Թվային հարթակ, 24/7 ռեժիմով շինարարություն և բնակարանային ֆոնդի ռենովացիա. քաղաքաշինության ոլորտի նոր նախաձեռնությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Կառուցապատողների հայկական ասոցիացիան։

Եղիազար Վարդանյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտի զարգացումների և խնդիրների համատեղ քննարկումն ու բարեփոխումների օրակարգի ձևավորումը։ Ամփոփելով ոլորտային աշխատանքը՝ նա կառուցապատողներին իրազեկել է, որ պարզեցվել է հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության ընթացակարգը, իսկ բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է մասնաշենքերն առանձին-առանձին շահագործման հանձնելու հնարավորություն։

«Հասնելու ենք նրան, որ քաղաքաշինական գործընթացների ամբողջ շղթան իրականացվի թվային հարթակում՝ մի շարք փուլեր դարձնելով ինքնաշխատ, իսկ գործընթացն՝ ամբողջությամբ կանխատեսելի կառուցապատողի համար»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։

Նա անդրադարձել է նաև շինարարության տևողության կրճատման և 24/7 ռեժիմով շինարարական աշխատանքներն իրականացնելու հնարավորության ստեղծման, խոշոր տարածքների համալիր զարգացման նոր մեխանիզմի ներդրման գալիք նախաձեռնություններին։

«Կառուցապատողների համար ձեռնտու բիզնես նախագծի կարող են վերածվել Գյումրիի տնակային թաղամասերի խնդրի լուծումը և Հայաստանի բնակարանային ֆոնդի ռենովացիայի ծրագիրը։ Ուստի առիթն օգտագործելով՝ կառուցապատողներին հրավիրում եմ համագործակցության»,-հայտարարել է Եղիազար Վարդանյանը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացման առաջնահերթությունները, իրավական խթանները, կանաչ քաղաքաշինության խրախուսման, միջազգային նորարարական լուծումների ներդրման հեռնկարները։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Leave a Comment