ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ – Վենսան Բագյանը (ծնյալ Փամբագյան, ծն. 1962, Սեն-Ուեն) հայազգի ֆրանսիացի երգիչ, երգահան եւ գրող է: Իր մասնագիտական կյանքը սկսել է 18 տարեկանից, գովազդային գործակալությունում, մասնավորապես աշխատել նշանավոր երգիչ Սերժ Գենսբուրի ալբոմների գովազդի վրա: Միաժամանակ զբաղվել է իր երաժշտական կարիերայով՝ 1991-ին թողարկելով իր առաջին՝ «Տխրություն» ալբոմը, որին հաջորդել են «Ոչ վատ» (1996) եւ ճանաչում ստացած «Իմ երգերը» (2000) եւ «Այս երեկոյան ես եմ խաղում աղջկա դերը» ալբոմները: Բագյանը սերտորեն համագործակցել է երգչուհի Զազիի հետ՝ նրա հետ կատարելով զուգերգեր եւ մասնակցելով «Կրկեսի հրապարակ» երաժշտական հեքիաթին: Որպես երգահան նրա տաղանդը դրսեւորվել է նաեւ Անգունի, Ֆլորան Պանյիի, Մարժոլեն Պիեմոնի եւ այլ կատարողների համար գրված ստեղծագործություններում, ինչպես նաեւ ֆրանսիական երաժշտախաղերում՝ «Մոցարտ՝ Ռոք օպերա, 1789», «Բաստիլի սիրահարները», «Միստենգետ՝ մռնչացող քսանականների թագուհին», «Արթուր թագավորի լեգենդը» եւ «Կարմիրը եւ սեւը»: Հեղինակ է «Էմիլ Տիտան. Սալիկորնի գործողությունը» (2020) եւ «Էմիլ Տիտան. Տասը օր Փարիզը փրկելու համար» (2023) մանկապատանեկան վեպերի (համահեղինակ՝ Բատիստ Վինյոլ) եւ «Ով երբեք չի սպանել, թող առաջին քարը նետի ինձ վրա» վեպի (2023):
–Վենսա՛ն, ձեր մասին առաջին անգամ 2018 թվականին լսել եմ երգահան Առլետ Քոչունյանից եւ այդ տարվանից հետեւում եմ ձեր ստեղծագործական գործունեությանը: Ինչպե՞ս անցում կատարեցիք գովազդից երաժշտություն:
-Ես գովազդի ոլորտում աշխատում էի նախ եւ առաջ ապրուստ վաստակելու համար, բայց դա իմ կիրքը չէր. ես ուզում էի երգիչ դառնալ: Այդուհանդերձ, գովազդելու ոլորտում շատ բան սովորեցի՝ ստեղծելով ավելի քան 120 գովազդային հոլովակներ, որոնք նկարահանել են այնպիսի հայտնի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Պատրիս Լըկոնտը, Միշել Բլանը, Ժան-Մարի Պուարեն, Էթյեն Շատիյեն եւ ուրիշներ: Ես նաեւ շատ ժամանակ էի անցկացնում ստուդիայում՝ գովազդների համար երաժշտություն ստեղծելով կամ ռադիոգովազդներ ձայնագրելով, եւ այդ փորձառությունն ինձ շարունակում էր մոտ պահել իմ իսկական կրքին: Այնուհետեւ ինձ հրավիրեցին գովազդային արշավներ ստեղծելու այնպիսի խոշոր երաժիշտների համար, ինչպիսիք են Սերժ Գենսբուրը, Բիլի Այդոլը, Կալոժերոն եւ ուրիշներ: Դրա շնորհիվ ես կապ հաստատեցի ձայնագրման ընկերությունների հետ եւ պատկերացում կազմեցի այն մասին, թե ինչպես է աշխատում երաժշտական արդյունաբերությունը: Մասնակցեցի ֆրանսիացի հայտնի երգիչ Ֆրանսիս Կաբրելի կազմակերպած վերապատրաստման ծրագրին եւ ընտրվեցի: Այնուհետեւ Ֆրանսիս Կաբրելն ու պրոդյուսեր Ռիշար Սեֆը որոշեցին ինձ պայմանագիր առաջարկել իրենց ֆիրմայում: Որոշ ժամանակ շարունակում էի աշխատել գովազդում՝ միաժամանակ հանդես գալով բեմում, բայց երբ ինձ սկսեցին առաջարկել գրել մյուզիքլների համար, որոնք մեծ հաջողություն ունեցան, արդեն կարողացա ամբողջությամբ թողնել գովազդի աշխարհը:
–Ձեր երգերը հայտնի են իրենց բանաստեղծականությամբ, հեգնանքով, հումորով եւ հատկապես բառախաղերով: Ի՞նչն է ձեզ ամենից շատ գրավում բառերի հետ խաղալու մեջ, եւ ինչպե՞ս եք երգի մեջ հավասարակշռություն գտնում հումորի ու ավելի խոր զգացմունքների միջեւ:
-Ամեն ինչ սկսվեց կրկնակի խնդրից: Նախ՝ ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ քիչ ուշադրություն էր դարձվում երեխայի զգացմունքներին: Դպրոցում լավ սովորելը գլխավոր առաջնահերթությունն էր: Այդ պատճառով տասներկու տարեկանում սկսեցի երգեր գրել, որ կարողանամ լսելի դարձնել իմ ձայնը: Սովորեցի երգերիս մեջ ասել այն, ինչ իսկապես մտածում եմ, եւ գուցե հենց դա էլ հուզում է մարդկանց՝ այդ խորը կապն այն մարդու հետ, որպիսին ես իրականում եմ: Երկրորդ խնդիրն այն է, որ ես դիսլեքսիա ունեմ: Իմ մտքում ես բառերը բաժանում եմ մասերի եւ խառնում արտահայտությունները, այստեղից էլ՝ բառախաղերը: Եվ, անկասկած, այստեղ նաեւ հայ մշակույթի ազդեցությունը կա: Մենք չենք բողոքում. հումորը քաղաքավարության ձեւ է, միջոց՝ զրուցակցին լուրջ խնդիրներով չծանրաբեռնելու համար:
–Դուք երգեր եք գրել այլ երգիչների մեծակտավ մյուզիքլների համար: Ինչպե՞ս է փոխվում ձեր մոտեցումը, երբ գրում եք մեկ այլ կատարողի կամ բեմի համար, եւ ոչ թե ինքներդ ձեզ համար:
-Կարծում եմ՝ իրականում զարմանալիորեն երբեք ուրիշների համար չենք գրում: Մենք չգիտենք, թե նրանք խորքում ինչ են մտածում: Նույնը վերաբերում է կերպարներին: Կարծում եմ՝ եթե անկեղծ եք, եթե զգացմունքը փոխանցում եք իսկական հուզականությամբ, դառնում եք համամարդկային: Եվ ցանկացած մարդ կարող է երգը դարձնել իրենը՝ լինի տղամարդ, թե կին, երիտասարդ, թե տարեց: Կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ այս մյուզիքլների երգերն այդքան լավ են ընդունվում տարբեր մշակույթներում, օրինակ՝ Չինաստանում, Կորեայում եւ Ճապոնիայում:

–Ի՞նչ թեմաներ են հետաքրքրում երգահան Վենսան Բագյանին:
-Բոլոր թեմաները՝ ամենապարզ ու բանաստեղծականից մինչեւ ամենաբարդն ու համարձակը: Ժորժ Բրասենսն իմ երգարվեստի ուսուցիչն է եղել: Նա ապացուցեց, որ կարելի է երգել ամեն ինչի մասին, եթե դա արվում է անհրաժեշտ անկաշկանդությամբ, նրբագեղությամբ եւ, հնարավորության դեպքում, տաղանդով:
–Որտեղի՞ց է սերում Փամբագյանների ընտանիքը:
-Ես շատ քիչ բան գիտեմ իմ ընտանիքի մասին: Գիտեմ, որ Մուշից են եկել: Գիտեմ, որ տատիկս ու պապիկս, ամենայն հավանականությամբ, փախել են Հելեն Սեգարայի տատիկի ու պապիկի հետ միասին:
Իսկ երբ գնացի Հայաստան, խորապես հուզվեցի, երբ անցա իմ ազգանունը կրող մի գյուղի՝ Փամբակի մոտով: Ֆրանսիայում նման բան չէր կարող պատահել ինձ հետ:
–Հարցազրույցներից մեկում դուք ասել եք. «Ես միշտ զգացել եմ արդյունավետ լինելու պարտավորություն, որովհետեւ հայ եմ եւ, այդ պատճառով, ներկայացնում եմ մի համայնք»: Ի՞նչ նշանակություն ուներ հայկական ծագումը ձեզ համար մանկության տարիներին, եւ այսօ՞ր ինչ տեղ ունի ձեր ստեղծագործական ինքնության մեջ: Գիտեմ, որ Դայան Մինասյանի հետ երգել եք հայկական «Հինգալա» երգը, ինչպես նաեւ, եթե չեմ սխալվում, մեկ այլ երգ՝ Մարինե Գյուլումյանի հետ:
-Երբ երիտասարդ էի, ինձ տարբեր մարդ էի զգում, մեծ մասամբ, կարծում եմ, դիսլեքսիայի պատճառով: Իմ գլխավոր մտահոգությունը հասարակության մեջ տեղավորվելն ու կյանքում հաջողության հասնելն էր՝ չնայած դժվարությանը: Ուստի հայ լինելը եւս մի լրացուցիչ հանգամանք էր, որից պարզապես չափազանց դժվար էր գլուխ հանել: Բայց երբ ամեն ինչ սկսեց լավ ընթանալ, իմ արմատները կրկին ի հայտ եկան: Այժմ, երբ ինձ դիմում են Հայկական հարցին աջակցելու համար, ես միշտ փորձում եմ իմ մասնակցությունն ունենալ: Ես այլեւս չեմ կրում այն բեռը, որը զգում էր դասարանի վերջին նստարանին նստած այն երեխան, որն իրեն մի փոքր հիմար էր զգում. դպրոցը պարզապես չկարողացավ ճանաչել մտածելու եւ ընկալելու իմ յուրահատուկ ձեւը: Իմ ուղին վերականգնեց ինքնավստահությունս, եւ այժմ կարող եմ կապ հաստատել իմ նախնիներից եկող զգացմունքների հետ: Ես դեռ խորապես հուզվում եմ, երբ երգում կամ աշխատում եմ հայ կանանց՝ Դայան Մինասյանի կամ Մարինե Գյուլումյանի հետ, ինչպես նաեւ երբ հայկական կերակուր եմ ուտում կամ լսում եմ հայերեն խոսքը:
–Դուք եղել եք Հայաստանում, սակայն համերգներով հանդես չեք եկել: Ծրագրո՞ւմ եք արդյոք գալ Հայաստան որեւէ գեղարվեստական ծրագրով:
-Հայաստանում եղել եմ չորս անգամ: Երբեք չեմ երգել այնտեղ: Մի անգամ Մարինե Գյուլումյանի հետ հանդես եմ եկել հեռուստատեսությամբ: Եվ` վերջ: Բայց եթե հրավիրեք ինձ երգելու Հայաստանում, եւ միջոցառումը լավ կազմակերպված լինի, ես կգամ սիրով եւ առանց վարձատրվելու ակնկալիքի՝ աջակցելու հայ ժողովրդին օգուտ բերող որեւէ նախաձեռնության: Օրինակ՝ օժանդակելու զինվորներին եւ պատերազմից տուժած ընտանիքներին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ