Ազգային ժողով են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների, երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներ

Շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների, երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներ։

Պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդիպել է Արմավիրի մարզի Տարոնիկի Գառնիկ Գառնիկյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների, ապա նաև «Արմես» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ։

Լոռու մարզի Լեռնանցքի Մեսրոպ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի սաների հետ զրուցել է խորհրդարանական Էդուարդ Աղաջանյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանն ու պատգամավոր Վրույր Այվազյանն ընդունել են Լոռու մարզի Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին: Լիանա Մանուկյանը և խորհրդարանական Վաղինակ Վարդանովը հանդիպել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցի անդամների հետ:

Արարատի մարզի Նորաշենի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին ընդունել է պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը:

Խորհրդարանականներ Իրինա Յոլյանը և Գառնիկ Դավթյանը հյուրընկալել են Երևանի Աշոտ Մանուկյանի անվան համար 93 միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։

Արարատի մարզի Արարատի պետական քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպել և զրուցել են պատգամավորներ Լիաննա Գասպարյանն ու Անուշ Միրզոյանը:
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին։
Հյուրերը եղել են Ազգային ժողովի գրադարանում ու թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

Leave a Comment