Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում նաև ԱՊՀ շրջանակում գործակցության համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը։ Նույն գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանն էլ 2029-ին կստանձնի այդ գործառույթը։ Փաշինյանի և Լուկաշենկոյի հարաբերություններն ավելի վաղ լարվել էին Հայաստանի հասցեին Բելառուսի նախագահի հնչեցրած որոշ անբարեհունչ հայտարարությունների պատճառով։
Աջից՝ Լուկաշենկոն, ձախից՝ Ալիևը, և հակառակը։ Այդպես էր թե՛ մշակութային միջոցառման ժամանակ՝ սեղանի շուրջ, թե՛ պաշտոնական լուսանկարահանման ընթացքում։ Մասնակիցների դասավորությունը սեղանների շուրջ, ի դեպ, որոշվում է մասնակից երկրների անունների այբբենական հաջորդականությամբ։ Երկու դեպքում էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ակտիվ ու ջերմորեն զրուցում էր Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հետ։ Գագաթնաժողովի ոչ պաշտոնական հատվածում կարճատև շփում են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները։
ԱՊՀ գագաթնաժողովի հարթակը դիվանագիտական այլ շփումների առիթ էլ էր։ Տեսախցիկները որսացել են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման պահը։ ԱՊՀ գագաթնաժողովին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ընկերական ջերմությամբ։

Լրատվամիջոցների կադրերում հայտնված կարճ զրույցը ցույց է տալիս երկու ղեկավարների անմիջական շփումը, թեև զրույցի բովանդակությունը հայտնի չէ։ Վերջին շրջանում կողմերի օրակարգում առանձնահատուկ տեղ ունեն TRIPP ծրագրին առնչվող հարցերը։ Փաշինյանն ու Փեզեշքիանը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանի՝ TRIPP-ին առնչվող մտահոգությունները մեղմվում են հայկական կողմի հետ շփումների արդյունքում։ Նախարարն այս մասին խոսել է Թեհրանում ունեցած հանդիպումից և իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո։ Հոկտեմբերի 5-ին նրան ընդունել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, իսկ հոկտեմբերի 8-ին նա հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։
«Իրանում, իմ տպավորությամբ և իմ լսածից ելնելով ասում եմ, որ բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերագործարկումը ընձեռելու է հենց Իրանին և իրանցի գործարարներին, Իրանի տնտեսությանը։ Մեր աշխատանքները սրա շուրջ Իրանի հետ շարունակական են, և կարող եմ իսկապես ասել՝ երկու կողմի համար էլ բավարարվածության զգացումով»։
TRIPP ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման օրակարգի հարցերից էին։
Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր Եվրասիայում տրանսպորտային նոր հանգույցներ ստեղծելու, հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապելու անհրաժեշտության մասին, Հայաստանի վարչապետը TRIPP ծրագրի օրինակով ներկայացրեց դրա հնարավոր օգուտները ԱՊՀ երկրների համար։
Հայաստանի վարչապետը ներկայացրել է TRIPP նախագծին առնչվող առաջիկա անելիքները, որոնց միջոցով ակնկալվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնումը՝ ձեռնտու տարածաշրջանի բոլոր պետություններին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին ։ Ծրագիրը նաև նոր միջազգային լոգիստիկ կապերի հնարավորություն կստեղծի՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք։ Դրանց թվում է Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության հնարավորությունը՝ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով։
ԱՊՀ գագաթնաժողովում TRIPP-ի մասին խոսել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա առաջարկել է քննարկել Թրամփի ուղին Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն՝ Միջին միջանցքին ինտեգրելու հնարավորությունը՝ Կենտրոնական Ասիա–Ադրբեջան գործակցության շրջանակում։
Տոկաևը վկայակոչել է Համաշխարհային բանկի գնահատականները, որոնց համաձայն՝ ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչման դեպքում Կասպից ծովով բեռնափոխադրումները մինչև 2040 թվականը կարող են քառապատկվել։
ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ուշագրավ դրվագներից էին նաև Հայաստանի վարչապետի հնչեցրած ազդակները։ Խոսելով Թրամփի ուղու և ԱՄՆ նախագահի միջնորդությամբ հաստատված խաղաղության հեռանկարների մասին՝ Փաշինյանը միաժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի ջանքերը՝ պատերազմից հետո հրադադար հաստատելու հարցում։
Վարչապետը նաև հիշատակել է ԱՊՀ կազմավորման 35-ամյակը և կառույցի կայացման գործում Ալմա-Աթայի հռչակագրի կարևորությունը։ Նա այդ փաստաթղթի նշանակությունն ընդգծել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։ Փաշինյանը մեջբերել է հռչակագրի դրույթները՝ շեշտադրելով նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների ճանաչման և հարգման սկզբունքը, որը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար։
Հայաստանյան ընդդիմությունն այս շփումներին քննադատաբար է նայում՝ առանձնացնելով, մասնավորապես, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի շփման դրվագները։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի առնչությամբ՝ դիտարկում անելով, թե Փաշինյանը, մեջբերում, «ծիծաղում էր Ալիևի հետ, երբ Եվրոպան պահանջում էր ազատ արձակել հայ գերիներին»։ Մինչդեռ ԱՊՀ գագաթնաժողովում Փաշինյանն անդրադարձել է նաև չլուծված հումանիտար հարցերին։
Խաղաղությանն ուղղված քայլերով հանդերձ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չլուծված խնդիրներ կան։ Փաշինյանն ընդգծել է անհետ կորածների ճակատագիրը պարզելու, ականազերծման և կալանավորված անձանց խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ նա շեշտել է, որ ձեռք բերված խաղաղությունը պահպանելու համար անհրաժեշտ է ամեն օր աշխատել․ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտության հետևանքները հնարավոր չէ հաղթահարել մեկ քայլով։