Media Bus Tur ծրագրի հայ և թուրք լրագրողները այցելել են CNN Türk հեռուստաալիք՝ հասկանալու, թե ինչպես է Թուրքիայի հասարակությունն արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի հնարավոր բացմանը։ Հանդիպման ընթացքում, սակայն, պարզվել է, որ հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավարը հենց այն լրագրողն է, որի՝ մեկ տարի առաջ Հայաստանում պատրաստած ռեպորտաժը մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել։
Թուրքիայում, ինչպես և Հայաստանում, տարբեր մակարդակներում խոսում են հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին։ Սակայն հնչող ազդակները բավարար չեն՝ որևէ ժամկետ կանխատեսելու համար։ Նույնիսկ տարեվերջին հնարավոր քայլերի մասին խոսում են մեծ զգուշավորությամբ։
Հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը CNN Türk-ի թեմաներից են։ Հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավար Իդրիս Արիքանի խոսքով՝ այս հարցում Թուրքիայի հասարակության արձագանքը գոհացուցիչ է։
—Որևէ բացասական արձագանք չկա, որևէ մեկը չի ասում՝ չեք կարող բացել սահմանը։ Թուրքիայում Հայաստանի դեմ հատուկ բացասական վերաբերմունք կամ քննադատական մոտեցում չկա։ Վաղը եթե սահմանը բացվի, որևէ մեկը հակազդեցություն ցույց չի տա։
Արիքանը, միաժամանակ, նշում է, որ ոչ հրապարակային քննարկումներում շատ ավելի հստակ են խոսում այն մասին, թե ինչու երկու հասարակությունների և պետությունների պատրաստակամության ու ցանկության պայմաններում սահմանը դեռ չի բացվում։
— Կոնկրետ եթերում, բացահայտ որևէ մեկը ոչ մի բան չի խոսում։ Բայց ներքին կարգով արդեն ամեն ինչ էլ խոսվում է և ասվում է, որ այդ խնդիրը Ադրբեջանի հետ է կապված։ Դա շատ պարզ է և բոլորի համար հասկանալի է, որ այդպես է։
CNN Türk-ի լրատվական ծառայությունը լուսաբանում է նաև Հայաստանը և սոցիալական ցանցերում հայերենով լուրեր է հրապարակում։ Սակայն հայերեն բովանդակություն պատրաստելու համար հեռուստաալիքը դիմում է արհեստական բանականության, ոչ թե հայալեզու մասնագետի։ Հայաստանում թղթակից ունենալու հարցն էլ առայժմ օրակարգում չէ։
—Բացի այն, որ մենք ուզենանք, թե չէ, պետք է նաև հասկանալ, թե դիմացի կողմը ուզում է աշխատել մեզ հետ, ուզում է ունենանք համագործակցություն, թե՞ ոչ։ Կարող է՝ դիմացի կողմը չի ցանկանում դա։
Իդրիս Արիքանի զգուշավորությունը գուցե պայմանավորված է նաև իր՝ Հայաստան կատարած նախորդ այցի հետևանքներով։ 2025 թվականի մարտին թուրք լրագրողների խումբը Հայաստան էր այցելել և հարցազրույց վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այցից հետո Արիքանը պատրաստել էր «Արգելափակման մեջ գտնվող երկիրը. ինչ են խոսում» ռեպորտաժը։
Դրանում Երևանի Կապույտ մզկիթը ներկայացվել էր որպես թուրքական պատմական ժառանգություն, իսկ Երևանը՝ որպես պատմական թուրքական քաղաք։ Ռեպորտաժը Հայաստանում մեծ արձագանք և քննադատություն էր առաջացրել։
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը պարզաբանել էր, որ սկզբում պատրաստվել էր համեմատաբար հավասարակշռված նյութ, որին հաջորդել էր կողմնակալ երկրորդ ռեպորտաժը։ Հետագայում երկրորդ տեսանյութը հեռացվել էր CNN Türk-ի YouTube-յան ալիքից, սակայն պահպանվել էր հեռուստաալիքի կայքում։
CNN Türk այցելած հայ և թուրք լրագրողների խմբի հայ մասնակիցներն Իդրիս Արիքանին հիշեցրել են այդ դեպքը։ Նա չի հերքել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։