Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստում, Տիգրան Դավթյանի նախագահությամբ շարունակվել է գործարար Վարշամ Ղարիբյանի հարցաքննությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ, նիստին ներկա էին մեղադրյալ Աղվան Հովսեփյանը նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Աննա Մանթաշյանը, հանրային մեղադրողի ներկայացուցիչ Կորյուն Սերոբյանը, ինչպես նաև վկա Վարշամ Ղարիբյանը։
Հերթական նիստում անդրադարձ է կատարվել Ղարիբյանի և եղբոր՝ Մանվել Ղարիբյանի միջև առաջացած վեճին, այդ վեճի կարգավորման գործում Աղվան Հովսեփյանի ենթադրյալ միջամտությանը, ինչպես նաև 3 հեկտար հողատարածքը Վրեժ Մարկոսյանին փոխանցելու հանգամանքներին։
Դատախազի հարցերը հիմնականում վերաբերել են այն պայմանավորվածությանը, որի մասին պատմել է Ղարիբյանը, և դրա կապին ընկերության գույքի, փաստաթղթերի ու կնիքների վերադարձի հետ։
Հարցաքննության ընթացքում Ղարիբյանը ներկայացրել է եղբոր՝ Մանվել Ղարիբյանի հետ ունեցած տարաձայնությունների հանգամանքները։ Նրա խոսքով՝ ինքը փաստացի զբաղվել է «Շանթ Պլյուս» ընկերության գործունեությամբ, մինչդեռ ընկերությունը գրանցված է եղել եղբոր անունով։ Վկան դա բացատրել է նրանով, որ ինքն այլ ընկերություններ ևս ուներ։
Վեճը, ըստ Ղարիբյանի ներկայացրածի, կապված է եղել ընկերության կառավարման, փաստաթղթերի ու կնիքների, ինչպես նաև մեքենաների և այլ գույքի հետ։ Հարցաքննության ընթացքում քննարկվել է նաև այն, թե ինչպես են այդ իրերը հայտնվել կողմերի միջև առաջացած տարաձայնության կենտրոնում։
Ղարիբյանի խոսքով՝ իրավիճակի կարգավորմանը ներգրավվել է Աղվան Հովսեփյանը։ Վկան պնդել է, որ ինքը Հովսեփյանին անձամբ չի դիմել միջամտելու խնդրանքով, սակայն վերջինս ներգրավվել է խնդրի լուծման գործընթացում։ Ղարիբյանը նաև նշել է, որ այդ իրադարձություններից հետո Հովսեփյանի հետ իր հարաբերություններն ավելի են մտերմացել։
Դատախազը Ղարիբյանին հարցեր է ուղղել հողատարածքի վերաբերյալ գործարքների ժամանակագրության մասին։
Հարցաքննության ընթացքում նշվել է, որ 2008 թվականի հունիսի 3-ին Ղարիբյանը դիմել է կադաստրային մարմին՝ 12 հեկտար հողատարածքը երեք մասի բաժանելու և սեփականության իրավունքը գրանցելու հետ կապված գործողություններ կատարելու համար։ Այնուհետև՝ 2009 թվականի մայիսի 11-ին, առանձնացված 3 հեկտար հողակտորը նվիրատվությամբ փոխանցվել է Վրեժ Մարկոսյանին։
Դատախազը փորձել է պարզել՝ արդյո՞ք հողատարածքի փոխանցման վերաբերյալ պայմանավորվածությունն արդեն գոյություն ուներ այն ժամանակ, երբ Ղարիբյանը դիմել էր կադաստրային մարմիններին։ Հարցերի առանցքում եղել է նաև այն, թե արդյոք հողը փոխանցվել է ընկերության կնիքները, փաստաթղթերն ու մեքենաները վերադարձնելու պայմանավորվածության շրջանակում։
Ղարիբյանը հայտնել է, որ պայմանավորվածությունը եղել է բանավոր, ոչ թե գրավոր։ Նրա ներկայացմամբ՝ հողատարածքը փոխանցելու նպատակն այդ հարցի լուծումն ապահովելն էր, իսկ Վրեժ Մարկոսյանը ներկայացվել էր որպես պայմանավորվածության կատարման երաշխավոր։
Վկան նշել է, որ Մարկոսյանի հետ մտերիմ հարաբերություններ չի ունեցել և ինքնուրույն որոշում կայացնելու դեպքում նրան այդ հողատարածքը չէր նվիրի։ Ղարիբյանի խոսքով՝ այդ քայլին գնացել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ունեցած վստահության պայմաններում։
«Գործարքը չկայացավ». Ղարիբյանը պնդում է, որ հողը հետ չի ստացել
Դատախազի հարցերին պատասխանելիս Ղարիբյանը նշել է, որ հողատարածքը փոխանցելուց հետո սպասել է պայմանավորվածության կատարմանը, սակայն այն, իր խոսքով, այդպես էլ չի իրականացվել։
Վկան պատմել է, որ որոշ ժամանակ անց փորձել է լուծել ստեղծված իրավիճակը և պահանջել է հողը վերադարձնել։ Նրա ներկայացմամբ՝ սպասել է մեկից մի քանի տարի, սակայն խնդիրը չի լուծվել։ Հարցաքննության ընթացքում քննարկվել է նաև այն հանգամանքը, որ Ղարիբյանը շարունակել է վճարել հողի հետ կապված գույքահարկը։
Ի՞նչ դեր է ունեցել Աղվան Հովսեփյանը պայմանավորվածության մեջ
Հարցաքննության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Աղվան Հովսեփյանի դերին։ Ղարիբյանի ներկայացմամբ՝ հենց նրա նկատմամբ ունեցած վստահությունն է նշանակություն ունեցել հողատարածքը Վրեժ Մարկոսյանին փոխանցելու որոշման հարցում։
Վկան պնդել է, որ Մարկոսյանին անձամբ չէր ընտրի նման գործարքի համար, և որ հողատարածքի փոխանցումը կապված էր ընկերության կնիքների, փաստաթղթերի ու մեքենաների վերադարձի շուրջ առաջացած խնդրի կարգավորման ակնկալիքի հետ։
Նիստում քննարկվել են նաև Ղարիբյանի՝ 2020 թվականին տված ցուցմունքի հանգամանքները։ Դատախազը հարցրել է՝ ինչու է նա այդ ժամանակ խոսել Աղվան Հովսեփյանի և իր հետ տեղի ունեցած դեպքերի մասին, եթե սկզբնական նյութը, ըստ դատախազի ներկայացրածի, ուղղակիորեն կապված չի եղել ոչ հեռուստաընկերության, ոչ էլ տվյալ հողատարածքի հետ։
Ղարիբյանը պատասխանել է, որ մանրամասները հստակ չի հիշում, սակայն ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը։
Հաջորդ նիստում ևս Դատարանը կշարունակի Վարշամ Ղարիբյանի հարցաքննությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։