Բնակարանների վերանորոգման եւ վերաձեւավորման հարցերով զբաղվող ամերիկյան հայտնի «Մասկո կորպորացիան» (NYSE: MAS) տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին, 90 տարեկանում վախճանվել է ընկերության պատվո նախագահ Ռիչարդ Մանուկյանը` արժանավոր որդին Ազգային բարերարներ Ալեք եւ Մարի Մանուկյանների:
Զմյուռնիայում (Իզմիր) ծնված եւ 1920-ին Մ. Նահանգներ տեղափոխված ճանաչված արդյունաբերող, մասնագիտությամբ ինժեներ Ալեք Մանուկյանը հիմնադիրն էր «Մասկո կորպորացիայի» եւ հեղինակը շուկա հանված մեկ բռնակով Delta ծորակի, որն այսօր առաջատար բրենդ է բնակարանային պայմանների բարելավման ասպարեզում: Ռիչարդը «Մասկոյին» էր միացել 1958-ին եւ առաջնորդի իր եզակի ունակություններով 1964-ին ընդգրկվել էր ընկերության վարչական խորհրդի կազմում, իսկ 1968-ին դարձել նախագահ եւ գլխավոր կառավարիչ:
Քսանհինգամյա երիտասարդը կարողացավ խիզախ ծրագրերի միջոցով զարգացնել եւ ընդլայնել ընկերության գործունեությունը:
1960-80 թվականներին նրա ղեկավարությամբ «Մասկոն» ձեռք բերեց բնակարանային բարենորոգման եւ ձեւավորման բնագավառների ավելի քան 100 ընկերություններ: 1985-ին նշանակվեց վարչության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն: 2007-ին, հիսուն տարի անց, նա հրաժարվեց այդ պաշտոնից եւ մնաց ընկերությունում որպես գործադիր նախագահ: «Մասկոյին» միանալու պահին ընկերության ապրանքների վաճառքից գոյացած գումարը կազմում էր 55 միլիոն դոլար, իսկ 2007-ին` այդ թիվը ավելի քան 8 միլիարդ էր:
2018-ին նրան շնորհվեց պատվավոր նախագահի կոչումը:
Հիսուն տարիների նրա ներդրումները ընկերությունում պարզապես անգնահատելի են: Նա «Մասկոյի» ընդարձակման եւ ամենատարբեր պայմաններում արդյունաբերության, արտադրանքի ծավալների բազմապատկման գլխավոր ճարտարապետն էր, որ «Մասկոն» դարձրեց շինարարական աշխատանքներին անհրաժեշտ բրենդային ապրանքների առաջնակարգ ընկերություն:
«Բառերն անզոր են նկարագրելու նրա ձեռքբերումները: Նա հաջողակ կյանք վարեց, լինելով, բացի իր դերակատարությունից «Մասկոյում», ճանաչված բարերար, արվեստի գործերի գիտակ եւ հավաքորդ, ինչպես նաեւ հասարակական գործիչ: Նրա նվիրվածությունը գործին հիանալի օրինակ է եւ ամենայն հարգանքի արժանի բոլորի համար», նշել է այս տխուր առթիվ «Մասկոյի» ներկա նախագահ Ջոն Նուդին:
Իր հիշատակը հավերժացնելու նպատակով նա պիտի ցանկանար, որ ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություններ կատարվեն ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանին, Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուն, Մաքինաք (Մաքենո) կղզու համայնքային հիմնադրամին (ԱՄՆ, Միչիգան նահանգի Հուրոն լճում) եւ մասնավորապես «Բաց տարածքների պահպանման եւ պաշտպանության Ռիչարդ եւ Ջեյն Մանուկյան հիմնադրամին»:
«Պայքար»