեր ունեցող համայնքներից է։ Տնտեսություններ կան, որոնք 15-20 ձի են պահում։ Դրանք գրավում են նաև ձիավարություն սիրող զբոսաշրջիկներին, որոնք գալիս են լեռներ բարձրանալու ու Արտավանի լիճը վայելելու։

Արթուր, Ալեքսանդրա, Միրա, Մուսթանգ, Աշոտ, Կասանդրա, Կապիտան, Բագրատ, Ամալիկ, Կաքավ, Գարիկ, Գոռ։ Մրցույթի կազմակերպիչները անունների երկար շարք են թվարկում։ Ու սկսում ես ժպտալ, երբ հասկանում ես, որ թվարկված անունների մի մասն այդ ձիերինն է։ Դրանցից Սուսլիկը մեզ արդեն հայտնի Աշոտի ձին է։

Վայքի Արտավան բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանի խոսքով՝  գյուղը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հյուրեր է ընդունում։

«Ամեն տարի փորձելու ենք այս փառատոնը նշել։ Ինձ թվում է՝ ստացված է արդեն, որովհետև գրեթե համապետական նշանակություն ունեցող փառատոն է կոչվում»,-հպարտությամբ հավելում է վարչական ղեկավարը։

Արտավանի դպրոցում 28 աշակերտ է սովորում, նախատեսվում է նաև նախակրթարան բացել՝ ինը երեխայի համար։ Ուսուցչի թափուր հաստիքներ էլ կան։ Վարդանյանն ասում է՝ գյուղում սպասում են նաև 16 միլիոն դրամի պետական աջակցության ծրագրին։ Լուծման կարիք ունեն ասֆալտապատման, լուսավորության, միջհամայնքային ճանապարհների ու խմելու ջրի խնդիրները։ Խմելու ջրի նախագծերն արդեն պատրաստ են, և դրանց իրականացումը նախատեսվում է 2027 թվականին։ Սա նաև ամենածատ արևային կայաններ ունեցող գյուղերից է։ Որպեսզի հարակից անտառը չդառնա ջեռուցման խնդիր լուծելու աղբյուր, մի շարք ծրագրերով խրախուսել են կայանների տեղադրումը։ Բայց համայնքի ղեկավարին մեկ այլ հանգամանք է հատկապես ուրախացնում՝ գյուղից շատ չեն հեռանում, անգամ վերադառնում են։

«Չէ, գնալը շատ չեն գնում գյուղից։ Անգամ հետ եկողներ կան, արդեն մեկ-երկու տնտեսություն, և արդեն հետաքրքրություն կա երևանցիների կամ վայքեցիների մոտ, որ գան Արտավան՝ ամառանոցներ գնեն», — նշում է Ատոմ Վարդանյանը։

Արտավանի լեռնային արահետներն ու ձիարշավները կարող են դառնալ համայնքի նոր այցեքարտը։ Իսկ եթե փառատոնը դառնա ամենամյա ավանդույթ, այս լեռները գուցե ավելի շատ հյուրերի կանչեն՝ ոչ միայն մեքենաներով ու քայլարշավով անցնելու, այլև ձիու թամբից բացահայտելու չքնաղ Արտավանը։

Leave a Comment