Մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել 2026 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերաբերյալ, որով դատապարտում էր ընտրությունների կազմակերպումը նաև Ուկրաինայի Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի շրջաններում, ինչպես նաև Մոլդովայի՝ Մերձդնեստրի շրջանում և չճանաչված Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ցխինվալի վրացական շրջաններում։ Եվրոպական խորհրդարանը այդ ընտրությունները անվանել է ֆարս։
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներում Պետդումայի ընտրություններին մասնակցած ավելի քան յոթ տասնյակ անձանց նկատմամբ։
ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է՝ մեջբերում․ «ԵՄ-ն խստորեն դատապարտում է, այսպես կոչված, ընտրությունների կազմակերպումը ժամանակավորապես ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում, քանի որ դրանք խախտում են Ուկրաինայի օրենսդրությունը և միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը և խաթարում են Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։
Պատժամիջոցներ են կիրառվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ղրիմում տարբեր կուսակցություններից առաջադրված 74 թեկնածուների նկատմամբ։ «Ռուսաստանի Պետդումայի «ընտրություններին» մասնակցելով՝ այս անձինք ակտիվորեն նպաստել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի օրինականացմանը և ուկրաինական տարածքների անօրինական օկուպացիային աջակցելու փորձերին»,— հայտարարել է Բրյուսելը։
Այդ անձանց արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ տեղաշարժվել ԵՄ տարածքում, իսկ ԵՄ-ում նրանց հնարավոր ակտիվները սառեցվել են։
Սրան զուգահեռ՝ ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Սև ցուցակ են ներառվել մոտ 1․600 ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններ և դրանց ղեկավարները։ Նոր սահմանափակումները մտցվել են ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող և սրվող ագրեսիայի։ Մասնավորապես՝ նշվում է վերջերս անցկացված ռազմական արշավը, որը, ըստ մեղադրանքի, միտումնավոր թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները և ծանր տառապանքներ պատճառել քաղաքացիական բնակչությանը։
Պատերազմող կողմերի զոհերի մասին թվեր է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․
«Նրանց կորուստներն ընդհանուր 1 մլն 600 հզր են, որից մոտ 700 հզրը զոհվածներն են։ Դժվար է համեմատություն անել Ուկրաինայի հետ, անկեղծ պետք է լինեմ, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել դա։ Մենք ունենք մոտավորապես 50 հզր զոհված զինվոր և 400 հզր անհետ կորած»։
Հրադադար հաստատելու ռուս-ուկրաինական համաձայնության մասին ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունից ժամեր անց փոխադարձ հարվածների մասին նոր հաղորդագրություններ են տարածվել։
Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի էներգետիկ օբյեկտի։
Հաղորդում է նաև Ուկրաինայում բնակելի շենքերին ռուսական անօդաչուների հարվածների մասին։
Մոսկվան էլ հաղորդում է, որ ուկրաինական հարձակումների պատճառով օդանավակայաններում ավելի քան հարյուր երեսուն չվերթ է հետաձգվել, նշվում է նաև Ռուսաստանի մի շարք մարզերի վրա ուկրաինական հարձակումների մասին։
Այս լարված իրադրության պայմաններում արևմտյան մամուլը ողողված է Թրամփի «դիզելային գործարքի» մասին հրապարակումներով, նաև վերլուծականներով, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգնել Ուկրաինային։