Բանակից ամբողջովին արմատախիլ անել, վերացնել այն արատավոր երևույթները, որ կան, անհնար է, բայց վերջին շրջանում տեսնում ենք ցավալի դեպքերի ինտենսիվություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին։
Հիշեցնենք, որ ոկտեմբերի 10-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:
«Հետևաբար դրանք պետք է դառնան քննության լուրջ առարկա։ Կարծում եմ՝ բանակի կառավարման մեջ էլ լուրջ խնդիր կա՝ թե՛ հրամանատարական կազմի, թե՛ ընդհանուր քաղաքականության մասով, դրա համար պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկել՝ նման ցավալի դեպքերը մինիմալ հասցնելու։
Մենք առաջ թշնամու կողմից զոհերի մասին էինք խոսում՝ տարվա կտրվածքով ինչ-որ դեպքերի մասին, բայց ցավալիորեն վերջին տարում 2-3 տասնյակ մահվան դեպքեր ունենք բանակում։ Այստեղ լուրջ հետևություններ պետք է անել, և պատասխանատվության խնդիր պետք է առաջանա։ Պետք է կտրուկ միջոցների գնալ բանակի կառավարման, քաղաքականության և ներքին կանոնակարգի պահպանման համար»,- ասաց պատգամավորը։
Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ Շաքիի դեպքը բանակում տեղի ունեցող պրոցեսներից ամենացայտունն է, սակայն չպետք է մոռանալ նաև Ազատի զինվորական կացարանի դեպքը, որի պատճառով 15 զինծառայող մահացավ։
«Դե բնականաբար, եթե վարչապետը գոհ չլիներ Սուրեն Պապիկյանից, կհեռացներ, բայց պետք է ասի՝ գոհ եմ, որ աշխատանքից չհեռացնելը պատճառաբանված լինի։ Խնդիրն այն է, որ բանակում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ոչ միայն վարչապետի և պաշտպանության նախարարի պատասխանատվության տեսադաշտում է, այլ նաև մեր երեխաներն են այնտեղ ծառայում, և բանակը մեր անվտանգությունն է ապահովում»,- ասաց Ասլանյանը։