ԱԺ-ն քննարկում է COP17-ի անցկացման համաձայնագիրը․ ընդդիմությունը քննադատում է ծախսերը և շտապողականությունը

Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:

Ընդդիմադիր պատգամավորները խիստ քննադատում են համաձայնագիրն այսքան սեղմ ժամկետում քննարկելու և վավերացնելու որոշումը։ Նրանք նաև պնդում են, թե իշխանությունը համաժողովի կազմակերպման համար չարդարացված ծախսեր է անում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում իշխանությանը քննադատեց նաև բնապահպական «տարրական խնդիրները չլուծելու» համար և առաջարկեց. – «Ես առաջարկում եմ, որ COP17 կենսաբազմազանության համաժողովը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին», – հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն հակադարձեց ընդդիմադիրներին՝ պնդելով, որ նրանց խնդիրը ոչ թե COP17-ի կազմակերպման ծախսերն են, այլ Հայաստանի պետականությունը։

«Ձեր ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մաքսիմումը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»՝ լավագույն դեպքում»,-հայտարարեց Ալեքսանյանը՝ նկատի ունենալով հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը իր բիզնես գործունեությունը սկսել է Ռուսաստանի Կալուգայի մարզու:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հակադարձեց՝ տարակուսելով, թե ինչու է իշխանությունը ծախսերի վերաբերյալ կոնկրետ թվեր ներկայացնելու փոխարեն կրկին Կալուգայից խոսում։

«Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզում գնալ Կալուգա, տոմս առնենք՝ թռեք, տեսեք՝ ինչ կա։ Մենք հարց ենք տալիս՝ ինչքա՞ն է տվյալ միջոցառումն արժեցել պետական բյուջեի վրա», – հայտարարեց նա։

Ըստ այսօր քննարկվող համաձայնագրի՝ Հայաստանի կառավարությունը մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երևանում COP-17-ի անցկացման համար:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment