Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո պետությունը չի դադարել բուժել նրանց, ովքեր ապահովագրված չեն։ Նրանց համար սահմանված է բժշկական օգնության նվազագույն ծավալ, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ 19 խմբի համար՝ նաև լրացուցիչ ծառայություններ։ Մի մասն անվճար է, մի մասը՝ համավճարով։ Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային ուղեգիր, որը գործում է 30 օր։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ, որը գործում է 2025 թ. դեկտեմբերի 30-ից և փոխարինել է 2004 թվականից գործող N 318-Ն որոշմանը։
Ի՞նչ է տրվում բոլոր քաղաքացիներին՝ անկախ ապահովագրությունից
Մինչև մեկ տարեկան երեխաների բժշկական օգնությունը, մանկական սննդի տրամադրումը, մինչև 18 տարեկան երեխաների քրոնիկ վերականգնողական բուժումը, այդ թվում՝ առողջարանային, զարգացման խանգարումներով երեխաների արտահիվանդանոցային բուժումը, պալիատիվ օգնությունը, անպտղության բուժումը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներով և փոխպատվաստման ծառայությունները։
Ի՞նչ է անվճար չապահովագրված քաղաքացու համար
Հիվանդանոցային օգնության նվազագույն ծավալի մեջ են մտնում վերակենդանացումը, տուբերկուլյոզի, հոգեկան և նարկոլոգիական, ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի բուժումը, հեմոդիալիզը, ծննդօգնությունը և հղիության ախտաբանությունը, սրտամկանի սուր ինֆարկտի ստենտավորումը, սուր կաթվածի էնդովասկուլյար բուժումը, աորտայի անևրիզմայի վիրահատությունը, չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժումը, սուր վերականգնողական բուժումը, այրվածքները և հեպատիտ C-ի բուժումը։ Արտահիվանդանոցային մասով՝ առողջության առաջնային պահպանումը (պոլիկլինիկա), հղիների հսկողությունը և հետծննդյան 42 օրը, շտապ օգնությունը, իսկ հաստատված քաղցկեղի կամ տուբերկուլյոզի դեպքում՝ նաև լաբորատոր-գործիքային հետազոտությունները։ Բոլոր դեպքերում կիրառվում են Առողջապահության նախարարության հաստատած հիվանդությունների ցանկերն ու չափորոշիչները (N 2 հավելված, 3-րդ կետ)։
Ի՞նչ է համավճարով
Անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները, մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժումը, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային ու քիմիաթերապևտիկ բուժումը, սրտի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ աորտակորոնար շունտավորումը։ Համավճարի դեպքում հիվանդանոցի հետ կնքվում է պայմանագիր, որում նշվում է՝ որքանն է վճարում պետությունը, որքանը՝ պացիենտը։ Վճարումը կարող է լինել տարաժամկետ, բայց ոչ ուշ, քան դուրսգրման օրը։ Վճարելու հնարավորություն չունեցողին հիվանդանոցի տնօրենը կարող է ազատել համավճարից կամ զեղչել այն։
Ո՞վ ունի լրացուցիչ իրավունքներ
Ակտի N 1 հավելվածը սահմանում է 19 խումբ, որոնց հասանելի են նաև լրացուցիչ ծառայություններ՝ քրոնիկ հիվանդությունների կյանքին սպառնացող սրացումների հիվանդանոցային բուժում, վիրահատություններ, առանձին խմբերի համար՝ վերականգնողական և ստոմատոլոգիական օգնություն։ Խմբերի մեջ են հղի և հետծննդյան շրջանում գտնվող կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, զինծառայողների և զոհվածների ընտանիքների անդամները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, ընտանեկան բռնության ենթարկվածները, ինչպես նաև անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքների անդամները (19-րդ ենթակետ)։ Վերջիններիս, հաշմանդամության 1-ին խումբ ունեցողների և տեղահանվածների համար նախատեսված է նաև ատամի հեռացում, կարիեսի, պուլպիտի և պերիօդոնտիտի բուժում։ Անապահով ընտանիքի անդամ ճանաչվելու պայմանների մասին կարդացեք այս նյութում։
Ինչպե՞ս օգտվել
Օգնությունը տրվում է էլեկտրոնային ուղեգրով, որը տալիս է պոլիկլինիկան կամ ակտում նշված այլ մարմին։ Ուղեգիրն ուժի մեջ է 30 օր։ Հիվանդանոցն ուղեգիրն ընդունում է անձը հաստատող փաստաթղթով և կամ անմիջապես բուժում է, կամ հերթագրում։ Հերթագրման ենթակա չեն անհետաձգելի օգնությունը, ծննդօգնությունը, չարորակ հիվանդությունների բուժումը, դիալիզը, հոգեկան հիվանդների բուժումը և զորակոչիկների փորձաքննությունը։ Հերթից դուրս բուժումը վճարովի է։
Ամփոփելով՝ չապահովագրված քաղաքացուն պետությունն անվճար տրամադրում է բժշկական օգնության նվազագույն ծավալը՝ վերակենդանացումից մինչև ծննդօգնություն և քաղցկեղի վիրահատություն, համավճարով՝ անհետաձգելի օգնությունը, քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը, իսկ 19 խմբի, այդ թվում՝ անապահով ընտանիքների անդամների համար նախատեսված են լրացուցիչ ծառայություններ, որոնցից օգտվում են 30 օր գործող էլեկտրոնային ուղեգրով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Անապահովության նպաստի հաշվարկի մասին կարդացեք այս նյութում։ Հուլիսի 1-ի փոփոխությունների մասին կարդացեք այս նյութում։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։