ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ավելի քան 1500 անձի և կազմակերպության է ընդգրկել

Եվրամիությունը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված ավելի քան 1560 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել։ 

Հոկտեմբերի 12-ին ընդունված որոշման համաձայն՝ գործող պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են 826 ռուսական ընկերություն և դրանց 743 ղեկավար։ ԵՄ խորհրդի տվյալներով՝ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ պատժամիջոցների ցանկում միաժամանակ այսքան մեծ թվով անձինք և կազմակերպություններ են ընդգրկվել։

ԵՄ խորհրդի հրապարակած ցանկում կան նաև հայկական ազգանուններով առնվազն վեց անձ՝ Արշակ Աբրահամյանը, Միխայիլ Արիստոկեսյանը, Սուրեն Աթալյանցը, Կարապետ Գևորգյանը, Աշոտ Հայրապետյանը և Կամո Աբրահամյանը։

Նշվում է, որ Աբրահամյանը «Ռադիոտեխկոմպլեկտ» ընկերության գլխավոր տնօրենն է,  Արիստոկեսյանը ղեկավարում է Տամբովի փորձարարական նախագծակոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոն, իսկ Սուրեն Աթալյանցը՝ Տոմսկի սարքաշինական գործարանը։

Գևորգյանը «Ուրալ Կոժա» ընկերության գլխավոր տնօրենն է, Հայրապետյանը՝ «Անտարես» ընկերության, իսկ Աբրահամյանը՝ «Տեխպրիբոր» ընկերության։ Փաստաթղթում նշված բոլոր վեց անձինք ներկայացված են որպես Ռուսաստանի քաղաքացիներ։ 

ԵՄ խորհրդի հիմնավորմամբ՝ պատժամիջոցների ենթարկված ընկերությունները Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս են կազմում։ Դրանք ներգրավված են ռազմական նշանակության արտադրանքի և բաղադրիչների մատակարարման շղթաներում։ Ընկերությունների ղեկավարները պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու հիմնավորմամբ։ 

Նոր սահմանափակումներով նախատեսվում է սառեցնել ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպությունների ակտիվները, արգելել նրանց ֆինանսական միջոցների և տնտեսական ռեսուրսների տրամադրումը։ Ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվում է նաև ԵՄ տարածք մուտք գործելու արգելք։

ԵՄ խորհրդի տվյալներով՝ նոր որոշումից հետո Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարող կամ դրան սպառնացող գործողությունների համար պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպությունների ընդհանուր թիվը հասել է շուրջ 4600-ի։

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունել էր հուլիսի 23-ին։

Leave a Comment