Երեկվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին բնակապահովման ծրագրով 8643 սերտիֆիկատ ենք տրամադրել, որից 4991-ը իրացվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով ընդդիմադիր գործիչների այն քննադատությանը, որ գործադիրը ձախողել է արցախցիների բնակապահովման և մյուս բոլոր ծրագրերը։
«Սա խոսում է այն մասին, որ մեր հազարավոր քաղաքացիներ վերցնում են իրենց սերտիֆիկատները, և մենք կոչ ենք անում, որ ավելի ինտենսիվ վերցնեն, և հազարավոր քաղաքացիներ իրացնում են սերտիֆիկատները, և կոչ ենք անում, որ ավելի ինտենսիվ իրացնեն։
Իհարկե, և՛ սերտիֆիկատների վերցնելու, և՛ իրացնելու գործընթացում երբեմն առաջանում են խնդիրներ, որոնց վերաբերյալ մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում մեր գործընկերների հետ։ Այսօր էլ մի նման քննարկում ունեցանք հրապարակային, առանց որևէ բան թաքցնելու։ Որոշ դեպքերում ասեցինք՝ այո՛, արժի դիտարկել, կգնանք կքննարկենք, կարիք կլինի փոփոխություններ կանենք, որոշ դեպքերում ասեցինք՝ ռիսկեր ենք տեսնում, որոնց հետ իրենք համաձայնվում էին կամ չէին համաձայնվում։
Մենք հույս ունենք, որ մեր բոլոր հայրենակիցները, ձեռք բերելով ՀՀ քաղաքացիություն, կօգտվեն բնակապահովման ծրագրից»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է բնակարանների գների թանկացմանը և նրան, որ արցախցիները չեն կարողանում կառավարության հատկացրած գումարով տուն գնել, ապա Թորոսյանի խոսքով՝ բնակարանները թանկացել են բոլոր քաղաքացիների համար։
«Նաև այսպիսի ծրագրերն են խթանում, որպեսզի բնակարանները թանկանան, որովհետև մենք հավելյալ պահանջարկ ենք ձևավորում պետական միջոցներով։
Դրա լուծումները այնպիսին են, որ պետք է փորձել գտնել տուն, որը համապատասխանում է քո այսօրվա հնարավորություններին։ Մենք առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում և երևանամերձ համայնքներում, այլև այլ համայնքներում, որտեղ, օրինակ, կա 5 միլիոնի հնարավորություն, որը մի քիչ ավելի բարձր է, քան 4 միլիոնը։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ գարնանն ենք 3 մլն-ը դարձրել 4 մլն երևանամերձ համայնքներում՝ հաշվի առնելով, որ այստեղ է նաև կենտրոնացած զբաղվածությունը։
Բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը բերել և Երևանում կամ երևանամերձ համայնքներում տեղավորել»։
Արսեն Թորոսյանը միաժամանակ նշեց, որ այս պահին ծրագրով գնային փոփոխություններ չեն նախատեսվում։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ կառավարությունը որոշել է ևս մեկ տարով շարունակել արցախցի ընտանիքներին տրվող 40+10 հազար դրամների աջակցության ծրագիրը։