
Մայր աթոռը «վճռական անհամաձայնություն» է հայտնել ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։
Այսօր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողովում ընդունված հայտարարության մեջ ժողովականները շեշտել են, որ «հերթական անգամ ոտնահարում է կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքները, որով լրջորեն կասկածի տակ է դրվում երկրում օրենքի գերակայությունը»։
Հայտարարության հեղինակները նշում են, որ «իշխող քաղաքական ուժը ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշումներով և եկեղեցական գործունեության արհեստական խոչընդոտմամբ փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը»։
Ժողովականները խորհրդարանական մեծամասնությանը կոչ են արել «դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում»։
« Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որևէ կերպ արդարացված չեն Եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը»,- ասված է հայտարարության մեջ։
Տես նաեւ՝ Հայոց եկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման Եղոյանը