«Ինտեր»-«Պարմա» խաղից հետո, գոլային փոխանցումով աչքի ընկած Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Sport Mediaset-ի լրագրողի հարցերին։
Մխիթարյանը նշել է, որ երեքշաբաթյա դադարից հետո խաղադաշտ վերադառնալը հեշտ չէր, սակայն թիմը գիտակցում էր՝ անհրաժեշտ է առավելագույնը ներդնել հաղթանակի համար։
«Մենք շատ ուժեղ սկսեցինք, խփեցինք երեք գոլ, ապա վերահսկեցինք խաղը։ Կարող էինք ավելի շատ գոլեր խփել»,- ասել է ֆուտբոլիստը։
Անդրադառնալով իր խաղաժամանակին Մխիթարյանն ընդգծել է․
«Ինձ համար նշանակություն չունի՝ կխաղամ 90, 60, թե 15 րոպե։ Ես գիտեմ՝ ինչ են ինձնից սպասում, ինչ են ակնկալում թիմակիցներս, և անում եմ հնարավոր ամեն ինչ՝ նրանց օգնելու համար»։
Մխիթարյանն անդրադարձել է նաև թիմի հասցեին հնչող քննադատություններին և Չեմպիոնների լիգայում «Ինտերի» հավակնություններին։
«Ամեն անգամ խոսում ենք մեր նպատակների մասին, և ամեն անգամ հայտնվում են հոդվածներ, որոնք պարզապես ծիծաղ են առաջացնում։ Արդեն չորս տարի է՝ ասում ենք, որ ցանկանում ենք պայքարել բոլոր մրցաշարերում։ Վերջին երեք տարիներին երկու անգամ հասել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Հետո սկսում են խոսել՝ չհաղթեցին, չհաղթեցին…
Մեր նպատակները միշտ բարձր են եղել, և մենք բարձրաձայնում ենք այն, ինչին, կարծում ենք, կարող ենք հասնել։ Դա կոչվում է հավակնություն։ Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ ու բարձր արդյունքների հասնել»,- ասել է Մխիթարյանը։