Ռուսաստանը նախատեսվածից շուտ սկսում է վերացնել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները, իսկ մատակարարումները միջնաժամկետ հեռանկարում կարող են հասնել ամսական 3 միլիոն տոննայի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նրա փոխանցմամբ՝ Մոսկվան դրական է գնահատում ԱՄՆ-ի քայլերը՝ ուղղված համաշխարհային էներգետիկ շուկայի կայունացմանը և պատրաստ է համակարգել գործողությունները հետագա կանխատեսելիության համար։
«Ռուսաստանը պատրաստ է արդեն հոկտեմբերին ԱՄՆ շուկային, ինչպես նաև այլ գործընկերներին մատակարարել 300 000 տոննա դիզելային վառելիք։ Այս ծավալը կարող է ավելացվել մինչև 500 000 տոննա նոյեմբերին և մինչև 1 միլիոն տոննա դեկտեմբերին»,- ընդգծել է Նովակը՝ հավելելով, որ ռուսական ներքին շուկան ևս լիովին ապահովված կլինի։
Ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին առաջինը հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
«Ես հենց նոր ավարտեցի հաջող քննարկումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ մենք համաձայնեցինք, որ Ռուսաստանը անմիջապես ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և միջազգային շուկաներ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) անմիջապես ժամանակավոր ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի մուտքը համաշխարհային շուկա։
Ռուս-ամերիկյան համաձայնագրի մասին լուրերի ֆոնին Ռուսաստանի ֆոնդային շուկայում աճ է արձանագրվել։ Մոսկվայի բորսայի ինդեքսը երեկոյան առևտրի ընթացքում փորձարկել է 2400-ի մակարդակը։
Մասնավորապես, «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 9%-ով, «ԼՈՒԿՕՅԼ»-ինը՝ 6%-ով, իսկ «Գազպրոմ Նեֆտ»-ինը՝ 5%-ով։
