«Գոյ» թատրոնը բեմ է վերադարձել «Խելագարը» ներկայացմամբ, որի պրեմիերան կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ «Գոյ»-ը 2024-ին հունվարին կառավարության որոշմամբ վերակազմակերպվել էր՝ միավորվելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Թատրոնի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը և կառավարության որոշումը վիճարկում է դատարանում։ Գործընթացը դեռ չի ավարտվել, բայց դերասանները որոշել են բեմ վերադառնալ։
Ոչ թե «Գոյ»-ի արտիստներն են բերման ենթարկվում, այլ գոյականներն են հանդիսատեսին «բերման ենթարկում»՝ օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկելով և զգուշացնելով՝ չներկայանալու դեպքում կկիրառվեն թատերական օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։
Մինչ «Գոյ»-ի շուրջ դատական վեճը շարունակվում է, թատրոնի ստեղծագործական կազմը ներկայացում է բեմադրում։ Առաջնախաղը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում էր։


Դերասան, պրոդյուսեր Արսեն Ազիզյան. «Մենք արկածներով լի ճանապարհ անցած թատրոն ենք։ Այսօր չեք կարող գտնել մի թատրոն, որ ինչ-որ ժամանակ առավոտյան բեմում աշխատել է, կեսօրին եղել է դատարանում, երեկոյան վերադարձել է բեմ ու խաղացել ներկայացում, կամ Շեքսպիր և Սարտր կարդալուց հետո կարդացել է վարչական դատարանից եկած ինչ-որ նամակներ»։
Ի դեպ, գոյականները ծանուցագիր-հրավիրատոմսեր էին ուղարկել իրենց գործով զբաղվող քննիչներին ու իրավապահներին։
«Մենք նրանց շնորհիվ կարդացինք Քրեական օրենսգիրքը, իսկ նրանք մեր շնորհիվ՝ Ստանիսլավսկու «Իմ կյանքը արվեստում» գիրքը»։


Իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը բեմադրել էր «Խելագարը» ներկայացումը։ Պիեսը հիմնված է իրական դեպքերի վրա։ Գործողությունները տեղի են ունենում 70-ականների Իտալիայի քաղաքներից մեկում։ Վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի համոզմամբ՝ ներկայացման մեջ առկա կոնֆլիկտը կարող է շատերին հարազատ լինել։
«Այստեղ ճշմարտությունն անընդհատ փոխվում է՝ ըստ իրադրության։ Ցույց է տրվում, թե ինչպես են անհատները, որոնց ձեռքում իշխանական լծակներ կան, կարողանում փոխել ճշմարտությունը՝ մարդկանց մեկ այլ ճշմարտություն մատուցելով։ Այդ ամենը հանգեցնում է խառնաշփոթի, և դժվարանում ես զատել, թե որն է ճշմարիտը»։


Խելագարին մարմնավորում է Սամվել Թոփալյանը։ Նրա կերպարը հոգեբանական խնդիրներ ունի, հասցրել է լինել հոգեբուժական տարբեր հաստատություններում։ Նա հանդես է գալիս տարբեր դերերում՝ ուսուցչի, դատավորի, լրագրողի, և հանգամանքների բերումով կարողանում է բացահայտել ոստիկանների հանցանքը։
«Գլխավոր ասելիքն այն է, թե ինչպես է ճշմարտությունը խեղաթյուրված ներկայացվում, որովհետև իշխողներն այն ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Իսկ «Խելագարն» ուղղորդում է գործողությունները։ Ոչ միայն այսօր, այլև անցյալում և ապագայում տարբեր երկրներում նման իրավիճակներ կարող են լինել։ Այստեղ ճշմարտությունը ներկայացնում ես այնպես, ինչպես ցանկանում են։ Սա կարող ենք նաև «Գոյ»-ի հետ կապել»։
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը հերքում է պառակտումների մասին խոսակցությունները։ Թեև թատրոնի ոչ բոլոր դերասաններն են զբաղված «Խելագարը» ներկայացման մեջ, սակայն սա համարում են բոլորի ներկայացումը։

«Եթե պառակտում լիներ, այսօր «Գոյ» թատրոնը ներկայացում չէր խաղա։ Ուղղակի այստեղ կա իրավական մաս, որի համար պայքարում են մեր ընկերներից մի քանիսը, մենք էլ ենք իրենց հետ։ Սակայն որոշեցինք հիմա մտնել ստեղծագործական փուլ. վերջիվերջո դերասան ենք, ոչ թե՝ փաստաբան»։
Թերևս ներկայացման ամենասուր, սարկազմով հատվածը վերջաբանն է, որտեղ «Խելագարը» հայտարարում է.
«Ականատես լինելը դեռ չի նշանակում իմանալ ճշմարտությունը։ Իսկ եթե ձեր կարծիքը չի համապատասխանում պաշտոնական տարբերակին, խնդրում ենք վստահել պաշտոնական տարբերակին»։
2024 թվականի հունվարի 30-ին կառավարության որոշմամբ՝ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել էր՝ այն միավորելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ։ «Գոյ»-ի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ Գործընթացը դեռ չի հանգուցալուծվել։