Գիտության ֆինանսավորումը ազգային անվտանգության ու պետության լինել-չլինելու խնդիր է. Արմեն Այվազյան

Ս. թ. հունվարի 29-ին Կառավարությունը մեծ շուքով ընդունեց Գիտության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարությունը, թե իբր՝ 2027 թվականին գիտությանը ևս 20 միլիարդ դրամ ենք տալու։ Բայց դե, խոստանալը ձրի է. 2027-ի բյուջեի նախագծում 2026-ի համեմատ ընդամենը… 1.5 միլիարդ դրամի աճ են դրել։

Այսինքն՝ խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսը։ Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում։ Բյուջեի նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված տարբեր կարևոր ծրագրեր, փաստացի սառեցված են հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների ու նոր գիտական սարքավորումների ֆինանսավորումները։

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը, օրինակ, հարևան Վրաստանում։

Պաշտոնական թվերը հստակ ցույց են տալիս՝ Վրաստանում գիտահետազոտական ծախսերը երկու տարում աճել են շուրջ 42%-ով (2023-ին՝ 18.7%, 2024-ին՝ 19.7%)։ Գիտության ոլորտում աշխատողների թիվն էլ է ավելանում, իսկ 2026 թ. բյուջեով նախատեսվում է շարունակել գիտության ֆինանսավորման աճը, արդիականացնել գիտական ենթակառուցվածքները, ընդլայնել դրամաշնորհային ծրագրերն ու աջակցել երիտասարդ գիտնականներին։

Պատկերը պարզ է ու տխուր. մինչ մեր անմիջական հարևանը թռիչքային քայլեր է անում՝ իր ապագայի մեջ գումար ներդնելով, ՀՀ գործող կառավարությունը հրաժարվում է կատարել իր իսկ ռազմավարությամբ ստանձնած պարտավորությունները։

Գիտության փողերը կտրելը սովորական թեմա չէ, որի մասին կարելի է հենց այնպես խոսել ու անցնել։ Սա ուղիղ հարված է մեր երկրի թիկունքին։ Հետևանքները կանխատեսելի են և կարող են շատ ծանր լինել.

Ուղեղների արտահոսքը – երիտասարդ գիտնականները, ինչպես եղել է վերջին երեք տասնամյակներում, թողնելու-հեռանալու են գիտությունից էլ, երկրից էլ։

Գիտության ծերացումը և կազմաքանդումը – լաբորատորիաները մնալու են հին սարքերի հույսին, ուժեղ գիտական թիմերը կազմալուծվելու են։

Տեխնոլոգիական կախվածությունը – առանց գիտության ո՛չ մրցունակ տնտեսություն կունենանք, ո՛չ էլ ուժեղ բանակ, այլ է՛լ ավելի կախված կլինենք օտարներից։

Գիտության ֆինանսավորումը ազգային անվտանգության ու պետության լինել-չլինելու խնդիր է։ Այս քայլով փաշինյանական խունտան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի ապագան իրեն բոլորովին չի մտահոգում։

Էհ…

Արմեն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

Leave a Comment